Իշխանությունը ձախողեց, իսկ ընդդիմությունը ժողովրդի շահը չպաշտպանեց
Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում զարմանալի օրինաչափություն կա. մենք վավերացնում ենք միջազգային կոնվենցիաներ, ռազմավարական ծրագրեր և այլ փաստաթղթեր, որոնց կիրառումը մի քանի տարի անց հաճախ դառնում է ժամանակավրեպ:
Սա` այն դեպքում, երբ վերջին 10 տարիներին «կյանքի կոչած» միջազգային փաստաթղթերը համարվեցին ոչ արդյունավետ կամ գոնե մասնագետների կողմից հրապարակային գնահատականի չարժանացան: Ամեն դեպքում, տարեկան զեկույցների, մեղմ ասած, անկման թվերը փաստեցին, որ բնակչությանը կարելի է խաբել ռազմավարական ծրագրերով:
1992 թվականից հանդիսանալով «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանը սկսեց մասնակցել այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցեց կազմակերպության բազմաթիվ կառույցների հետ:
Այնուհետև, 2000թ. սեպտեմբերին «Հազարամյակի հռչակագրով» Հայաստանը` որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, պարտավորություն ստանձնեց մինչև 2015թ. հասնել Հազարամյակի զարգացման ութ նպատակների կատարմանը: Հիշեցնենք դրանցից մի քանիսը՝ ծայրահեղ աղքատության և սովի հաղթահարում, համընդհանուր տարրական կրթության ապահովում, կայուն զարգացման ապահովում և այլն:
Այնուհետև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում մշակվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» (ԱՀՌԾ) մեխանիզմը, և ՀՀ կառավարության որոշմամբ 2000թ. մայիսից Հայաստանում սկսվեց ԱՌՀԾ գործընթացը:
Հիշեցնենք, որ դեռ այն տարիներին սոցիալական պաշտպանություն իրականացնող թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր պաշտոնյաները, մասնավորապես` բյուջեի քննարկումների ժամանակ, ԱՀՌԾ-ն համարում էին Հայաստանի աղքատ բնակչության փրկությունը՝ չդադարելով հեռուստաեթերներից դրա «գովքն» անել:
Ընդ որում, շեշտում էին, որ այն, ըստ էության, Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ առաջին ռազմավարական ծրագիրն է, որը վավերացվել էր 2003-2015թթ. ծրագրային ժամանակահատվածի համար: Միայն ծրագրի մշակման համար բյուջեից հսկայական գումարներ ծախսվեցին մոնիտորինգների, փորձագիտական խմբերի, հետազոտությունների, հասարակական կազմակերպություններին ներգրավելու և հանրային քննարկումների համար:
Թեև մեզ հուսադրում էին, որ այս ռազմավարության գործողությունները Հայաստանի բնակչությանը դուրս կբերեն խոր ճգնաժամից, այնուամենայնիվ, չգիտես ինչո՞ւ, 2006 թվականից հետո վերանայելով ԱՀՌԾ իրականացման արդյունքները, ցուցանիշերն ու գերակայությունները, ծրագիրը համարվեց ձախողված:
Փաստաթուղթը մոռացվեց, և ՀՀ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները նույնիսկ նպատակահարմար չգտան ազգաբնակչությանը հրապարակային բացատրություն տալ այն մասին, թե ինչո՞ւ միջազգային խողովակներով և Հայաստանի բյուջեից տրամադրված հսկայական գումարներով իրականացվող ռազմավարությունը չեղյալ համարվեց:
Միայն մասնավոր զրույցներում այդ փաստաթղթի փորձագիտական խմբի անդամները սոցիալական պաշտպանության ոլորտը կառավարող պաշտոնյաներին մեղադրեցին՝ փաստաթուղթը որակելով խայտառակություն, իսկ պաշտոնյաներն էլ այդ խայտառակության համար մեղադրեցին այն մշակող փորձագետներին:
Ինչևէ, 2008թ. ԱՀՌԾ-ին եկավ փոխարինելու մի նոր ռազմավարական ծրագիր՝ «Կայուն զարգացման ծրագիրը»: Կրկին մեծ փողեր ծախսվեցին մոնիտորինգների, հետազոտությունների, մասնագիտական խմբերի և բյուջեի կատարողականներում գրված «հազար ու մի» անհասկանալի տողերի համար: Մինչդեռ, այս ոլորտի փորձագետները վստահեցնում են, որ այս երկու ծրագրերի բովանդակությունը գրեթե իրարից չի տարբերվում.
Փոխվել է վերնագիրը, որն ունի շարժառիթ:
Բանն այն է, որ աշխարհի, միջազգային կառույցների հարթակներից մեր պաշտոնյաները Հայաստանը ներկայացնում են` իբրև տարեցտարի տնտեսական աճ արձանագրող, զարգացող պետություն: Միևնույն ժամանակ, այդ նույն միջազգային կառույցները Հայաստանի իշխանական վերնախավին, որպես հակափաստարկ, մատնանշում էին «Աղքատության հաղթահարման ռազմավարական» ծրագիրը՝ համարելով, որ ծայրահեղ աղքատության վատ ցուցանիշ ունեցող, աղքատությունը դեռևս չհաղթահարած տնտեսությունը չի կարող համարվել զարգացող:
Այնպես որ, «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» հռչակվեց «Կայուն զարգացման ծրագիր» (ԿԶԾ)` միջազգային կառույցներում անհարմարավետության մեջ չընկնելու պատրվակով: Ծրագրերի բովանդակությունը գրեթե նույնն է, ձևակերպումներն են փոխվել: Ի տարբերություն ԱՀՌԾ-ի ԿԶԾ-ի` իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականը:
Այսպիսով, դեռևս 2008թ. ԿԶԾ-ի հեղինակները մամլո ասուլիսներով ծրագրի արդյունավետությունը բառի բուն իմաստով «գերագնահատելով»` հայտարարում էին, որ համաձայն ծրագրի` 2012թ. Հայաստանում աղքատությունը կլինի ոչ ավելի, քան 12%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ոչ ավելի, քան 2%:
Իսկ հիմա վերոնշյալ երկու փաստաթղթերը վավերացրած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը մեջբերենք, որը նա հոկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկած Հայաստանի տնտեսագիտական միության երկրորդ տնտեսագիտական եռօրյա համաժողովի ընթացքում էր հնչեցրել:
«Դեռևս մեծ անելիքներ ունենք, քանի որ հիմնական մարտահրավերները, որոնք մեր առջև կանգնած են, դեռևս մնում են նույնը՝ մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանում, որի տեսակակար կշիռը շուրջ 30% է, իսկ դա խիստ վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»:
Ավելին՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012թ. հունվար-մարտ ամիսների «Պարենային ապահովություն և աղքատություն» զեկույցի թվերը վերլուծելիս` համոզվում ենք, որ աղքատության ոլորտում ոչ միայն առաջընթաց չկա, այլև՝ այն տարեցտարի խորանում է: Եթե 2008թ. աղքատության ցուցանիշը եղել է 17,6%, ապա 2009-ին՝ 34,1%, 2010թ.հասել է 35,8%-ի: Ինչ վերաբերում է 2012թ. 30% աղքատության վերաբերյալ վարչապետի «խոստովանանքին», ապա նաև հիշեցնենք այդ ելույթին հաջորդող ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հայտարարությունը.
«Ես տեղեկություն ունեմ, որ Կառավարությունը հանձնարարություն էր տվել Ազգային վիճակագրական ծառայությանը, որ աղքատության ցուցանիշն իջեցնեն մինչև 27%, իրենց պատվերը կատարել են, հասցրել են 27%-ի, ու հիմա Տ. Սարգսյանն ասում է, որ 30%-ը վտանգավոր է: Նույնիսկ 27% աղքատությունն է խիստ վտանգավոր»: Համենայն դեպս, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էլ` իր հերթին ներկայացնելով Համաշխարհային բանկի հրապարակած վերջին տվյալները՝ Հայաստանի աղքատության թիվ էր մատնանշել 35.9%:
Մինչդեռ նույնիսկ Հայաստանի ամենալավատես սոցիոլոգը, ով շուտով իր կանխատեսումները հրապարակելիս կշեշտի, որ նախագահական ընտրություններին ամենաշատ ձայնը կհավաքի գործող նախագահը, հայտարարեց, որ Հայաստանում աղքատության թիվը 46% Է:
Վերադառնանք 2000թ., որի ընթացքում Հայաստանն անդամակցելով ՄԱԿ-ի նման խոշոր կառույցի` վավերացրեց ԱՀՌԾ-ն, մեր ազգաբնակչությանն ավետելով աղքատությունից դուրս գալու միակ ելքը: Սկսած 2000-ից այդ երկու անվանումներով՝ ԱՀՌԾ և ԿԶԾ, բայց միևնույն բովանդակությամբ ծրագրերի ինչպես` մշակման, այնպես էլ` կատարման համար ՀՀ բյուջեից խոշոր ռեսուրսներ են տրամադրվել:
Մեծ փողեր են եկել նաև դրսից: Այսինքն՝ «մենք» ապրել ենք այն ռազմավարական ծրագրով, որի մասին այսօր որևէ մեկը չի հիշատակում, բայց համարվում է ձախողված: Ի վերջո, արդյոք «սառեցվե՞լ» է նաև ԿԶԾ-ն, և ինչո՞ւ ՀՀ Կառավարության անդամները բնակչությանը բացատրություն կամ հաշվետվություն չեն ներկայացնում այդ կապակցությամբ: Առավելևս, երբ պաշտոնական կայքէջերը չեն տեղադրել ՄԱԿ ներկայացրած այդ երկու ծրագրերի տարեկան զեկույցները:
Ի վերջո, ո՞րն էր 2000-ից երկրի գլխավոր փաստաթուղթ հռչակած ռազմավարության արդյունքը, հատկապես, երբ Հայաստանի ազգաբնակչության մեծամասնության կյանքի որակը չի փոխվել, այլ փոխվել է, համենայնդեպս, այն հատվածի կյանքը, որը դեռ 2000-ից աղքատության ցուցանիշների մեջ ընդգրկված չէր:
ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ` ոչ միայն իշխանական ուժերը, այլև՝ ընդդիմությունը խոսելու է ժողովրդի շահից: Ներկայացնելու է ժողովրդի ձայնը, մինչդեռ 2000-ից ազգաբնակչությանը խաբող իշխանություններին ընդդիմադիր ուժերը երբևէ հարց հնչեցրե՞լ են՝ «Ո՞րն էր աղքատ բնակչության համար իրականացվող ծրագրի արդյունքը»: Ամեն դեպքում, նույնիսկ ընդդիմությունը ազգաբնակչության շահերից ելնելով` այս տարիների ընթացքում այդ ծրագրերի մասին չհիշատակեց, հաշվետվություն չպահանջեց:
ՀԱԿ անդամ Վ. Խաչատրյանը հայտարարում է՝ «Ես տեղեկություններ ունեմ, որ թիվը կեղծված է»: Այս նախադասության մեջ ոչ թե ժողովրդի շահն է, այլ ժողովրդին օգտագործելով` վարչապետին որակում տալը: Ժողովրդի մասին թվերով խոսում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Ամեն դեպքում, ռազմավարական ծրագրերը ժողովրդին ճգնաժամից դուրս բերելու համար էին, և ընդդիմությունը` իբրև ժողովրդի շահը պաշտպանող օղակ, կարող էր վերահսկել այդ ծրագրերի իրականացման գործողությունները: Իշխանությունը ձախողեց, իսկ ընդդիմությունը ժողովրդի անունից երբևէ բացատրություն չպահանջեց:
Հ.Գ. Մեր թերթի առաջիկա համարներից մեկում կանդրադառնանք նաև միջազգային կոնվենցիաներին, որոնք Հայաստանը վավերացնում է, բայց կատարումն այդպես էլ մնում է թղթի վրա: Իսկ տարեկան զեկույցները հրապարակելիս` ընդդիմադիր ուժերի գնահատականներն այդպես էլ չենք լսում:
«168 ԺԱՄ»