«Հայաստանը չի լինի ԵՄ-ի անդամ շատ, շատ, շատ երկար ժամանակ»

Հարցազրույց Լոնդոնի Օքսֆորդ համալսարանի քաղաքագիտության և
միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնի հետ

– Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը, և ինչպե՞ս եք պատկերացնում հիմնախնդրի լուծումը:

– Դա շատ մտահոգիչ է, քանի որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում, և նրանց պաշտպանությունը գերազանցապես սնվում է նավթային պաշարներից: Եվ սա պետք է անհանգստացնի Հայաստանին: Ադրբեջանը վաստակել է իրավունքը ուժ կիրառելու, մենք սա գիտենք: Բայց, եթե անկեղծ լինենք, նրանք չեն հարձակվի, քանի դեռ համոզված չլինեն հաղթանակի մեջ: Նրանք չեն կարող վստահ լինել հաղթանակում. եթե նայեք Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, կտեսնեք, որ Ղարաբաղն ունի պաշտպանական առավելություն, այն ունի բարձր դիրքերի առավելություն, և Ադրբեջանի համար շատ դժվար կլինի: Նաև ենթադրում եմ, որ Ղարաբաղն աջակցություն կստանա Հայաստանից:

Ադրբեջանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանի և Ղարաբաղի ուժերը վերջին պատերազմից ավելի հաջող փորձ ունեն: Ուստի, կարծում եմ, որ ադրբեջանական իշխանությունը խաղում է այս հարցի վրա` ներքին քաղաքական պատճառներով, և չեմ կարծում, որ նրանք ցանկանում են սկսել մի պատերազմ, որտեղ նրանք կպարտվեն: Սա հարցի ռազմավարական տեսանկյունն է:

Մյուս հարցը հանկարծակի, կամ, ինչպես ասում են, անզգույշ պատերազմն է: Եթե դուք մեծացնում եք շփման գծում զորքերի թիվը, եթե ավելացնում եք միջադեպերի քանակը շփման գծում, և, եթե ներգրավվում եք ռազմական հռետորաբանության մեջ` «մենք պետք է խնդիրը լուծենք ուժով, քանի որ դիվանագիտությունը ձախողվել է», բոլորը սկսում են լարվել, բոլորը սկսում են ջղաձգվել, և ինչ-որ մի բան պատահում է սահմանին: Այդ դեպքում հնարավոր է պատասխան ռեակցիա, և շատերը կընդգրկվեն մի պատերազմի մեջ, որը ոչ ոք չէր նախատեսում: Սա հնարավոր է:

– Խոսակցություններ կան, որ գերտերությունները ցանկանում են, այսպես կոչված, «խաղաղարար ուժեր» մտցնել Լեռնային Ղարաբաղ` հնարավոր պատերազմը կանխելու համար: Ի՞նչ կարող է սա տալ հարցի կարգավորմանը, և արդյո՞ք երկրորդ Սրեբրենիցայի կրկնության պատճառ չի դառնա:

– Դա չի դառնա երկրորդ Սրեբրենիցա, քանի որ Սրեբրենիցայում քաղաքացիներն ի վիճակի չեղան իրենց պաշտպանելու, իսկ ղարաբաղցիները կարող են իրենք իրենց պաշտպանել: Ուստի կարծում եմ` տարբեր դեպքեր են: Ինչ վերաբերում է խաղաղարար ուժերին, ըստ իս, դա շատ անհավանական է, բայց, եթե լինի համաձայնություն, ապա նրանք կարող են լինել խաղաղության պահապաններ: Այդ խաղաղարար ուժերը կարող են լինել Եվրոպական միությունից (օրինակ` մենք ունենք Եվրոպական միության մոնիտորինգային առաքելություն Վրաստանում), կարող են լինել ՄԱԿ-ից, բայց նրանց մուտքը պետք է լինի երկու կողմերի համաձայնությամբ:

Սակայն նրանց նպատակը չի լինելու պաշտպանելը, այլ Ադրբեջանի և հայկական և ղարաբաղյան ուժերի միջև տարածություն ստեղծելն է, որպեսզի կանխվի միջադեպերի հավանականությունը: Կարծում եմ` սա այն ամենն է, որ կարող եք ստանալ, բայց նախևառաջ պետք է լինի համաձայնություն: Ես հիշում եմ 1995թ., երբ Դուք փոքր էիք, և ես ավելի երիտասարդ էի, ԵԱՀԿ-ն որոշեց մշակել Ղարաբաղում խաղաղապահպանության ծրագիր:

Ես կարդացել եմ այդ ծրագիրը, այն բավական հաստ էր, և այնտեղ մանրամասն գրված էր, թե որ գյուղում որքան զորք պետք է լինի, որ դիրքերը պետք է զբաղեցնել, շատ մանրամասն և շատ լավ կատարված աշխատանք էր: Ինչևէ, ԵԱՀԿ-ն չէր կարող այս ամենն անել` առանց երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների համաձայնության: Համաձայնությունը չկայացավ:

Մեկ այլ խնդիր էր, թե որտեղի՞ց պետք է գտնեինք խաղաղարար ուժեր, Մինսկի խմբի անդամ պետություններից ո՞րը պետք է տրամադրեր զորքեր գործողության համար: Այն ժամանակ ադրբեջանցիները վատ էին տրամադրված ռուսական ուժերի նկատմամբ, քանի որ, ըստ նրանց, ռուսները մասնակցություն են ունեցել ղարաբաղյան կռիվներում:

Չգիտեմ` դա ճի՞շտ էր, թե՞ ոչ: Ամեն դեպքում, համաձայնություն չեղավ, և այդ համաձայնությունը չկա նաև այսօր: Նկատի ունեմ` երբ ես երիտասարդ էի, ես ավելի լավատես էի այս հիմնախնդրի լուծման նկատմամբ և կարող եմ հիշել բոլոր կարևոր պահերը. 1994 թվականին կարող էիք հաշտություն կնքել, եղավ պահ 1997-ին, երբ ձեր նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը բանակցում էր պայմանագիր կնքելու համար: Նա գահընկեց արվեց, և Հայաստանում եկավ իշխանություն, որը տրամադրված չէր փոխզիջման գնալու: Ի դեպ, ես չեմ ասում, որ դա սխալ է, մենք ունենք այն, ինչ ունենք, սա քաղաքականություն է:

Այսպիսով, ինչպե՞ս կարելի է փոխզիջում ձեռք բերել Ղարաբաղում: Որո՞նք են խնդիրները: Դրանք այն խնդիրներն են, որոնք միշտ եղել են. առաջինը Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգության հարցն է, երկրորդը` Հայաստան ներխուժման վտանգն է, մյուսն այն հարցն է, թե ի՞նչ պետք է լինի Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ, արդյոք թույլ կտա՞ք տեղահանված փախստականներին վերադաձնել:

4-րդը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է` արդյոք այն կլինի Ադրբեջանի մի մա՞ս` մաքսիմալ ինքնիշխանությամբ, ինչպես նրանք են ասում, կլինի անկախ պետությո՞ւն, թե՞ կմիավորվի Հայաստանի հետ: Կարգավիճակի հարցն ամենաբարդն է: Այս ամենը երկար ժամանակ կպահանջի, և ես դեռևս չեմ տեսնում հեռանկար, որ այս հարցերում կարող է լինել որևէ առաջընթաց:

– Պարոն Մաքֆարլեյն, ի՞նչ կարծիք ունեք միջազգային ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության մասին. ո՞ր ուղղությունը Հայաստանը պետք է ընտրի, Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միության, որը դեռևս չի կազմավորվել:

– Նախևառաջ, որքան ես հասկանում եմ, Ռուսաստանում Եվրասիական տնտեսական միության նպատակը տնտեսական շահույթն է: Նրանք ասում են, որ սա քաղաքական նախագիծ չէ: Եթե դա ճիշտ է, ուրեմն ռուսներն ավելի շատ պետք է հետաքրքրված լինեն նախկին Խորհրդային Միության հարուստ երկրներով: Այսպիսով, Ղազախստա՞ն, այո՛, Բելառո՞ւս, այո՛: Ամենակարևորը և առաջնայինը Ռուսաստանի համար Ուկրաինան է: Ինչ վերաբերում է ավելի փոքր երկրներին, եթե նպատակը տնտեսության ընդլայնումն է, Հայաստանի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, պետք է հարցնեմ` ո՞րն է Հայաստանին Եվրասիական միություն թողնելու տնտեսական շահույթը (առավելությունը): Այն նվազագույն է:

Ուստի, եթե ընդունենք այն փաստարկը, որ սա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նախագիծ է, ապա համոզված չեմ, որ ռուսներն ուզում են Հայաստանի անդամակցությունը:

Միգուցե ուզում են, միգուցե` ոչ: Նույնը պետք է ասել Ղրղըզստանի, Տաջիկստանի մասին: Սրանք, ինչպես ռուսներն են ասում, դեֆիցիտային երկրներ են: Իսկ մյուս հարցը` Եվրոպական ուղղությունն ընդդեմ Եվրասիականի հարցն է: Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնությունն անհամատեղելի է Հայաստանի մասնակցությանը Եվրասիական միությանը:

– Այսինքն` դրանք կարող են համատեղելի՞ լինել:

– Ես այդպես եմ ենթադրում:

– Իսկ Հայաստանը պետք է ձգտի անդամակցել ԵՄ-ի՞ն, թե՞ Եվրասիական միությանը, թե՞ պետք է պարզապես համագործակցի այդ կազմակերպությունների հետ:

– Կարծում եմ` մենք պետք է իրատես լինենք: Հայաստանը չի լինի ԵՄ-ի անդամ շատ, շատ, շատ երկար ժամանակ, եթե, իհարկե, երբևէ լինի: ԵՄ անդամակցության գործընթացը կասեցված է, քանի որ ԵՄ-ն տնտեսական ճգնաժամի մեջ է, և քանի որ ունի իր գերակայությունները: Առաջին գերակայությունը արևմտյան Բալկաններն են. առաջինը Խորվաթիան կմտնի ԵՄ, հետո նրանք կմտածեն Մակեդոնիայի, Սերբիայի և Բոսնիա-Հերցեգովինայի մասին:

Հետո, իհարկե, կգա երկար ժամանակ կախված թուրքական անդամակցության հարցի հերթը: Թուրքերը վաղուց են ուզում դառնալ ԵՄ անդամ, իսկ ԵՄ-ն անընդհատ ասում է. «ավելի ուշ, ավելի ուշ»:
Այսպիսով, անդամակցության հարցը դրված չէ սեղանին: Սեղանին դրված է Ազատ առևտրի մասին համաձայնությունը:

– Անդրադառնանք Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ Ձեզ` ո՞վ է ընտրությունների ֆավորիտը:

– Կարծում եմ` Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետև մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան:

– Մյուս հավանական թեկնածուներն են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ովքեր, կարծես թե, ձգտում են համագործակցել: Նրանցից ո՞վ կարող է իրական մրցակից դառնալ գործող նախագահին:

– Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է: Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը: Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի: Հարցն այն է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը: Եվ, որքան գիտեմ, նա չի հայտարարել այդ մասին:

– Իսկ եթե Ծառուկյանն առաջադրի՞ իր թեկնածությունը:

– Այդ դեպքում շատ հետաքրքիր կլինի: Բայց ինչո՞ւ նա պետք է ասի` այո: Իհարկե հասկանում եմ, որ Հայաստանը և Վրաստանը շատ տարբեր են, բայց, ինչպես գիտենք, Վրաստանում կան որոշ հարուստ մարդիկ, ովքեր հայտարարեցին, թե ուզում են մարտահրավեր նետել իշխանությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, իշխանությունը պատասխանեց, նա սկսեց դժվարություններ ստեղծել այդ մարդու համար: Նրանք դա արեցին Իվանիշվիլիի հետ: Արդյոք Ծառուկյանը ցանկանո՞ւմ է նույնն անել:

– Ի դեպ, Ծառուկյանը նույնպես հարուստ է:

– Ես գիտեմ, դրա համար եմ ասում:

– Այս համատեքստում` Ծառուկյանին, ինչպես Իվանիշվիլիին, հաճախ համարում են ռուսամետ գործիչ, իսկ նախագահ Սարգսյանը, որպես հակադրություն, համարվում է ավելի ցանկալի թեկնածու Արևմուտքի համար, քանի որ նա լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Ի՞նչ կարծիք ունեք նման տեսակետի մասին:

– Մենք գիտենք Սարգսյանին, մենք չգիտենք Ծառուկյանին: Սա առաջին մեծ տարբերությունն է: Մենք կարող ենք չհամաձայնել որոշ բաների հետ, որ Սարգսյանն անում է, բայց մենք կարող ենք կանխատեսել, թե նա ի՞նչ կանի: Երբ գալիս է մեկ ուրիշը, դա մի փոքր լարվածություն է առաջացնում: Երբ եկավ Իվանիշվիլին, նրան ասացին. «ահա, Իվանիշվիլին ռուսամետ է, քանի որ իր բոլոր փողերը ստեղծել է Ռուսաստանում», և, իհարկե, Սահակաշվիլին անընդհատ խոսում էր այդ մասին: Բայց ինձ համար պարզ չէ, թե հայ քաղաքական գործչի համար ինչո՞ւ է վատ ռուսամետ լինելը: Միգուցե դա վատ է, միգուցե լավ է, բայց ինձ համար պարզ չէ: Հայաստանը ռազմավարական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և պետք է պահպանի այդ հարաբերությունները:

Նրա մի կողմում Թուրքիան է, մյուս կողմում` Ադրբեջանը: Այնպես որ, մեծ ընկերներ ունենալը վատ բան չէ: Նկատի ունեմ` Սարգսյանը նույնպես լավ հարաբերություններ ունի ռուսների հետ: Մենք ունենք որոշ մտահոգություններ Սարգսյանի վերաբերյալ, ունենք մտահոգություններ Ռուսաստանի և Ղարաբաղի վերաբերյալ: Բայց չեմ կարծում, որ շատերն են Արևմուտքում հետևում Հայաստանի ընտրական գործընթացին: Երբ մենք ավելի մոտենանք, այդ ժամանակ ավելի մոտիկից կդիտարկենք:

– Այսպիսով, Դուք կարծում եք, որ Կրեմլը կպաշտպանի՞ նախագահ Սարգսյանին:

– Կարծում եմ` սա լավ հարց է: Եթե նայենք Ռուսաստանի տեսանկյունից, թե ի՞նչ են նրանք ուզում Հայաստանիցգ նրանք ուզում են պահպանել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Հայաստանը կարևոր է նրանց տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նրանք այս առումով ոչ մի խնդիր չունեն Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է փոխեն իրենց միտքը: Ինչո՞ւ պետք է անցնեն ընդդիմության կողմը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս