ՀՀ-ում վերարտադրողական բժշկությունը շատ թանկ է՝ 3500-5000 դոլար
Ըստ մասնագետների՝ Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ ամուսնական զույգ արտամարմնային բեղմավորման կարիք ունի, սակայն չի կարողանում այս մեթոդին դիմել՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Խնդիրն այն է, որ արտամարմնային բեղմավորումը Հայաստանում 3500-5000 դոլար արժե, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտությունն ունեցող շատ զույգեր զրկվում են երեխա ունենալու հնարավորությունից:
Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման ժամանակ մարմնից դուրս տեղի է ունենում կնոջ և տղամարդու սեռական բջիջների բեղմնավորում: Ստացված սաղմը հետագայում նորից տեղադրվում է կնոջ արգանդում: Արտամարմնային բեղմնավորման մասին զրուցեցինք «Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի» նախագահ, «Fertility center» մարդու վերարտադրողական կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հետ:
– Արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան ծնվեց 1978-ին: Ե՞րբ է այս մեթոդը ներդրվել Հայաստանում:
– 1978 թվականին է եղել արտամարմնային բեղմնավորման առաջին դեպքը, այն կատարեց Ռոբերտ Էդվարդսը: Աղջիկ երեխա ծնվեց, որի համար նա 30 տարի անց միայն ստացավ Նոբելյան մրցանակ: Բժշկական համայնքը լարված սպասում էր, բոլորս մտածում էինք, թե ինչպես կարելի է աջ ու ձախ մրցանակներ տալ, բայց Ռոբերտ Էդվարդսին մրցանակի չարժանացնել:
Շատերը կարծում են, որ այդտեղ Վատիկանի դերակատարումը մեծ էր, որովհետև կաթոլիկ եկեղեցին մինչև հիմա էլ դեմ է արտամարմնային բեղմնավորմանը: Մի անհեթեթ բան, որ միայն օրթոդոքս եկեղեցիները կարող են իրենց թույլ տալ: Մինչև հիմա Վատիկանը նույնիսկ դեմ էր, որ ՁԻԱՀ-ով հիվանդ տղամարդը պաշտպանվի կնոջից, եթե կինն առողջ է: Այսպիսի անհեթեթ բաներ կան: Այսպիսի անհեթեթություններից մեկն էլ Էդվարդսին մրցանակ չտալն էր, չնայած մինչ օրս արտամարմնային բեղմավորմամբ աշխարհում 5 միլիոնից ավելի երեխա է ծնվել այդ մարդու հայտնագործության հիման վրա, որը չքնաղ արդյունք է:
Դրանից հետո Ավստրալիայում և Ֆրանսիայում արեցին: Մասնագետն, ով Ֆրանսիայում առաջինն արեց արհեստական բեղմնավորում, Ռենե Ֆրիդմանն է: Նա Հայաստանում ասոցիացիայի անդամ է, երկու անգամ եղել է այստեղ, ես ինքս էլ մի քանի տարի աշխատել, սովորել եմ նրա մոտ: Նա մեծ օգնություն է ցուցաբերել վերարտադրողական բժշկությունը մի քայլ առաջ տանելու, այն միջազգային մակարդակներին մոտեցնելու համար:
Արտամարմնային բեղմնավորումն առաջին անգամ կատարվեց այն ցուցումով, որ կինը արգանդի փողեր չուներ: Դրանք բացակայում էին, վիրահատությամբ հեռացված էին, և այս մեթոդն օգնեց: Երկար տարիներ միակ ցուցումը դա էր: Հետո ավելացավ մի նոր մեթոդ, որի շնորհիվ կարելի էր ուղղակի մեկ սպերմատոզոիդը վերցնել, և ինչպես դեղն են ներարկում՝ վերցնել և սրսկել ձվաբջջի մեջ: Սա շատ նուրբ տեխնոլոգիա է, կոչվում է ԻՔՍԻ:
Շնորհիվ այս մեթոդի, որ 1993 թվականին առաջին անգամ Բելգիայում հայտնաբերվեց, մենք հնարավորություն ստացանք ծայրաստիճան բարդ տղամարդկային անպտղությունները լուծել: Երբ տղամարդու անպտղության պատճառը սերմի բացակայությունն է կամ շատ փոքր քանակը, մենք նույնիսկ մեկ սպերմատոզոիդ գտնելու դեպքում՝ այն ներմուծում ենք ձվաբջջի մեջ, ինկուբատորի մեջ ստացվում է սաղմիկը և 4-րդ կամ 5-րդ օրը տեղափոխվում է արգանդի մեջ:
Այս մեթոդով մենք կարողացանք բուժել անպտղության մի մեծ, հսկա բանակ, որովհետև բոլոր անպտղությունների 30-40 տոկոսը հենց տղամարդկանց այս դեպքերի հետ էր կապված: Հաջորդ կարևորագույն քայլը, որը կատարվեց վերարտադրողական տեխնոլոգիաներում՝ այսպես կոչված, նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) դիագնոստիկաների մեթոդի ստեղծումն էր: Դա թույլ տվեց մինչև սաղմիկը ինկուբատորից կնոջ արգանդ տեղափոխելը՝ այդ սաղմիկի գենետիկական դիագնոստիկա կատարել: Սովորաբար մի սաղմիկը 8 բջիջ ունի: 8 բջիջներից 1-ը կարելի է վերցնել և կատարել գենետիկական անալիզ: Սա մեծ առաջընթաց էր, որովհետև այս մեթոդով մենք կարող ենք որոշել՝ մեր ունեցած սաղմիկներից ո՞րն է հիվանդ, ո՞րը՝ ոչ: Սովորաբար 25-50 տոկոսն առողջ են լինում: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ընտրություն կատարել:
– Ձեր նշած այս երեք մեթոդները և՞ս կիրառվում են Հայաստանում:
– Հայաստանում այս մեթոդներից երկուսն է կատարվում: Մենք կարող եք արտամարմնային բեղմնավորում կատարել, և շատ կենտրոններ են դա այսօր անում: Եթե համեմատենք, ապա 5 տարի առաջ միայն մեկ կենտրոն կար, հիմա արդեն այս գործունեությամբ զբաղվում է 4-5 կենտրոն: Դրանք ոչ միայն արտամարմնային բեղմնավորում են կատարում, այլև կատարում են այդ ԻՔՍԻ կոչվածը: Նախաիմպլանտացիոն դիագնոստիկան, ցավոք սրտի, Հայաստանում չի կատարվում: Սա մեր հաջորդ քայլն է, որին մենք Հայաստանում պետք է հասնենք:
– Պարոն Համբարձումյան, ասացիք, որ ամբողջ աշխարհում արդեն 5 միլիոնից ավելի երեխա է ծնվել արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Հայաստանում որքա՞ն է կազմում այդ երեխաների թիվը:
– Ես թվերը կոնկրետ չգիտեմ: Կարծում եմ՝ որևէ մեկը չգիտի այդ թիվը, քանի որ այս ամենը շատ հրապարակայնորեն չի արվում:
– Արտամարմնային բեղմնավորումը, սակայն, 100 տոկոս արդյունավետություն չունի: Մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում: Ի՞նչն է սրա պատճառը:
– Պատճառները շատ են: Ամենամեծ, կարևոր պատճառները դեռ չգիտենք: Սաղմիկն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կպչել արգանդի ներքին շերտին, այսինքն`այդ կպչունակության պրոցեսը խանգարվում է: Դա շատ նուրբ մեխանիզմ է: Եթե այդ մեխանիզմում խնդիրներ կան, հետագայում սաղմիկը չի կպչում և չի զարգանում: Վերարտադրողական բժշկության հիմնական խնդիրներից է սա: Եթե կարողանանք կպչունակությունը բարձրացնել, ուրեմն հաջողությունների տոկոսը կշատանա:
– Ոչ արդյունավետ փորձի դեպքում արտամարմնային բեղմնավորման նոր փորձեր են կատարվում: Որքա՞ն ժամանակ անց կարելի է սկսել նոր ցիկլ:
– Սովորաբար մինիմում մեկ ամիս պետք է հանգիստ տալ օրգանիզմին: Եթե կինը շտապում է, ապա կարելի է մեկ ամիս անց ևս մեկ անգամ փորձել: Եթե կանայք ֆինանսապես ապահով են, կարող են բազմաթիվ անգամներ կրկնել: Շատ կանայք 10-15 անգամ կրկնում են փորձերը: Սա բժշկական տեսանկյունից խոչընդոտներ չունի: Սակայն խորհուրդ չի տրվում 10 անգամից շատ անել, որովհետև դեռ փորձ շատ չկա, և չգիտեն՝ դրա հետագա բարդությունները որո՞նք են. դրանք կարող են լինել, կարող են չլինել, բայց խորհուրդ է տրվում 10 անգամից հետո չշարունակել դիմել այդ մեթոդներին, բայց մարդիկ կան, որ անում են և կարծես թե մեծ խնդիրների առաջ չեն կանգնում:
– Արտամարմնային բեղմնավորման արդյունավետության վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպիսիք են, օրինակ՝ կնոջ տարիքը, արգանդի վիճակը: Ի՞նչ այլ գործոններ են ազդում արտամարմնային բեղմնավորման վրա:
– Ամենամեծը, ճիշտ նշեցինք`կնոջ տարիքն է: Կան տարբեր հիվանդություններ, որոնք հանգեցնում են ձվաբջջի, ձվարանի որակի անկման, վաղաժամ խանգարումներ են սկսվում: Հորմոնալ հիվանդություները ևս ազդեցություն են թողնում: Դրանց մեծ մասը մենք կարողանում ենք բուժել, բայց բժշկական տեսանկյունից գրեթե անզոր ենք, երբ տղամարդու մոտ սերմնաբջիջների քանակի անկում կա:
Նման դեպքերում բուժական մեթոդները հաճախ օգուտ չեն բերում, դրա համար հաճախ մենք գնում ենք այս մեթոդին: Եթե կնոջ հասակը 41 տարեկանից բարձր է, խիստ անկում է սկսվում պոտենցիալի: Աշխարհի շատ երկրներում 41 տարեկանից բարձր կանանց արտամարմնային բեղմնավորում չեն անում, որովհետև համարում են, որ այլևս իմաստ չունի 100-ից 99-ի մոտ չստանալ, 1-ի մոտ ստանալ: Աշխարհում կարող եք շատ սենսացիաներ լսել, թե 60, 70 տարեկան կինն ինքնուրույն հղիացել է: Դա կա՛մ չստուգված դեպք է, կա՛մ ուղղակի խոսքը դոնորական ձվաբջջի մասին է: Դա ուղղակի չի շեշտվում, մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ կինն իր ձվաբջիջներով է հղիացել:
– Արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը կախված է բժշկի հմտությունից, նաև սարքավորումներից: Ձեր գնահատմամբ՝ Հայաստանում այսօր կա՞ն համապատասխան մասնագետներ ու սարքավորումներ:
– Բժշկության մեջ ամեն ինչ կախված է բժշկի գիտելիքներից ու փորձից: Բայց հիմա, քանի որ արտասահմանյան բժշկությունն ապացուցողական բժշկության ճանապարհով է գնում, պետք է որ կոնկրետ ապացույցներ լինեն, ստանդարտներ լինեն, որ բժիշկը, կոպիտ ասած, ինչ ուզում է՝ չանի: Հենց այնպես այս ոլորտում աշխատել չկա: Պետք է հատուկ գիտելիքներ ունենալ, մասնագիտական փորձ ունենալ և նոր միայն զբաղվել այս զույգերով: Չեմ կարող ասել, որ Հայաստանում մասնագետները լիարժեք բավարարում են այս պահանջներին: Նույնիսկ մենք մեր պահանջներին լիարժեք չենք բավարարում:
Սա անընդհատ պրոցես է, մենք էլ ենք անընդհատ աշխատում, որպեսզի կարողանանք մոտենալ եվրոպական կամ Միացյալ Նահանգների ստանդարտներին:
– Մի առիթով ասել էիք, որ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում 3500-5000 դոլար արժե…
– Ցավալի է, բայց ոչ բոլորն են, որ այս մեթոդին կարող են դիմել՝ ֆինանսական միջոցների պատճառով: Վերարտադրողական բժշկության ասոցիացիան քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Այս ամիս տեղի ունեցավ «Երազ» բալետային ներկայացումը, որի երաժշտության հեղինակը ես էի:
Մենք հանգանակություն էինք հավաքում, արդեն բավական գումար հավաքվել է: Ուզում ենք՝ հաջորդ տարի ֆոնդ ստեղծվի անապահով ընտանիքների համար, ովքեր այս արտամարմնային բեղմնավորման կամ անպտղության բուժման այլ մեթոդների կարիք ունեն, բայց գումար չունեն: Հայաստանում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել:
Հիվանդը կա, պահանջը կա, ընդ որում՝ արտակարգ մեծ պահանջ կա և՛ ընտանիքների, և՛ պետության կողմից, որովհետև մեր դեմոգրաֆիկ վիճակը շատ վատ է, բայց նման ծառայություն չի մատուցվում: Եվ անպտղությունը բուժելով՝ մենք լավացնում ենք դա: Բոլորը գիտեն, որ վերարտադրողական բժշկությունը ոչ միայն ընտանիքի հարց է լուծում, այլև պետական խնդիրներ է լուծում: Մենք մեթոդներն ունենք, գործիքներն ունենք, բժիշկներ ունենք, լաբորատորիաներ ունենք, դեղորայք ունենք, ամեն ինչ ունենք, բայց այդ զույգերը ֆինանսական հնարավորություններ չունեն այս մեթոդին դիմելու համար: Կա՛մ հասարակական կազմակերպությունները, կա՛մ պետությունը պետք է լուծեն այս հարցը:
Միջին աշխատավարձը Հայաստանում այնպիսին է, որ զույգերը հնարավորություն չունեն դիմելու այն դեպքում, երբ հարց է՝ կստացվի՞, թե՞ ոչ: Սա շատ լուրջ խնդիր է՝ և՛ հոգեբանական, և՛ սոցիալական առումով:
– Իսկ այլ երկրներում ի՞նչ գներ են գործում:
– Արտասահմանում գները տարբեր են: Ամենաթանկը, թերևս, Միացյալ Նահանգներում է: Նյու Յորքում այն արժե 20.000 դոլար: Բայց կան եվրոպական երկրներ, որտեղ նման գներ են՝ 3000-4000 եվրո: Հայաստանում ամենացածրերից մեկն է: Մոսկովյան գների համեմատ՝ Հայաստանում երկու անգամ ցածր է: Մեզ մոտ գինը թեև մինիմումի է հասցված, միևնույն է, շատ թանկ է մեր ժողովրդի համար: Մի մարդ, որը 500 դոլար չունի, իր համար միևնույն է՝ 3000 դոլարո՞վ, թե՞ 13.000-ով դա կարվի:
– Իսկ ձևավորված գներն օբյեկտի՞վ են:
– Գները օբյեկտիվ են, որովհետև տեխնլոգիաները, նյութերը, դեղորայքը, ցավոք սրտի, արտակարգ թանկ են: Գնագոյացումը կատարվում է հենց այս երևույթների հիման վրա: Վաղուց արդեն հասունացել է պահը, որ պետությունն աջակցի Հայաստանում այդ հազարավոր զույգերին, որոնք չեն կարողանում դիմել ժամանակակից բուժական մեթոդների և երեխաներ չեն կարողանում ունենալ: Նրանց ոչ ապահովագրական կազմակերպություններն են օգնում, ոչ էլ պետությունը:
Յուրաքանչյուր յոթերորդ ընտանիք Հայաստանում կարիք ունի ուշադրության՝ և՛ բժշկական, և՛ սոցիալական: Մենք պետք է նաև գիտակցենք, որ միայն պետության վրա հույս դնել չի կարելի: Ժողովուրդը նաև պետք է մասնակցի դրան: Պետք չէ միայն փնովել պետությանը, հասարակությունը պետք է նաև օգնություն ցուցաբերի: