«Եթե նիտրիտը սահմանված քաշից ավելի եղավ, մարդ ուտի՝ տեղում վարի կգնա». Երշիկ արտադրող ընկերության տնօրենը՝ խախտումների մասին
«Լումա» մսամթերքի արտադրական ձեռնարկության տնօրեն Սևակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ երշիկեղենի շուկայում բացահայտած խախտումների մասին, ասաց, որ «Լումա» մսամթերքի արտադրական ձեռնարկության երշիկեղենի երկու ապրանքատեսակի հետ է հայտնաբերվել խնդիր, սակայն այդ խնդիրը շատ հարաբերական է:
«Մի ապրանքատեսակի հետ կապված սննդային հավելումների ցանկը փակցված է եղել պիտակի վրա: Ես այդ տեղեկատվությունը տվել եմ հանձնաժողով, հանձնաժողովը չգիտեմ ինչու է դա անտեսել, և դա էլ օրենքի խախտումն է: Այն, ինչը պահանջվում է սննդամթերքի անվտանգության օրենսդրությամբ, այն բոլոր բաները, որ պետք է լինեն պիտակի վրա, այդ ամբողջ տեղեկատվությունը կա: Իրենք վարչական վարույթի ժամանակ մեզ ասել էին, որ՝ ձեր մասով ձեր ընկերությունը գրել է, որ սննդային հավելումները բացած չեն, ինչո՞ւ բացած չեք տվել սննդային հավելումները:
Մենք էլ պարզաբանել ենք՝ մենք ինչ ձևով աշխատում ենք, դա է նախատեսված նաև տեխնիկական կանոնակարգով, ես նման խնդիր չունեմ, այսինքն՝ լրիվ խփած է եղել: Իրանք էլ են դա որպես փաստ ընդունել, բայց անցել է: Մյուս մասը, որը կապված էր եփած երշիկի հետ, մակնշումը պիտակի վրա նշված է եղել: Այդ երշիկների օրինակները վարչական վարույթի շրջանակներում ներկայացվել է հանձնաժողով:
Այդքանից հետո մենք ինչո՞ւ ենք հայտնվել այդ ցանկում: Ուրիշ հարցեր՝ կապված վարչական վարույթի հետ, մեզ որևէ ձևով չի տրվել: Տեղեկատվությունը հանձնաժողովն ուզել է 2011-ի համար: Եթե ես միտում ունենայի իրեն խաբելու, ես կարող էի իրեն ուղարկել այն պիտակը, որը հիմա օգտագործվում է, և որի վրա որևէ ձևով խախտում չի երևում: Բայց քանի որ իրենք 2011-ի տեղեկատվություն են ուզել, ես տվել եմ այն տեղեկատվությունը, որն օգտագործվել է այդ ժամանակ»,- ասաց Սևակ Դավթյանը:
Տնտեսական մրցակցության հանձնաժողովի տվյալներով՝ երշիկի արտադրության մեջ օգտագործվում է մեծաքանակ սպիտակաձավար, նիտրիտներ և այլ հավելումներ: Ըստ Սևակ Դավթյանի՝ կոնկրետ նիտրիտներն իրենց արտադրած երշիկի բաղադրության մեջ չեն կարող մեծաքանակ լինել. «Եթե նիտրիտը սահմանված քաշից ավելի եղավ, մարդ ուտի՝ տեղում վարի կգնա: Նման բաներ կան: Իմ ապրանքատեսակի վրա նիտրիտն էլ է նշված»:
ՏՄՊՊՀ տվյալների համաձայն՝ երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը: Ըստ «Լումա» ձեռնարկության տնօրեն Սևակ Դավթյանի՝ ձեռնարկությունում նման խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել էր երշիկ արտադրող 21 կազմակերպությունների ցանկը: Ըստ ՏՄՊՊՀ-ի` երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը: Երշիկի արտադրության մեջ օգտագործվում է մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները, ըստ ՏՄՊՊՀ-ի, տեղյակ չեն: