Պետք է փնտրել ոչ թե հայկական Իվանիշվիլիին, այլ հայկական Սահակաշվիլիին
«Կառավարման և վարչաձևի փոփոխման առաջարկն առնչություն չունի ու միտված չէ երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Սա պահի ազդեցության տակ ծնված նախաձեռնություն է, երբ մեկ հայտնի քաղաքական ուժն` իր առջև կանգնած խնդիրները լուծել չկարողանալու պատճառով, նոր գաղափար է իջեցնում ատյան և փաթաթում է հանրությանը մի հարցի քննարկում, որի լուծմանը հասարակությունն այս պահին պատրաստ չէ:
Համոզված եմ, որ այդ ուժն իր համար ճիշտ, բայց հասարակության համար սխալ ժամանակ է ընտրել նման հարցի քննարկման առաջարկի համար: ԲՀԿ-ն կարիք ունի ժամանակի, քանզի չի կարողանում գտնել իր առջև ծառացած խնդրի լուծումը:
Կարծում եմ` այդ ուժը պետք է խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռներ կառավարման և վարչաձևի փոփոխման առաջարկի քննարկումը»,- մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ-ի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին առաջարկին, ասել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:
«Հնարավոր է`ընդդիմությանը թվում է, թե սրանով նեղության մեջ են գցում գործող նախագահին: Սակայն չի կարելի չտեսնել, որ այս առաջարկը կարող է որոշակի պարագայում ծառայել հենց նախագահին,- ասել է նա` ավելացնելով,- Ես չեմ կասկածում, որ շուտով հայկական ընդդիմությունը կհամոզվի, որ նշմարվող արահետը մեզ չի տանում դեպի տաճար»:
Հայտնի սոցիոլոգը զուգահեռներ անցկացնելով Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների և հայաստանյան զարգացումների միջև` նշել է, որ վրացական փորձն օգտակար դասեր է պարունակում և՛ հայկական ընդդիմության, և՛ հայկական իշխանության համար:
«Այդ փորձից հետևում է, որ մեզ պետք է փնտրել ոչ թե հայկական Իվանիշվիլիին, այլ հայկական Սահակաշվիլիին, ով պարարտ հող կստեղծի և կնախապատրաստի մեր երկիրը և հասարակությունը համակարգի կտրուկ և հիմնարար արդիականացմանը: Առանց նման նախապատրաստման` հնչող առաջարկները` կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան նոր պատրանքի ստեղծման փորձ»,- ասել է Լյուդմիլա Հարությունյանը:
Լյուդմիլա Հարությունյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: