Յասիր Արաֆաթի մարմինը էքսգումացիայի կենթարկեն երեքշաբթի օրը
Շատ պաղեստինցիներ համոզված են, որ Արաֆաթին թունավորել են։ Ենթադրվում է, որ նրա հայտնի գլխաշորը կարող է պարունակած լինել պոլոնիում ռադիոակտիվ նյութ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները հաստատել են, որ այդ կասկածները ստուգելու համար երեքշաբթի օրը կկազմակերպվի Արաֆաթի մարմնի էքսգումացիա (արտաշիրմում)։
Արաֆաթը մահացել է 2004թ. Փարիզի հոսպիտալում։ Որպես մահվան պաշտոնական պատճառ՝ նշվում է կաթվածը։ Մի քանի տարի անց ֆրանսիական դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Արաֆաթը կարող էր թունավորված լինել պոլոնիումով։ Ինչպես լրագրողների հայտնել է պաղեստինյան հետախուզության նախկին պետ Թաուֆիկ Թիրավին, Ռամալայում գտնվող դամբարանը բացելուց հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի փորձագետներն Արաֆաթի մարմնից նմուշներ կվերցնեն՝ հետազոտելու նպատակով։
Փորձագետների խմբերը առանձին և միմյանցից անկախ փորձաքննություն կիրականացնեն, իսկ Արաֆաթի մարմինը նույն օրը հողին կհանձնվի։
Կասկածելի մահ
Յասիր Արաֆաթը 35 տարի շարունակ ղեկավարում էր Պաղեստինի ազատության կազմակերպությունը, իսկ 1996թ. դարձավ Պաղեստինյան ինքնավարության առաջին նախագահը։ 2004թ. հոկտեմբերին նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացավ։ 2 շաբաթ անց նրան տեղափոխեցին Փարիզի հոսպիտալ, որտեղ 2004թ. նոյեմբերի 11-ին Արաֆաթը մահացավ 75 տարեկան հասակում։
Նրա այրին՝ Սուխան, սկզբում դեմ էր էքսգումացիային, սակայն հետո ինքը դիմեց պաղեստինյան իշխանություններին՝ արտաշիրմում իրականացնելու խնդրանքով` «ամբողջ ճշմարտությունը պարզելու համար»։ Արաֆաթի մահվան շուրջ տարբեր խոսակցություններ միշտ էլ շրջանառվել են։ Ոմանք ենթադրում են, որ նա մահացել է ՁԻԱՀ-ից։ Մյուսները համոզված են, որ Արաֆաթին թունավորել են իսրայելական գործակալները։ Իսկ 2005թ. «New York Times» թերթը բժշկական տեղեկանքներ հրապարակեց, որոնց համաձայն՝ Արաֆաթը մահացել է անհայտ վարակի հետևանքով առաջացած ուղեղի արյան զեղումից։ Թերթ նաև ներկայացրել էր այդ տեղեկանքների հետ կապ ունեցող անկախ փորձագետների կարծիքը, որոնց եզրակացության համաձայն՝ քիչ հավանական է, որ Արաֆաթի մահվան պատճառը լինի ՁԻԱՀ-ը կամ թունավորումը։
Այդուհանդերձ, այս տարվա օգոստոսին ֆրանսիական ոստիկանությունը հայտարարեց, որ նոր հետաքննություն է սկսում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողները՝ Լոզանի ռադիացիոն ֆիզիկայի մասնագետների օգնությամբ պոլոնիում-2010-ի զգալի հետքեր գտան Արաֆաթի անձնական իրերում, այդ թվում՝ նրա սիրելի գլխաշորի մեջ։ Լրագրողները վստահ են, որ ռադիոակտիվ նյութի այդպիսի քանակությունը (որը թույլատրելի նորման գերազանցում էր 10 անգամ) չէր կարող պատահաբար հայտնվել Արաֆաթի իրերում։