Ի՞նչ կապ ունեն ընտրությունները ներդրումների հետ
Երբ փորձագետները, քաղաքական գործիչները, տնտեսական և քաղաքական մեկնաբանները վերլուծում ու գնահատականներ են տալիս Հայաստանի տնտեսությանը, դա բավականին նորմալ և անհրաժեշտ երևույթ է։ Սակայն, երբ իրենց վերլուծությունների և գնահատականների հիմքում դնում են զուտ դասագրքային տնտեսագիտական ճշմարտություններ` մոռանալով, որ սա Հայաստանն է (որտեղ, մեղմ ասած, տնտեսագիտության ոչ բոլոր օրենքներն են աշխատում), ապա այդ վերլուծությունները մի տեսակ կորցնում են արժանահավատությունը։
Սակայն այսօր զարմանալու առիթ տվեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` հայտարարելով, որ ընթացիկ տարում օտարերկրյա ուղղակի ներդրումների շեշտակի նվազումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով և մասնավորապես՝ ընտրություններով։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 35.2%-ով, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 53.8%-ով։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 391մլն դոլար (2011թ. նույն ժամանակահատվածում՝ 603.5 մլն դոլար), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 479.4 միլիոնից նվազել է՝ մինչև 221.2 միլիոն դոլար։
Ըստ Թ. Մանասերյանի, սպասելի և կանխատեսել էր, որ ներդրումային միջավայրը շատ ակտիվ չպետք է լինի, քանի որ 2012թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և բացի այդ՝ մի քանի ամսից տեղի կունենան նախագահական ընտրությունները;
Ընդհանուր առմամբ, Թ. Մանասերյանի հետ կարելի է համաձայնել այն առումով, որ քաղաքական անորոշությունն ու սպասումները (այդ թվում՝ նախագահական ընտրությունների հետ կապված) բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության և ներդրումների վրա։ Սակայն այս կանոնն աշխատում է այն երկրներում, որտեղ տնտեսագիտության օրենքներն իրոք գործում են։ Հայաստանում այդպես չէ։ Եվ Հայաստանի պարագայում ներդրումների նվազումն ընտրություններով պայմանավորելը վիճելի մոտեցում է, քանի որ նախորդ տարիների վիճակագրությունն այլ բան է վկայում։
Բերված գծապատկերը կազմված է Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա, և ցույց է տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը վերջին տարիների կտրվածքով։
Օրինակ՝ 2010 թվականին ընտրություններ չկային, սակայն ՕՈՒՆ ներհոսքը նվազել է 26.7%-ով՝ 777.4 միլիոն դոլարից հասնելով 570 միլիոնի։ Միգուցե կասեք՝ դա ճգնաժամի ազդեցությո՞ւնն է։
Լավ, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ 2007-ին՝ խորհրդարանական ընտրությունների տարում, ուղղակի ներդրումների ծավալն աճել էր 1.5 անգամ։ Իսկ 2008-ին՝ նախագահական ընտրությունների տարում, 33.9%-ով։ Ընդ որում, 2007-ի վերջի և 2008-ի սկզբի նախընտրական անորոշությունն ու լարվածությունը դժվար է համեմատել այսօրվա նախընտրական վիճակի հետ։
Ավելի ետ գնանք՝ 2003-ի նախագահական ընտրություններ։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ նախորդ տարվա համեմատ, աճել էր 9.1%-ով՝ 110.7 միլիոն դոլարից հասնելով 120.8 միլիոնի։
Կարճ ասած, նախորդ տարիների ներդրումային վիճակագրությունը տրամագծորեն հակասում է այն մոտեցմանը, որ ընտրությունները Հայաստանում բացասաբար են ազդում ներդրումների վրա։ Պատճառները պետք է այլ տեղ փնտրել։ Ի դեպ, ժամանակին Թ. Մանասերյանն ավելի մեծ եռանդով ու հետևողականությամբ էր փնտրում այդ պատճառները։