CNF-ը պատրաստ է շարունակել աշխատանքները «Խոսրովի արգելոցի» հետ

Հնարավոր է`«Կովկասի բնության հիմնադրամը» վերսկսի աշխատանքները «Խոսրովի արգելոցում», քանի որ Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել արգելոցի տնօրենի պաշտոնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանը:

«Արդեն նախարարությանը նամակ ուղարկել ենք, և մեր համաձայնությունը ևս մեկ անգամ հայտնել ենք, որ պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը «Խոսրովի արգելոցի» հետ»,- ասաց Արման Վերմիշյանը:

Հարցին` արդյոք հասարակական ուշադրությո՞ւնն էր պատճառը, որ Գաբրիել Պողոսյանը չնշանակվեց արգելոցի տնօրենի պաշտոնում, Արման Վերմիշյանը պատասխանեց, որ «աշխատեցին տարբեր գործոններ».

«Նաև հասարակական ուշադրությունն աշխատեց: Մենք էլ բավական ինֆորմացիա ստանում ենք քաղաքացիական նախաձեռնություններից:  Կոնկրետ այս թեկնածուի հետ կապված, եթե չեմ սխալվում՝ առաջին հրապարակումները եղան հենց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որոշակի կասկածներ կային, որ նա չի համապատասխանում տվյալ պաշտոնին և այլն: Եվ բնականաբար մենք էլ անընդհատ կապի մեջ ենք, և քանի որ  «Խոսրովը» մեզ հետ աշխատում է, մենք էլ մեր տեղեկություններով հասկանում ենք` ով ով է, և արդյոք տվյալ անձը մասնակցե՞լ է մրցույթին, թե՞ ոչ: Մրցույթի օրը մենք բոլորս տեսանք, որ իսկապես տվյալ թեկնածուն ոչ մի ձևով չէր համապատասխանում «Խոսրովի արգելոցին», և շատ ճիշտ որոշում կայացրեց, որ ինքնակամ հրաժարվեց զբաղեցնել այդ պաշտոնը: Ես իմացա նաև, որ փաստորեն հրաժարվել է նաև փոխտնօրենի պաշտոնից»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ  մի քանի օր առաջ «Վայրի բնության համաշխարհային հիմանդրամի» ու «Կովկասի բնության հիմնադրամի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ դադարեցնում են «Խոսրովի արգելոցի» ֆինանսավորումը:

Պատճառն այն էր, որ «Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը, ըստ նրանց, չէր համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի:

«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարել էր, որ հիմնադրամը նամակով դիմել է բնապահպանության նախարարությանը` պահանջելով չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի  տնօրենի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթը և նոր մրցույթ հայտարարել:

Սակայն երեկ այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությունը, որում վորոնշյալ  կազմակերպություններին մեղադրում էին նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ. «Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված  իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն  այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ»,- ասված էր նախարարության տարածած հայտարարության մեջ:

Այսօր էլ բնապահպանության նախարությունը հայտարարեց, որ Գաբրիել Պողոսյանը, գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:

Տեսանյութեր

Լրահոս