«Չի կարելի չտեսնել, որ այս առաջարկը կարող է որոշակի պարագայում ծառայել հենց նախագահին»
Հարցազրույց սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ
– Ձեր կարծիքով` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին ԲՀԿ առաջարկը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
– Հայաստանում չեն աշխատում տնտեսական և իրավական ինստիտուտների հիմնական հանգույցները, դրանց եկել են փոխարինելու կոռուպցիոն գործարքները, չեն գործում օրենքները, դատական համակարգը դարձել է վարչական համակարգի կցորդ, խարխլվել է արժեհամակարգը, փլուզվել են սոցիալական համախմբման հիմքերը` սոցիալական արդարության մեքենայի փոխարեն գործում է վախի, պարտադրանքի մեքենան: Նշանակում է` խնդիրն ավելի խորը և համապարփակ է, քան այն, որ կիսանախագահական համակարգը հակակշիռների բացակայության պարագայում բերել է մենիշխանության միտումների հզորացմանը բոլոր ոլորտներում: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը կամ նախագահին խորհրդարանով փոխարինելը չեն կարողանա լուծել այս հիմնախնդիրներից որևէ մեկը, եթե չստեղծվեն գործող հակակշիռներ և չաշխատեցվեն ինստիտուտները:
Կարծում եմ` այսօր պետք է ճիշտ ախտորոշել իրավիճակը և մատնանշել այն ծնող իրական պատճառները, հասկանալ, թե ո՞րն է Հայաստանի խնդիրը և ո՞րն է համակարգի անարդյունավետության բուն պատճառը: Միայն նման սոցիալական ախտորոշումը կարող է վկայել` արդյոք պետք է փոխվի՞ կառավարման ձևը, թե՞ անհրաժեշտ է շտկել իշխանության գործառնման մեխանիզմը:
Կարևորն այն չէ, թե ո՞վ է կանգնած բուրգի գլխին, կարևոր է համակարգի գործառնման պայմանների ապահովումը և ինստիտուտների վերակենդանացումը: Մնացածը պատրանքների ոլորտից է: Ըստ իս` հայ նորագույն պատմության առանցքային այս ժամանակահատվածում պատրանքները, իրոք, վտանգավոր են:
Առանց այդ էլ առանցքային ժամանակահատվածից մենք արդեն բավական ժամանակ կորցրել ենք` գոյատևման մինիմալ պայմանների ստեղծման, պատերազմի և ղարաբաղյան սինդրոմի հաղթահարման վրա: Այժմ, երբ իրապես անկախ Հայաստանի և նոր սուբյեկտի ի հայտ գալու բուն գործընթացն է ծավալվել, մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու: Պատերազմող երկրում կառավարող մարմինը չի կարող լինել ամորֆ և կամազուրկ, այն պետք է լինի կուռ, պատասխանատու և ունակ թելադրված բախտորոշ լուծումների:
Պատերազմող երկիրը կարիք ունի արագ հավաքակոչման: Քանի որ շարունակում ենք լինել պատերազմող երկիր, մենք չենք կարող ունենալ կառավարման ամորֆ մարմին: Հավելեմ, որ գործող պառլամենտը մեզ լավ ծանոթ է:
Եթե նման աղճատված, ոչ պրոֆեսիոնալ պառլամենտին ավելի առաքելություններ շնորհենք, դրանից երկիրը չի շահի: Բայց լինենք լուրջ. կառավարման և վարչաձևի փոփոխման առաջարկն առնչություն չունի ու միտված չէ երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Սա պահի ազդեցության տակ ծնված նախաձեռնություն է, երբ մեկ հայտնի քաղաքական ուժն` իր առջև կանգնած խնդիրները լուծել չկարողանալու պատճառով, նոր գաղափար է իջեցնում ատյան և փաթաթում է հանրությանը մի հարցի քննարկում, որի լուծմանը հասարակությունն այս պահին պատրաստ չէ:
Համոզված եմ, որ այդ ուժն իր համար ճիշտ, բայց հասարակության համար սխալ ժամանակ է ընտրել` նման հարցի քննարկման առաջարկի համար: ԲՀԿ-ն կարիք ունի ժամանակի, քանզի չի կարողանում գտնել իր առջև ծառացած խնդրի լուծումը: Կարծում եմ` այդ ուժը պետք է խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռներ կառավարման և վարչաձևի փոփոխման առաջարկի քննարկումը:
Հասարակությունը պատրաստ չէ կառավարման խորհրդարանական համակարգի անցմանը` նաև այն պատճառով, որ մեր ընտրությունները մնում են կոռումպացված և չծառայող իրենց նպատակին: Ընտրության մեխանիզմը չի շտկվել, խորհրդարանն էլ չի փոխվելու, մնալու է նույնը: Այդ ո՞ր կոլբայի մեջ պետք է աճեցնենք նոր խելոք, ազնիվ և պատասխանատու պատգամավորներին:
Այդ ինչպե՞ս պետք է ձևավորենք նոր խորհրդարանի նոր անդամներին. չէ՞ որ նույն մարդիկ են լինելու: Ընտրական համակարգը եղել է կոռումպացված և շարունակում է մնալ կոռումպացված: Արդյոք կկարողանա՞նք ձերբազատվել կոռումպացված ընտրությունների մշակույթ դարձած ավանդույթից:
– Այդ դեպքում ինչի՞ համար է ԲՀԿ-ն նախաձեռնել այս քննարկումը: Սա պարզապես նախընտրական PR ակցիա՞ է:
– Ոչ, ԲՀԿ-ն PR չի իրականացնում: Խորհրդարանական կառավարման հարցի անցման քննարկումով ԲՀԿ-ն ժամանակ է շահում, որ կարողանա գտնել նախագահական ընտրությունների հետ կապված անպատասխան մնացած հարցը: ԲՀԿ-ն լուծում է իր ժամանակի պակասի խնդիրը` այլապես ԲՀԿ-ն հանդես կգար ավելի խորը վերլուծություններով` և համոզեցուցիչ փաստարկներով:
Առանց մեխանիզմի փոփոխության հաշվարկի, զարգացման ու արդյունքների լուրջ վերլուծության` ԲՀԿ-ն չէր առաջարկի մի փոփոխություն, որը Հայաստանի հարցերը չի լուծում:
– Եթե համակարգի փոփոխության առաջարկով ԲՀԿ-ն, ինչպես ասացիք, ժամանակ է շահում նախագահական ընտրություններից առաջ, այդ դեպքում ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն ինչո՞ւ են մասնակցում ԲՀԿ-ի խաղին:
– Կարծում եմ` սա վաղուց մշակած գաղափար էր: Այս իդեան ընդդիմությունը վաղուց է քննարկում, և ոչ մի նորություն երևան չի եկել: Կարծում եմ` այս գաղափարն անգամ Հայաստանում չէ, որ ծնվել է: Իսկ թե ինչո՞ւ է ընդդիմությունը միավորվել այս հարցի շուրջ ու քննարկում, այն, կարծում եմ` պետք է հարցնել իրենց:
Հնարավոր է, որ ընդդիմությանը թվում է, թե սրանով նեղության մեջ են գցում գործող նախագահին: Սակայն չի կարելի չտեսնել, որ այս առաջարկը կարող է որոշակի պարագայում ծառայել հենց նախագահին: Հնարավոր է` նաև ընդդիմությանը ոգեշնչում է Վրաստանի հաջողված օրինակը, սակայն չմոռանանք, որ նախքան կառավարման ձևի փոփոխությունը, Վրաստանն իրականացրեց ինստիտուցիոնալ և արժեքային լուրջ, խորքային բարեփոխումներ. Վրաստանը սովորեցրեց իր քաղաքացիներին` ապրել կոռուպցիազերծ հասարակությունում:
Հավատում եմ, որ փողկապը ծամող Միխայիլ Սահակաշվիլին ընդմիշտ կմնա վրաց պատմության մեջ: Իր կառավարման երկու ժամկետի ընթացքում ինքը չկայացած երկիրը դարձրեց ցուցափեղկային ժողովրդավարության կայացած երկիր: Նա սովորեցրեց վրացիներին հասկանալ, որ երկրի նախագահը թագավոր չէ, այլ` անխոհ պայքարող, որն իր պետության համար նորանոր բարիքներ է բերում: Իհարկե, Միշոն չկարողացավ և չէր էլ կարող լուծել Վրաստանի կուտակված հիմնարար խնդիրները` ինքը չլուծեց ազգային հարցն ու կորցրեց տարածքներ, վերջնականապես չկարողացավ հաղթահարել կոռուպցիան` տեղափոխելով այն լուսանցք, սակայն ինքը գործի դրեց ժողովրդավարական փոփոխությունների մեքենան:
Սահակաշվիլին կշարունակի գործել ի օգուտ իր երկրի բարօրության` արդեն որպես ընդդիմադիր: Այդ դերում նա ցույց կտա վրացիներին, թե ո՞րն է ճշմարիտ ընդդիմության դերը և գործելաոճը: Անտարակույս, ինքը վրացիներին կտա այն գաղափարը, որ ճշմարիտ ընդդիմությունն այն ուժը չէ, որ նստած երազում է իշխանության մասին` արթնանալով ընտրությունից ընտրություն, այլ այն ուժն է, որը թույլ չի տալիս իշխանությանը` ունենալ գլխապտույտ սեփական իշխանության հզորությունից և խժռել սեփական երկիրը: Իրոք, բարենորոգումների սիրահար և անզուգական վարպետ Միխայիլ Սահակաշվիլին ճակատագրի նվեր էր Վրաստանի համար, սակայն զերծ մնանք նրա դերի գերագնահատումից:
Ինքը ոչինչ չէր կարողանա անել առանց ազգի, որը դրել էր նպատակ` կառուցել սեփական պետությունը, և առանց վրացական հասարակության, որը հասկանում էր իր պատասխանատվությունն այդ պետության կառուցման գործում: Ուրեմն, հաջողությունը պետք չէ միայն վերագրել Սահակաշվիլիին, բայց նաև` ազգին և հասարակությանը, որոնց միավորել էր Վրաստանի ապագայի տեսլականը և երազանքը: Վրացական փորձը շատ օգտակար դասեր է պարունակում և՛ հայկական ընդդիմության, և՛ հայկական իշխանության համար:
Այդ փորձից հետևում է, որ մեզ պետք է փնտրել ոչ թե հայկական Իվանիշվիլիին, այլ հայկական Սահակաշվիլիին, ով պարարտ հող կստեղծի և կնախապատրաստի մեր երկիրը և հասարակությունը համակարգի կտրուկ և հիմնարար արդիականացմանը: Առանց նման նախապատրաստման` հնչող առաջարկները` կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան նոր պատրանքի ստեղծման փորձ:
Ես չեմ կասկածում, որ շուտով հայկական ընդդիմությունը կհամոզվի, որ նշմարվող արահետը մեզ չի տանում դեպի տաճար: Հայ հասարակությունն այսօր համախմբված է իր պահանջների ու իրավունքների շուրջ: Այն աստիճանաբար սովորում է, որ կարելի է պահանջներ ներկայացնել իշխանությանը և հասնել հաջողության` համառ լինելու դեպքում: Հայ հասարակությունը դանդաղորեն հասունանում է, երբ նախապատրաստում է իրեն ոչ կոռումպացված ընտրություններին:
Այս պարագայում ընդդիմությունը նոր պատրանքներ սերմանելու փոխարեն` պետք է ամրապնդի հասարակության կամքն ու հավատը դեպի իր ուժերը և բացատրի իշխանությանը, որ եթե այն չիրականացնի հեղափոխություն վերևից, ստիպված կլինի ճաշակել ներքևից եկող հեղափոխության պտուղները: Մի կարևոր խնդիր ևս կա լուծելու. ընդդիմությունն է, որ պետք է գտնի սոցիալական համախմբման առանցքն ու արժեքային բանալին: Ընդդիմության խնդիրն է` նաև հասարակությանը տանել հաղթանակից հաղթանակ` թույլ չտալով, որ հասարակությունն ընկնի հիասթափությունների և սոցիալական դեպրեսիայի մեջ:
Ես ուշադիր հետևում էի ԱՄՆ նախագահական ընտրություններին ու տեսա, որ երկու թեկնածուներն էլ շեշտեցին այն արժեքները, որոնք միավորում են ԱՄՆ-ը: Միթ Ռոմնին ասաց, որ Նահանգները միավորող արժեքները բարեգործությունն են, ազնվությունը և ընտանիքը: Նույն արժեքները թվեց և Բարաք Օբաման: Հարց է առաջանում` ո՞ր արժեքներն են այսօր միավորում հայերին` ամեն գնով գոյատևե՞լը, թե՞ ազնվությունը, պատասխանատվությունը սեփական արդիական երկիրն ունենալու համար: Նման կարևոր հարց, ինչպիսին սոցիալական համախմբման առանցքի, իղձերի միավորման հարցն է, մեզանում լուծված չէ:
Այն պնդումները, թե անցում կատարելով խորհրդարանական կառավարման, այս և նմանատիպ հարցերը կլուծվեն` հիմնավորված և փաստարկված չեն: Սա կստեղծի միայն խնդիրների լուծման պատրանք և նոր հիասթափություն: Եվ վերջին հաշվով` կվատնվի այդքան թանկ առանցքային ժամանակը:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ