Պարապ վախտի խաղալիք
ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հերթական կարևոր քաղաքական գործընթացն է սկսել. խմբակցության անդամները ստորագրահավաք են կազմակերպել Սահմանադրական դատարան դիմելու համար:
Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ն, արդեն տևական ժամանակ է, չի կարողանում որոշակի պատասխան տալ պահի ամենակարևոր քաղաքական հարցին. այն է՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելո՞ւ է սեփական թեկնածու, թե՞ պաշտպանելու է ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածուին: Այդ անորոշությունը և չկողմնորոշվածությունը քողարկելու համար և ռեժիմի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելու նպատակով՝ այս կառույցը զբաղված է տարբեր տեսակի անիմաստ և աննպատակ քաղաքական միջոցառումներ կազմակերպելով:
Զարմանալին այն է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցադրաբար հայտարարում է, որ այդ ամբողջ գործընթացը կառավարվում է իր կողմից: Նա արտահերթ նստաշրջանի հրավիրման օրը հրապարակեց մի հոդված, որտեղ ասում էր. «Իսկ եթե, հակառակ Սահմանադրության և բանականության թելադրանքին, առաջնորդվելով «խելագարության կանխավարկածով», նրանք այնուամենայնիվ ընտրեն արտահերթ նիստի տապալման ճանապարհը, ապա դա այլ բան, քան ամբարտավանության, գավառական «զոռբայության» կամ լիակատար իրավական տգիտության արտահայտություն, չի կարելի անվանել»:
Տեր-Պետրոսյանը, անշուշտ, գիտեր ՀՀԿ որոշման մասին` տապալել այդ արտահերթ նստաշրջանի անցկացումը, հենց այդ պատճառով նման համոզվածությամբ այն համարում էր իրավական տգիտության արտահայտություն: Իր նույն հոդվածում, որպես պայքարի աննկուն մարտիկ՝ խորհուրդ էր տալիս չվհատվել.«Բայց դա ամենևին չի նշանակում, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վհատվի և հրաժարվի իր սահմանադրական իրավունքի իրացման մտադրությունից:
Արտահերթ նիստի չկայացման պարագայում նա անմիջապես պետք է դիմի Սահմանադրական դատարան` խնդրի սահմանադրականության անհապաղ քննության պահանջով»:
Ըստ ՀԱԿ պատգամավորների, խախտվել է ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում»:
Առաջին հայացքից՝ թվում է, թե իսկապես կա Սահմանադրության խախտում, քանի որ արտահերթ նիստ չի գումարվել: Բայց ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի առաջին պարբերությունում ասվում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Կարո՞ղ էին ՀՀԿ կամ ՕԵԿ անդամ պատգամավորները մտածել, որ այն, ինչ անում են ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության անդամ պատգամավորները, դեմ է իրենց համոզմունքներին: Իհա՛րկե կարող էին, քանի որ նրանց մեծ մասը համոզված է, որ մեծամասնական ընտրակարգն օգնում է իրենց վերարտադրվել:
Այսինքն՝ որևէ մեկը, այդ թվում և՝ ԱԺ նախագահը, չէին կարող նրանց պարտադրել ներկա գտնվել ԱԺ նիստին: Կարելի է, իհարկե, հակադարձել, որ ՀՀԿ կամ ՕԵԿ պատգամավորներն ԱԺ արտահերթ նստաշրջանին չեն մասնակցել ոչ թե՝ հանուն իրենց համոզմունքների, այլ՝ որովհետև նրանց մեկ կենտրոնից հրահանգել են չմասնակցել: Դա իհարկե այդպես է, բայց մենք հիմա քննարկում ենք հարցի սահմանադրականությունը: Քանի որ, եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ապա ՀԱԿ կամ ԲՀԿ անդամ պատգամավորներն էլ ինչ-որ բանի կողմ կամ դեմ քվեարկելիս՝ հետևում են ոչ թե իրենց խղճին կամ համոզմունքներին, այլ մեկ տեղից եկած հրահանգներին:
Այնպես որ, ըստ Սահմանադրության, ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության պատգամավորները կարող էին բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանը, ինչպես ԲՀԿ պատգամավորները բոյկոտեցին ԱԺ քառօրյան, երբ քննարկվում էր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը:
Կա նաև ԱԺ կանոնակարգ-օրենքը, ըստ որի՝ պատգամավորները պարտավոր են մասնակցել ԱԺ նիստերին: Բայց այս օրենքը որևէ պատասխանատվություն չի սահմանում այն պատգամավորների նկատմամբ, ովքեր չեն կատարել իրենց հիշյալ պարտավորությունը և չեն մասնակցել ԱԺ նիստերին:
Միակ պատասխանատվությունը սահմանված է Սահմանադրության 67-րդ հոդվածով, որտեղ ասվում է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման համար հիմք կարող է ծառայել նաև մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելը: Սահմանադրության մեջ հատուկ շեշտվում է հերթական նստաշրջանի պարագան, ինչը նշանակում է, որ արտահերթ նստաշրջանին մասնակցելն ընդհանրապես պատգամավորների պարտականությունների մեջ չի մտնում, և արտահերթ նստաշրջանին չմասնակցելը որևէ իրավական հետևանքի չի հանգեցնում:
Արդյո՞ք ՍԴ դիմումի տակ կստորագրեն ՀԱԿ մյուս գործընկերները: Կարելի է վստահ լինել, որ ԲՀԿ-ն այս փաստաթուղթը չի ստորագրի, քանի որ այդ ժամանակ միանգամայն տեղին հարց կառաջանա. եթե պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, որպեսզի ապահովվի քվորում, և գումարվի ԱԺ նստաշրջանը, ապա ինչո՞ւ է իր այդ պարտականությանն այդքան արհամարհանքով վերաբերվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով հինգերորդ գումարման ԱԺ նիստերին գեթ մեկ րոպեով չի մասնակցել:
Չի մասնակցել նույնիսկ այն նստաշրջանին, որի հրավիրումը նախաձեռնել էին իր խմբակցության անդամները: Թե՞ քվորում ապահովելու սուրբ պարտականությունը դրված է բացառապես ՀՀԿ-ականների վրա:
Հարց է առաջանում ինչի՞ համար է այս թատրոնը, եթե դրանից որևէ գործնական օգուտ չկա: Հնարավոր է՝ հանդիսատեսին զբաղեցնելու համար. բայց պետք է նկատի ունենալ, որ այն, ինչ այսօր բեմադրվում է, նույնիսկ հանդիսատեսի սրտով չէ, քանի որ հանդիսատեսը բոլորովին այլ ներկայացում է ուզում, ավելի սուր և դրամատիկ: Արտահերթ նստաշրջաններն ու սահմանադրական դիմումները չեն զբաղեցնում հանդիսատեսին, այլ դառը հիասթափություն և նույնիսկ զզվանք են առաջացնում դերասանների և, առավել ևս, բեմադրիչների գեղագիտական անճաշակության և սնանկության նկատմամբ: