Եթե Գագիկ Ծառուկյանը որոշի, որ պետք է գնա ընտրությունների, ուրեմն կիսում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապա, ի տարբերություն ՀՀԿ-ի թեկնածուի, նրա հնարավորությունները մեծ չեն լինի Շիրակի մարզում: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

– Դե, եթե պարոն Ծառուկյանը որոշի, որ իր թեկնածությունը պիտի առաջադրի, էդ ժամանակ կտեսնեք, թե հնարավորություններն ինչքան մեծ կլինեն, մանավանդ Շիրակի մարզում, որովհետև ԲՀԿ-ն բարձր հեղինակություն ունի Շիրակի մարզում: Իսկ դա ուղղակի բառերով չէ, որ ասում ենք: Գյումրիում ԱԺ ընտրությունների ժամանակ Շիրակի մարզը ցույց է տվել, թե ԲՀԿ-ին ինչքան է ընդունում, ինչքան է հարգում:

Օրինակ, Մարտուն Գրիգորյանի համար ի՞նչ կփոխվի, եթե Գ. Ծառուկյանը դառնա ՀՀ նախագահ:

– Ուրեմն` Մարտուն Գրիգորյանի համար չէ, որ պարոն Ծառուկյանը ցանկություն կունենա առաջադրվելու: ԲՀԿ-ն ինչ-որ մեկի լավի կամ վատի համար չէ, որ որոշում է կայացնելու գնալ նախագահական ընտրություններին: Էսօր ամենակարևորը ժողովրդի վիճակն է մեզ համար: Եթե մենք գնալու ենք նախագահական ընտրություններին, նշանակում է, որ ցանկություն կա ժողովրդի վիճակը փոխելու, էսօրվա էս սոցիալական ծանր վիճակից հանելու: Մարտուն Գրիգորյանի կամ որևիցե մի պատգամավորի կամ քաղաքական գործչի խնդիրն էստեղ դրված չէ: Էստեղ մեր բոլորի խնդիրն էն է, որ կարողանանք ինչ-որ մի լավ բան անենք մեր ժողովրդի, մեր ընտրողների համար:

Այսինքն` ՀՀ նախագահը դա չի՞ կարողանում անել:

– Արվում է այնքան, ինչքան որ արվում է:

Ձեզ ի՞նչ արժանիքի համար են տվել ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

– Ուրեմն` արժանիքների հետ կապված, թե ի՞նչ արժանիքների համար են տվել էդ պաշտոնը` կդիմեք պարոն Ծառուկյանին կամ գոնե Նաիրա Զոհրաբյանին: Նա հստակ կպատասխանի, թե ի՞նչ արժանիքների համար է ինձ տրվել այդ պաշտոնը: Իսկ իմ գնահատմամբ` առաջին հերթին` աշխատասիրության, հնարավորությունների համար: Շատ-շատերն էին կասկածում, թե հանձնաժողովն ի՞նչ ձևով կարող է աշխատել, կամ ես ի՞նչ հնարավորություններ ունեմ: Իմ կարծիքով` այս կարճ ժամանակահատվածում, երևի թե դուք` որպես լրագրող, արդեն լսել եք, թե ես ինչպե՞ս եմ աշխատել այս ընթացքում:

Ոչ, չեմ լսել:

– Այ, շատ վատ է, որ չեք լսել: Ամբողջ հանրապետությունը լսել է, դուք չեք լսել: Օրինակ, նույն «Սերմերի մասին» օրենքի լսումը, որ Կառավարությունը բերել էր, էդ ժամանակ ես հանձնաժողովի նախագահ չեմ եղել: Հանձնաժողովը քիչ ձայներով դրական եզրակացություն է տվել, մտել է քառօրյա նստաշրջան: Էդ նախագծի հիմնական նպատակը սերմերի ներկրումն ազատականացնելն էր, երկու տարվա փորձաշրջանից դուրս գալը, և ով երբ ինչ սերմացու ուզի` բերի ՀՀ, բաժանի մեր ֆերմերներին:

Դրա վառ ապացույցն էլ կա, 2010-2014թթ. ծրագրով Կառավարությունը սերմեր բերեց Հայաստան, չփորձարկված սերմերը բաժանվեցին գյուղացիներին, էսօր ամբողջ հանրապետությունում գյուղացիներին փաստի առաջ են կանգնեցրել` մեր բնակլիմայական պայմաններին չեն համապատասխանում, համապատասխան բերքը չի եղել, և էս պահի դրությամբ մենք կառավարության հետ քննարկումների մեջ ենք, որ գոնե ժողովրդին, անկախ նրանից, թե մարդիկ ինչքան տուժեցին մի հեկտարի կտրվածքով, գոնե պայմանագրով զիջվի սերմերի մեկին երկու հարաբերակցությամբ հետ պահանջելը: Այնպես որ, մեր հանձնաժողովն ակտիվ աշխատում է:

Ե՞րբ եք վերջին անգամ եղել գյուղում:

– Գյուղո՞ւմ: Այսի՞նքն:

Այսինքն` ե՞րբ եք վերջին անգամ գյուղ գնացել:

– Ուրեմն, մենք` որպես հանձնաժողով, առաջին այցելությունը եղել է Գյումրու սելեկցիոն կայան: Մի քանի օրից մենք գնալու ենք «Խոսրովի անտառ» արգելոց, ու էդ կարգի հանդիպումներ, այցելություններ:

Ձեր նշած տեղերը գյուղեր չեն:

– Դա ի՞նչ կապ ունի: Ես ե՞րբ եմ ընտրվել: Ես գյումրեցի եմ, ես գյուղից չեմ, բնականաբար, գյուղի հետ էդ կապը չէր կարող լինել:

Բայց Դուք` որպես վերոնշյալ հանձնաժողովի նախագահ, պետք է իմանաք, թե այսօր գյուղացին ի՞նչ պահանջներ ունի, թե ինչպիսի՞ն է վիճակը գյուղերում, թե ինչո՞ւ են գյուղացիները թողնում-հեռանում երկրից:

– Պարզ է, դուք ասում եք էն, ինչ որ, էսպես ասեմ` մեր բռնած ուղին է, մեր կայացրած որոշումն է, և ես արդեն ասել եմ իմ ելույթով, որ որոշել եմ այցելություններ կազմակերպել գյուղական համայնքներ, որի առաջին քայլը եղել է, այսինքն` օրվա կարևոր խնդիրը «Սերմերի մասին» օրենքն էր, մենք էլ դրա հետ կապված այցելել ենք սելեկցիոն կայան:

Պլյուս դրան` Արարատի մարզի 7 գյուղական համայնքներից 139 հողօգտագործողներ նամակով դիմել էին մեզ` Կառավարության հետ սերմերի մասին պայմանագրերի համար: Մենք ընդունել ենք 8 հոգանոց խմբին, լսել ենք իրենց, հանձնաժողովի անդամներով պետք է գնայինք «Խոսրովի» արգելոց, ուղղակի առաջնահերթությունները փոխվեցին: Էդ ժամանակ տեղում պետք է հանդիպեինք գյուղացիների հետ, ու էդպես չստացվեց: Բայց դրանից հետո ԱԺ-ում հանրային լսումներ կազմակերպեցինք: Էդ էլ պիտի լսած լինեիք, թե ի՞նչ քննարկում եղավ ԱԺ-ում: Եթե տեղյակ չեք, martungrigoryan.am մտեք, էնտեղ ամբողջությամբ իմ գործունեության մասին գրված է:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունները:

– Նորմալ է: ԲՀԿ-ն բաց է բոլոր քննարկումների համար: Մենք որևէ խնդիր չենք տեսնում, եթե եկան հարցեր, պատրաստ ենք քննարկելու: Այդ կոնտեքստով էլ քննարկումներն ընթացել են, ընթացքի մեջ են:

ՀԱԿ-ը դնում է գործող նախագահի հրաժարականի պահանջ: ԲՀԿ-ն կիսո՞ւմ է այս պահանջը:

– Եթե այսօր ԲՀԿ-ն գնում է նախագահական ընտրություններին, եթե պարոն Ծառուկյանը որոշում ընդունի, որ պետք է գնա ընտրությունների, ուրեմն, նշանակում է` կիսում է հետը:

Իսկ եթե Գ. Ծառուկյանը չառաջադրի իր թեկնածությունը, հնարավո՞ր է` Գյումրիի նախադեպը կրկնվի:

– Էլի էստեղ պետք է եթե-ներով չխոսենք: Պետք է ընդամենը սպասենք մի 4-5 օր:

Իսկ եթե ԲՀԿ-ն թեկնածու չունենա, արդյո՞ք կսատարի ՀՀԿ-ին:

– Դե էս պարագայում եթե ԲՀԿ-ն որոշի, որ թեկնածու պիտի չառաջադրի նախագահական ընտրություններին, օրակարգում արդեն հարց է առաջանում` մենք սատարելու ենք ՀՀԿ-ի թեկնածուի՞ն, թե՞ չենք խառնվելու ընտրություններին:

Կամ խառնվելու եք` առանց պաշտոնական հայտարարությունների:

– Էդ ժամանակ արդեն կորոշվի ֆորմատը, թե մենք ի՞նչ ենք անելու: Էս պարագայում դրված է մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Եթե մասնակցում ենք, բնականաբար, հայտարարելու ենք հաղթելու մասին, իսկ եթե չենք մասնակցելու, քննարկելու ենք, թե ի՞նչ ֆորմատով ենք մասնակցելու:

Այս անորոշությունը ձանձրալի չէ՞ հասարակության համար:
– Չեմ կիսում այդ կարծիքը, որ ձանձրույթ է առաջացրել: Բացարձակ ձանձրանալու բան չկա, ընդամենն այս հարցը ոտքի վրա որոշելու խնդիր չէ, որ էնպես, ըստ տրամադրության ասենք` մասնակցելու ենք կամ չենք մասնակցելու: Մենք ուսումնասիրելու ենք մեր հնարավորությունները, ծանրութեթև ենք անելու, հաշվարկ ենք անելու, թե ի՞նչ կարող ենք, ի՞նչ չենք կարող, և ըստ այդմ` որոշելու ենք: Հիմա թիմն իր որոշումը կայացրել է, ներկայացրել է պարոն Ծառուկյանին:

Էս պահի դրությամբ էլ պարոն Ծառուկյանի համար պատասխանատու շրջան է: Իմ կարծիքով` պարոն Ծառուկյանի համար էլ տենց հեշտ, թեթև որոշում կայացնելու խնդիր չէ: Ինքն էլ պետք է որոշի և կհայտնի: Ինչ ինքը որոշեց, մենք թիմով պատրաստ ենք:

Տեսանյութեր

Լրահոս