Բաժիններ՝

Արսեն Ղազարյան. «Հույս ունենք, որ շուտով Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները կօրինականացվեն»

«Պաշտոնապես թույլատրված չէ Թուրքիայի հետ տնտեսական և առևտրային համագործակցությամբ զբաղվել, սակայն գործարարները ճանապարհներ են գտնում այդ անելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը նշեց, որ այն ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և իրականացվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և «Եվրասիա` համագործակցության հիմնադրամի» կողմից ստեղծված համատեղ կոնսորցիումի կողմից։ Ինչպես հավելեց Արսեն Ղազարյանը՝ ծրագիրն ունի երկու բաղադրիչ` տնտեսություն և քաղաքացիական հասարակություն։

«Մենք հույս ունենք, որ ծրագրի իրականացման վերջում Թուրքիայից Հայաստան կարտահանվի 77am հայկական կոդով ապրանքներ, և առևտրային հարաբերություններն ավելի քան օրինական կլինեն»,- իր խոսքում ասաց բանախոսը: Ըստ Արսեն Ղազարյանի՝ հայ գործարարները, շրջանցելով առկա քաղաքական և տարածաշրջանային խնդիրները, այնուամենայնիվ, իրանական և վրացական փաստաթղթերով արտահանում են Թուրքիա հայկական ապրանքատեսակներ, սակայն առևտրաշրջանառության ցուցանիշներում դա քիչ տոկոս է կազմում:

Ըստ ՀԱԳՄ նախագահի, առևտրաշրջանառության օրինականացման գործընթացին խանգարում է թուրքական կառավարությունը, քանի որ հայկական կողմը պատրաստ է հարաբերությունների  օրինականացմանը: «Երբ ուսումնասիրում ես, տեսնում ես,  որ փոքր տոկոսով, բայց առևտուր Թուրքիայի հետ Հայաստանն իրականացնում է, սակայն, չես հասկանում՝ ինչո՞ւ, թուրքական կողմը չի օրինականացնում բոլոր փաստաթղթերը: Այս պարագայում կարևոր է նաև Ադրբեջանի գործոնը, որը պարբերաբար հիշեցնում է Թուրքիային, որ եթե Հայաստանը տնտեսապես զարգանա, այդ ամենով վնաս կտա երկու երկրներին՝ Թուրքիային և Ադրբեջանին»,- ասաց Ա. Ղազարյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայից ներկրվում է սննդամթերք, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Ոչ: Թուրքիայից Հայաստան է ներկրվում  միայն արդյունաբերական հումք, մեքենասարքավորումներ, շինանյութ, մեքենասարքավորումների կոմպոնենտներ»:

Վերջում բանախոսը հավելեց, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության շահագրգռվածություն են ցուցաբերում մասնավորապես Արևտյան Հայաստանի՝ Վանի, Դիարբեքիրի, Մուշի, Էրզրումի տարածաշրջանների գործարարները, որոնք իրենց խոսքում էլ պարբերաբար նշում են թե՛ 1915թ. Ցեղասպանության փաստի իրողությունը, թե՛ այն, որ հարկավոր է փոխհատուցել բոլոր տուժածներին և նրանց սերունդներին: «Այն հանգամանքը, որ թուրքական  հասարակությունում խոսում են այդ ողբալի փաստի մասին, ես համարում եմ արդեն իսկ առաջխաղացում: Ոչ մեկը չի ստիպում թուրքերին կոչ անել այդ իրողության մասին»,- նշեց Ա.Ղազարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս