Հայաստանցիներն այսօր խոշոր ռեսուրսներ են ծախսում նկար գնելու, կոլեկցիա հավաքելու համար

Ասում է «ԱԱ աուկցիոն» աճուրդային կենտրոնի տնօրեն Սուրեն Ավագյանը

«ԱԱ աուկցիոն» արվեստի ձեռքբերման և իրացման աճուրդի նորաստեղծ կենտրոնը արդեն հասցրել է հայաստանյան իրականության մեջ արվեստի ստեղծագործության գեղարվեստական արժեքի գնահատման ինստիտուտ ներդնել: Թերևս մի բան, որը հայաստանյան իրականության մեջ երբևիցե չի եղել ոչ միայն աուկցիոնային գործունեության պրոֆեսիոնալ մասնագետների բացակայության պատճառով, այլև՝ արվեստի գնահատման այս մոդելը խոշոր ռեսուրսներ է պահանջել:

Փորձագետներն ու արվեստագետները հայաստանյան արվեստի դաշտի իրավիճակային վերլուծությունը կատարելիս` մշտապես մատնանշում էին նման մի կառույցի ստեղծման անհրաժեշտությունը: Գնահատելով արվեստագետ-աճուրդային կենտրոն համագործակցության կարևորությունը, մասնավորապես նկարիչներից շատերը կանխատեսում են, որ հայաստանյան իրականության մեջ կենտրոնի գործունեությունը հնարավորություն կտա և՛ կենտրոնի պաշտոնական կայքէջի (www.aaauction.am) օնլայն եղանակով, և՛ դասական աճուրդներում ցուցադրվելուց բացի, ի վերջո, իրացնել ստեղծագործությունները:

Մի բան, թերևս, որի պատճառով հայ, մասնավորապես` ժամանակակից նկարիչները հայտնվել են փակուղում, քանի որ նույնիսկ դրսևորվելու տարածք չունեն: Ընդ որում, մայրաքաղաքի փոքրաթիվ գալերեաներում ոչ միայն ցուցադրվելն է խնդիր դարձել, այլև՝ նկար վաճառելը: Այս հանգամանքներից ելնելով` արվեստագետներից շատերը մեկնում են արտերկիր, իսկ ոմանք էլ՝ փակվել են իրենց արվեստանոցներում՝ հույս չունենալով, որ հասարակությունը երբևէ նկարչությունը որպես գեղարվեստական արժեք գնահատելով՝ դրա վրա դրամ կծախսի:

Կարդացեք նաև

Անդրադառնալով «ԱԱ աուկցիոն» աճուրդային կենտրոնի գործունեությանը, հայ արվեստագետները մատնանշում են նաև գնային քաղաքականության համակարգի ձևավորման կարևորությունը: Օրինակ՝ չի կարող որևէ երկիր բարձր գնահատել հայ հեղինակի գործը, եթե այն Հայաստանում՝ աուկցիոների կողմից գնային փաստաթղթային ձևակերպում չունի: Այլ կերպ ասած՝ միջազգային շուկան էլ` իր հերթին, իր գնային քաղաքականությունը վարում է` հիմնվելով հեղինակի` սեփական երկրում գնահատման սանդղակից:

«ԱԱ աուկցիոն» աճուրդային կենտրոնի տնօրեն Սուրեն Ավագյանը վստահեցնում է, որ փոխվել է այն իրականությունը, երբ մեր մեծահարուստներն ու պետական պաշտոնյաներն իրենց տան պատերին վերնիսաժային Մասիս սարի ու ձնծաղիկի գեղանկարներ էին փակցնում: Պատահական չէ, որ ունեցվածքը հայտարարագրելիս` շատերը, որպես սեփականություն` նշում են արժեքավոր նկարների հավաքածուները: Այսինքն՝ մեր երկրում փող ունեցողներն արդեն գիտակցում են, որ արժեթղթերից առավել հուսալի ու կայուն արժեք են արվեստի ստեղծագործությունները, որոնք տարիներ հետո կրկնակի, տասնապատիկ ավելի արժեք են ներկայացնելու: Նորաստեղծ կենտրոնի գործունեության և այլ թեմաների շուրջ զրուցեցինք «ԱԱ աուկցիոն» աճուրդային կենտրոնի տնօրեն Ս. Ավագյանի հետ:

– Փորձագետները, արվեստագետներն ու արվեստի ոլորտի կառույցների ղեկավարներն արդեն խոսել են «ԱԱ աուկցիոն» կենտրոնի ստեղծման կարևորության մասին: Հասարակական հետաքրքրությունն ինչպիսի՞ն է:

– Թեև մեզանում ընդունված է համարել, որ մեր հասարակությունն արվեստով չի հետաքրքրվում, այլ՝ գնում է մասսայական, դյուրամարս ու անճաշակ երևույթների ետևից, այդուհանդերձ, ես շատ լավ տենդենց եմ նկատում: Երբ մարդկանց ներկայացնում ես արժեքավոր նյութ՝ նրանք անմիջապես դա ընկալում են և սկսում են ուսումնասիրել, գրականություն կարդալ և այդ նյութի ողջ արժեքը բացահայտել:

Օրինակ, միայն «ԱԱ աուկցիոն» աճուրդային կենտրոնի պաշտոնական կայքէջի այցելությունների վիճակագրությունը վկայում է, որ այցելուն իր ձեռք բերած տեղեկատվությունը փոխանցելու արդյունքում` նաև բազմաթիվ այցելուների մուտք գործելու դրդապատճառ է հանդիսանում: Այսինքն, երբ արժեքավոր, հետաքրքիր նյութ ես մատուցում, այդ նյութի կրողը դառնում է քարոզչական մեկ միավոր և ինքն էլ` իր հերթին, հասարակական արժեքային համակարգ է ձևավորում:

Համենայնդեպս, դեռևս նորաստեղծ կենտրոնի կայքէջում օրական հազարից ավելի այցելությունները կարող են որպես կոնկրետ փաստ դիտարկվել այն մասին, որ մեր քաղաքացիները արվեստի ստեղծագործությունը որպես արժեք ընկալման կրողներ են: Անշուշտ, կենտրոնի գործունեությամբ հետաքրքրված են նաև ամբողջ աշխարհի այն այցելուները, ովքեր համացանցում առաջին անգամ հայաստանյան աուկցիոն կենտրոն են բացահայտել: Բայց ինձ չափազանց ուրախացնում է այն փաստը, որ կայքի դիտելիությունը որպես իրավիճակային վերլուծություն` հայ հասարակության գեղարվեստական արժեքի ընկալման «զգայարանները» վերակենդանացնում է:

Եթե փորձենք այս կարճ ժամանակահատվածում մեր տվյալների բազայի հիման վրա փոքրիկ մոնիտորինգ անել, ապա կարող ենք կանխատեսել, որ մեզ մոտ ոչ միայն նկարչության հանդեպ վերաբերմունքն է փոխվում, այլև՝ մարդիկ արդեն խոշոր ռեսուրսներ են ծախսում նկար գնելու, կոլեկցիա հավաքելու համար: Ամեն դեպքում, կայքում նաև գրանցված շատ մարդիկ ունենք, որոնք հետևողականորեն լոտերի գին են սակարկում:

– Ներկայացված գործերը Հայաստանի աղքատ ազգաբնակչության համար արդյո՞ք թանկ չեն: Օրինակ՝ ձեր կայքէջում օնլայն եղանակով աճուրդում ներկայացված է Սեյրան Խաթլամաջյանի 6000-8000 դոլար արժողությամբ կոմպոզիցիան կամ Վարուժան Վարդանյանի 8000-10.000 դոլար արժեցող «Նատյուրմորտ նարգիլեով» ստեղծագործությունը, իսկ Լևոն Թութունջյանի գրաֆիկան 8000-12.000 դոլար է: Որպես գեղարվեստական արժեքներ, իհարկե, արդարացված գնային քաղաքականություն է, բայց ելնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկություններից` կգտնվե՞ն գնորդներ:

– Այն, ինչ վերոհիշյալ Ձեր հարցին ի պատասխան ասացի, ուղիղ կապ ունի նկարների իրացման հետ: Այսինքն՝ մենք դեռ աշխատում ենք ձևավորել հասարակական վերաբերմունք, որի արդյունքում՝ նաև առաջիկայում խոշոր շուկա: Համաձայն չեմ, որ մեր ազգաբնակչությունը վճարունակ չէ: Մենք արդեն երեք վաճառված գործեր ունենք, որոնց գնորդները սպասում են դեկտեմբերի 5-ին հայտարարված աճուրդի ավարտին: Չի բացառվում, որ մինչ այդ գները դեռ շատ բարձրացնեն հենց սակարկող գնորդները: Համաձայն մեր ի սկզբանե մշակած մեթոդոլոգիայի՝ մենք առաջիկա 1-2 տարում շահույթ չենք ակնկալելու, քանի որ աուկցիոնային գործունեության սկզբունքն առաջիկա տարիներին միայն ներդրում կատարելն է:

Այնպես որ, արդյունքը մեզ գոհացնում է, որն ավելի շատ ամրապնդում է շուկան, ձևավորում է աուկցիոնային ինստիտուտը: Առաջիկայում գնային քաղաքականության մոդելը նույնպես կիրացվի հայաստանյան իրականության մեջ: Երկու օր առաջ համաշխարհային ամենախոշոր «Սոթբիս» աուկցիոն կենտրոնը Սարյանի գործը 1մլն դոլարով վաճառեց: Փորձագետները չէին դադարում հայտարարել, որ մի քանի տարի անց այն կարող է տասնապատիկ բարձր գնով վաճառվել: Այսինքն՝ գեղարվեստական արժեքի շրջանառությունն ինքնին մի առանձին մշակույթ է: Հայաստանում նույնպես փոխվել է նկարը ցածր գնով վաճառելու մոտիվացիան: Նախկինում մութ ու ցուրտ տարիներին արժեքավոր գործերը վաճառվում էին «կոպեկներով», բայց դրանք արժեք էին, պարզապես ազգաբնակչությունն էր աղքատ: Հավատացնում եմ, որ այսօր հայ մարդը, ով փող ունի՝ պատրաստ է վճարել իրենից արժեք ներկայացնող նկարը գնելու համար:

– Որքան էլ զարմանալի է, բայց մեր պետական պաշտոնյաներից, մեծահարուստներից շատերը ժամանակակից աբստրակտ նկարչության սիրահար են: Ձեր պաշտոնական կայքէջում ներկայացված լոտերում բացակայում են գործող աբստրակցիոնիստների ստեղծագործությունները:

– Շատ ճիշտ նկատեցիք, երկու օր առաջ արդեն հանդիպել ենք ժամանակակից հայտնի աբստրակցիոնիստներից մի քանի տղաների հետ: Անշուշտ, մենք պատրաստ ենք ընդունել բոլոր այն խելամիտ առաջարկները, որոնք նկարիչները կանեն: Ընդհանրապես, ուզում եմ հայտարարել, որ կենտրոնը բաց է բոլորի համար, բայց ունի սկզբունք՝ ամեն գործ չէ, որ կարող է ընդունել: Այն պետք է գեղարվեստական արժեք լինելուց բացի` որակյալ լինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է մեր հեղինակությունը:

Մեր պրոֆեսիոնալ փորձագիտական խումբը հաշվի է առնելու ամեն մի մանրուք, և պատահական չէ, որ մենք ընտրել ենք Հայաստանում լավագույն արվեստաբաններին, փորձագետներին, ռեստավրատորներին, որոնք ուսումնասիրելու են նույնիսկ նկարի թղթի որակը: Յուրաքանչյուր գործի վաճառքի փաստաթղթային փաթեթը` որպես նկարի պատմություն և օրենսդրական փուլերով անցած, այսպես ասած, վկայագիր` տրամադրվելու է թե՛ նկարչին, թե՛ գնորդին:

Այդ փաստաթղթերը գնորդին տալիս են իր ունեցածը տասնապատիկ ավելացնելու երաշխիք, իսկ նկարչին՝ համաշխարհային աուկցիոնային ցանցում իրենց նկարի արժեքի կոնկրետ ֆիքսված փաստ:

Տեսանյութեր

Լրահոս