Բաժիններ՝

Առողջապահություն. արդյունքներ և գնահատականներ

Հայաստանի անկախացման շրջանում շատ ոլորտներ, այդ թվում` առողջապահության ոլորտը, արտակարգ պայմաններում էր աշխատում` հայտնի և զորեղ պատճառներով. ընթանում էր Արցախյան ազատամարտը, պետք էր հաղթահարել երկրաշարժի հետևանքները, գոյատևել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում: Բնակչության կենսագործունեությունն ապահովելու համար հարկավոր էր կենտրոնացնել բոլոր ուժերը:

– Մենք ստիպված, ինչպես ասում են, մեր յուղի մեջ սկսեցինք տապակվել: Նոր օրենսդրություն, նոր տնտեսական քաղաքականություն, նոր մոտեցումներ: Երկրաշարժի հետևանքները` մի կողմից, մյուս կողմից` պատերազմի մղձավանջը… այս ամենից դուրս գալու համար հարկավոր էր հավաքվել մինչև վերջին ներվը, մինչև վերջին մկանաթելը: Այդ ժամանակ մեր համակարգն այն եզակի կառույցներից մեկը եղավ, որը դիմացավ, աշխատեց մինչև վերջ,- հիշում է առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, որը երկար տարիներ ոլորտում է և անձամբ` ինչպես աղետի գոտում, այնպես էլ պատերազմի դաշտում, տուժածներին ու վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերել: Առողջապահության ոլորտը վերապրեցնելու, ապա նաև` զարգացնելու անհերքելի գործոնը, ըստ նրա, բուժաշխատողների հայրենասիրությունն էր:
Զինադադարի հաստատումից հետո` 1995 թվականից, սկսվեց բարեփոխումների գործընթացը:

Առաջին խոշոր ծրագիրն ուներ 2 հիմնական ուղղություն. առողջության առաջնային պահպանման ոլորտի բարեփոխումներ և առողջապահության ֆինանսավորման համակարգի բարեփոխումներ: Առողջապահության համակարգում ներդրվեցին նոր ինստիտուտներ, միաժամանակ կիրառվեց օպտիմալացման գործընթացը, գոյացած ֆինանսներն ուղղվեցին ոլորտի զարգացմանը: Բազմաթիվ կադրեր վերապատրաստվեցին դրսում, ապա իրենց գիտելիքներն ու ներուժը ծառայեցրին սեփական երկրին:

Պետությունը պաշտոնապես ամրագրեց իր պարտավորությունները` քաղաքացիների բուժօգնության տրամադրման գործընթացում: Սահմանազատվեցին բնակչության խմբերն ու բուժօգնության տեսակները, սրանց համադրությամբ ձևավորվեց հիմնական ծառայությունների փաթեթը, որն այլ կերպ անվանում են պետպատվերի փաթեթ: Բնակչության բուժօգնության մատչելիությունն ապահովելու ուղղությամբ իրականացվեցին այլ ծրագրեր ևս: Առանձնացնելով առավել կարևորները` ՀՀ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը փաստում է նաև արդյունքների մասին.

– Վերջին տարիներին իրականացրել ենք մի շարք ուղղություններով բարեփոխումներ, որոնք թույլ են տվել ավելի բարձրացնել բուժօգնության մատչելիությունը` բնակչության համար: Դրանք են` ծննդի ոլորտը, երեխաների բուժօգնության ոլորտը: Ինչպես գիտեք` այս երկու ոլորտներում ներդրվել է հավաստագրի համակարգը: Ունենք դրական արդյունքներ. զգալիորեն կրճատվել են ստվերայնությունը, բողոքները` կապված ոչ պաշտոնական վճարումների գանձման հետ: Հավելյալ միջոցներ են ուղղվել առողջապահության ոլորտ, բուժհիմնարկներում բարձրացել է աշխատավարձը:

Բժիշկների աշխատավարձի շուրջ կրկնակի աճ է գրանցվել: Կարևոր էր նաև համավճարի ներդրումը: Սրանով փորձում ենք օրինական դաշտ բերել և պաշտոնապես հաշվառել ծախսերը, որոնք հիվանդներն անում էին և շարունակում են անել սեփական գրպանից:

Առողջապահության կազմակերպման և համակարգի կառավարման արդյունավետ մոդելի ձևավորման համար իրականացվեց նաև օրենսդրական գործունեություն. մշակվեցին և ընդունվեցին օրենքներ, իրավական ակտեր, ծրագրեր ու հայեցակարգեր: Դրանք պիտի նպաստեին առողջապահության ոլորտի ռազմավարության իրագործմանը` կարճ և հեռահար ժամկետներում: Օրենսդրական բազայի կատարելագործումը շարունակվում է: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը կարևորում է հատկապես «Առողջապահության», «Դեղերի մասին» օրենքների թարմացման գործընթացը.

– Այսօր բժիշկը, բուժաշխատողը պաշտպանված չէ: Դուք տեսնում եք բազմաթիվ դեպքեր, երբ հարկավոր է մեկը, ով կպաշտպանի բժշկի կամ բուժաշխատողի շահերը: Սա լուրջ խնդիր է: «Առողջապահության մասին» նոր օրենքում այս հարցի լուծումը ներառել ենք: «Դեղերի մասին» օրենքով ջանում ենք անել ամեն ինչ, որպեսզի գնումները կատարվեն հնարավորինս ձեռնտու պայմաններով` պետության համար, և սպառողը, հիվանդը ստանա կասկած չառաջացնող և հնարավորինս էժան դեղորայք,- ասում է Հայկ Դարբինյանը և վստահեցնում, որ օրենսդրական դաշտի լավացմամբ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ աստիճանաբար կլուծվեն:

Առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներից է նաև մարզերի բուժհաստատություններում մասնագիտական կադրերի պակասը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվել. նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ԵՊԲՀ-ի շրջանավարտների հետ, որոնցից 30-ը ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել Հայաստանի մարզերում:

Բացի դրանից, Երևանից մասնագետներ են գործուղվել մարզեր, մայրաքաղաքի խոշոր բուժհիմնարկները կցվել են որոշ մարզերի բուժհիմնարկների, իսկ ծննդօգնության կազմակերպման, առավել բարդ դեպքերում մասնագիտական օգնություն ապահովելու համար մարզային բուժհաստատությունները կցվել են Երևանի խոշոր ծննդատներին:
Մասնագետների փոխգործակցության միջոցով մարզերում բուժօգնության կարգավորումը համաչափ զարգացման ծրագրի մի մասն է միայն: Հաջորդ քայլը մարզերի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ֆինանսավորման մեխանիզմներին է առնչվում:

Մինչ այս ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում: 2013-ի պետբյուջեով պետպատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը հօգուտ մարզերի է, համապատասխանաբար` 60-40: Մարզերում 10 տոկոսով ավելանալու է նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը, իսկ օգոստոսի 1-ից 10.000 դրամով ավելացել է մարզային բուժկենտրոններին մեկ ծննդի համար հատկացվող գումարը:

Առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակվում են: Դրանք առնչվում են ինչպես բնակչությանը տրվող բուժօգնության որակի բարելավմանը, այնպես էլ բուժաշխատողին հուզող խնդիրների լուծմանը, ընդհանուր առմամբ` համակարգի կառավարելիության բարձրացմանը:

– Ես լցված եմ հավատով, որ այն տեմպերը, որոնցով առաջ ենք գնում, կբերեն ցանկալի արդյունք` մոտակա մի քանի տարիների ընթացքում,- այսպիսի գնահատական է տալիս անկախությունից հետո ոլորտում իրականացված ծրագրերին Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը և ամփոփում,- Պատկերացրեք , ամեն ինչ համարյա թե զրոյից ստեղծվեց, հեշտ չէր: Կան երկրներ, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն, բայց նույն առողջապահության ոլորտում չկա այն մակարդակը, որպեսզի բոլորը գոհ լինեն: Մենք էլ բացառություն չենք: Ավելին. մենք շատ ավելի լավ տեմպերով ենք առաջ գնում, քան նրանք, և այնտեղ, որտեղ կարիքը կա, տեմպերը կամա-ակամա ավելանում են: Մենք հենց այդ տեմպերի տակ ենք:

R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս