«Եթե, Աստված ոչ անի, պահը գա, տղաների ճնշող մեծամասնությունը կկռվի, աչքն էլ կհանի». Հայկ Պետրոսյան (լուսանկարներ)
Դերասան Վարդան Պետրոսյանի որդուն` Հայկ Պետրոսյանին բոլորը հիշում են «Հայ Սուպերսթար 4» նախագծից, որտեղ Հայկն առանձնանում էր իր ինքնատիպ ելույթներով և հեղափոխական խառնվածքով: Հայկին հանդիսատեսը հիշում է նաև «Հակասթրես» ներկայացումից: Այսօր նա ծառայում է Հայկական բանակում: Զորացրվելուն մնացել է մոտ մեկ տարի: Վերջերս, երբ Հայկն արձակուրդ էր եկել, հանդիպեցինք նրան և տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք:
– Հայկ, ծառայությունդ ինչպե՞ս է անցնում:
– Ծառայությունն անցնում է շատ լավ, ասեմ ավելին` անցնում է ճապոնական տորնադոյի պես արագ և 1943 թվականին Թեհրանում տեղի ունեցած Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ եռակողմ բանակցությունների պես արդյունավետ (ժպտում է.- Գ. Ա.):
– Այս ընթացքում արժեհամակարգդ, բնավորությանդ գծերը կամ աշխարհայացքդ փոփոխվե՞լ են:
– Ես բավական ուշ` 24 տարեկանում եկա բանակ (ուշ լինի՝ նուշ լինի իմաստուն խոսքին հետևելով), այդ պատճառով էլ աշխարհայացքս և բնավորությանս գծերը չեն փոխվել, այլ ավելի հղկվել են: Փոխվել են որոշ գնահատականներ` կապված որոշ մարդկանց և անցյալում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Նույն բանը ես զգացել եմ, երբ գնացել էի Փարիզ: Երբ աշխարհին «կողքից» ես նայում, տվյալ դեպքում՝ բանակից, գնահատականները փոխվում են:
– Ի՞նչ տվեց բանակը քեզ:
– Սկզբում, երբ պետք է զորակոչվեի, մտավախություն ունեի, որ հնարավոր է՝ դժվարանամ լավ ընկերներ ձեռք բերել, այն պատճառով, որ բավական մեծ եմ: Բայց բախտն այս անգամ էլ ինձ ժպտաց և, սպասածիս հակառակ՝ ես ձեռք բերեցի հիանալի ընկերներ, որոնցից չորսն առավել մտերիմ դարձան: Նրանք են` Միքոն, Վահանը, Լյովը և անկրկնելի Համոն: Մենք հինգ ընկեր ենք` բռունցքի նման: Մեկս մյուսով ենք ապրում, միշտ իրար թև ու թիկունք ենք, և Աստված տա, որ այս ընկերությունը քաղաքացիական կյանքում շարունակվի: Բանակն ինձ տվեց նաև մտածելու ժամանակ: Ազատված լինելով քաղաքացիական կյանքի թոհուբոհից` զինվորն ունի մտածելու, իր կյանքը վերլուծելու, ապագան պատկերացնելու, իր մտքերն ավելի հղկելու, հասունացնելու ժամանակ:
– Բանակում բազմաթիվ տղաների հետ ես շփվում, շատերի՞ մեջ կա հայրենասիրության ոգին: Ի՞նչն է պակասում նրանց:
– Իմ տեսած զինվորների մեծ մասը հայրենասեր են, նույնիսկ զինվորներ եմ տեսել, ովքեր արտասահմանից եկել են այստեղ ծառայելու: Սա մի երևույթ է, որն արժանի է խորին ակնածանքի և հարգանքի: Հանուն համաշխարհային արդարության՝ պետք է նշեմ, որ բոլորն էլ ունեին հայրենիքի հետ կապված դժգոհություններ, որոնք բխում էին, ինչ խոսք, երկրի վատ վիճակից, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, քաղաքական անարդարությունից, կարճ ասած, տարբեր անմխիթար հանգամանքներից: Սակայն, եթե, Աստված ոչ անի, պահը գա, տղաների ճնշող մեծամասնությունը կկռվի, աչքն էլ կհանի:
– Կարոտո՞ւմ ես կիթառդ:
– Ոչ, չեմ կարոտում, որովհետև մենք կիթառ ունենք, երբեմն նույնիսկ երգում ենք` իհարկե, միայն հայրենասիրական երգեր:
– Իսկ բանակում գրքեր ընթերցելու համար ժամանակ գտնվո՞ւմ է: Ի՞նչ ես սիրում ընթերցել:
– Այո, կարդալու ժամանակ լինում է: Կարդում եմ շատ տարբեր գրքեր, նույնիսկ մի պահ քվանտային ֆիզիկա էի ուսումնասիրում, բայց վերջում ինքս ինձանից հիասթափվեցի. շատ բարդ բան է (ժպտում է.- Գ. Ա.): Կարդում եմ գեղարվեստական գրքեր, հայոց և համաշխարհային պատմություն: Կարդալ շատ եմ սիրում, միևնույն ժամանակ, ինչ-որ տեղ ինքս ինձ պարտադրելով եմ կարդում, որպեսզի լինեմ կիրթ մարդ և ստեղծագործելու համար մտավոր «багаж»-ս զարգացնեմ: Ինչպես ֆիզիկական վարժություններն են մարմինը հղկում, այնպես էլ գիրքն է հղկում, մշակում մարդու ներաշխարհը, հոգին, միտքը:
– Բանակից հետո հե՞շտ կինտեգրվես քաղաքային կյանքին: Կարոտե՞լ ես Երևանը:
– Երևանը շատ եմ կարոտում, քանի որ, վերջիվերջո, այնտեղ եմ ծնվել, այնտեղ մեծացել (ինչպես ասում են դասականները): Ինչ կապված է ինտեգրման հետ` այդպիսի խնդիր չկա էլ, ուղղակի պետք է տուն վերադառնամ:
– Երբ զորացրվես, որոշե՞լ ես՝ ինչով ես զբաղվելու, շարունակելո՞ւ ես երգել, ստեղծագործել:
– Չգիտեմ՝ արդյոք որոշումս զորացրումից հետո կփոխվի՞, բայց այս պահին ես գիտեմ, որ շարունակելու եմ երգել ու ներկայացումներ խաղալ: Արդեն երկու նոր ներկայացում եմ պատրաստել, ինչպես նաև՝ նոր երգեր: Միտք ունեմ նաև հորս հետ համատեղ բեմում ելույթ ունենալ: Մասնագիտությամբ դիվանագետ եմ, սակայն բեմում եմ ինձ երջանիկ զգում: Այսպես ասած` քաղաքական թատերաբեմը փոխարինվում է իսկական կախարդական թատրոնի բեմով:
– Հայկ, եթե խոսենք հայ երիտասարդության մասին, ինչպիսի՞ն են հայ աղջիկներն ու տղաները: Ի՞նչն է նրանց պակասում:
– Չեմ ցանկանում մեր երիտասարդությանը քննադատել, բայց ասեմ, որ, ընդհանուր առմամբ, կրթվածությունը (խոսքը դիպլոմի մասին չէ) և չափի զգացումը սկսել է պակասել, իսկ առանձին-առանձին` տղաներին տղամարդկությունն է պակասում, իսկ աղջիկներին` կանացիությունը: Այստեղ մի «նյուանս» կա, ինչպես ասում են առավել առաջավոր դեմքերը` պետք չէ տղամարդկությունը խառնել՝ չոբանության, իսկ կանացիությունը` վուլգարության հետ:
– Վարդան Պետրոսյանի որդին լինելու փաստը պարտավորեցնո՞ղ է: Ինչ-որ քայլեր անելուց առաջ մտածո՞ւմ ես, թե ինչ կմտածի հայրդ:
– Իհարկե, ինչ-որ տեղ պարտավորեցնող է, քանի որ հասարակությունն իր ուշադրությունը քո վրա ավելի շատ է կենտրոնացնում: Հարցը նրանում է, որ ես ուղղակի փորձում եմ լինել իմ հորն արժանի զավակ, և կարևոր չէ` նա հայտնի՞ մարդ է, թե՞ ոչ: Յուրաքանչյուր որդի իր ծնողների համար ցանկանում է լավը լինել: Ինչքան մեծանում եմ, այնքան շատ եմ ուզում որպես մարդ նմանվել հորս, և քայլեր անելուց առաջ էլ հաճախ եմ մտածում, թե ի՞նչ կարծիք կունենար հայրս, սակայն, եթե միշտ մտածեի, երևի թե սխալներ արած չէի լինի: