Ինչո՞ւ են ընտրվել Լոռու և Տավուշի մարզերը

Լոռու և Տավուշի մարզերում գտնվող բնության 25  հուշարձաններ կանձնագրավորվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գուլիջանյանը: Ըստ նրա՝ այդ հուշարձանների անձնագրերի հաստատումից հետո պարզ կլինեն պահպանող սուբյեկտներն ու պատասխանատուները, և այդ դեպքում արդեն հուշարձանների պահպանությունն ավելի լավ կիրականացվի:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը նշեց, որ Հայաստանի բնության հուշարձանների ցանկն առաջին անգամ կառավարության կողմից հաստատվել է 2008-ին, որում ընդգրկված էին բնության 230  հուշարձաններ:

«Սակայն 2008-ից հետո որևէ տեղաշարժ չէր նկատվում այդ հուշարձանների գույքագրման, սահմանների գծագրման և նաև անձնագրերի պատրաստման ուղղությամբ: Հայտնի է, որ յուրաքանչյուր բնության հուշարձան, օրենքի պահանջով, պետք է ունենա անձնագիր: 2011-ին, երբ հաստատվում էր 2012թ. պետական բյուջեն, այդ ժամանակ առաջին անգամ պետական բյուջեում առանձնացվեց պետական ծրագիր՝ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում բնության հուշարձանների անձնագրավորման, պահպանման  գոտիների սահմանագծման, ճշգրտման և համալրման վերաբերյալ:

Առաջին անգամ Լոռու և Տավուշի մարզերի համար ծրագիր առանձնացվեց պետական բյուջեով, և բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը հայտարարեց մրցույթ, որպեսզի այս ծրագիրն  իրականացվի: Ծրագիրը շահեց «Զիկատար» պետական կենտրոնը, և այսօր արդեն աշխատանքները մոտենում են ավարտին: Պետք է հույս ունենանք, որ հաջորդ ծրագրերը կընդգրկեն նաև այլ մարզեր, որովհետև դժվար է Հայաստանում առանձնացնել մի մարզ, որն աղքատիկ լինի»,- ասաց Ս. Բալոյանը:

«Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գուլիջանյանն էլ նշեց, որ Լոռու և Տավուշի մարզերն ընտրվել են այն պատճառով, որ առաջին անգամ խնդիրը բարձրացվել է «Թռչկանի ջրվեժի» հետ կապված. «Նախարարը, կարևորելով Թռչկանի ջրվեժի խնդիրը, ներկայացրեց ծրագիր Թռչկանի ջրվեժի անձնագիրը և ամբողջ փաստաթղթային փաթեթը պատրաստելու համար, և քանի որ Թռչկանը գտնվում է Լոռու մարզում, Լոռու մարզը և նաև Տավուշի հարակից մարզը ընդգրկվեցին ցանկի մեջ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ բնության հուշարձաններով առավել հարուստ մարզեր են Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, որոնք ավելի մեծ ներդրումներ են պահանջում: Հաջորդ մարզը, որտեղ հուշարձանների անձնագրավորում կարվի, ըստ ժամանակացույցի, Շիրակի մարզն է:

Տեսանյութեր

Լրահոս