Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցները (լուսանկարներ)

1. Patek Philippe Caliber 89,արժեքը՝  $5-6 000 000

Այս ժամացույցը համարվում է աշխարհի ոչ միայն ամենաթանկ, այլև կառուցվածքով  և մեխանիզմով ամենաբարդ ժամացույցներից մեկը: Այն բաղկացած է 1728 դետալներից: Ժամացույցի վրա վարպետները տքնաջան աշխատել են 9 տարի շարունակ: Պատրաստված է 75% մաքրության ոսկուց, որի քաշը կազմում է 1,1 կգ: Առաջին օրինակն արտադրվել է 1989-ին` Patek Philippe ընկերության 150-ամյակի կապակցությամբ: Այս ժամացույցներից ներկայումս կա ընդամենը 10 օրինակ: Ամբողջովին ձեռքի աշխատանք է: Ժամացույցի կորպուսը 18 կարատանոց ոսկուց է և 126 թանկարժեք քարերով է զարդարված: Արտաքին բաց թվատախտակը ցույց է տալիս ժամը, րոպեները և վայրկյանները: Կորպուսի հակառակ կողմից հնարավոր է տեսնել   աստղային ժամանակը՝ այն  ժամանակահատվածը, որի ընթացքում մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ: Երկիր մոլորակն Արեգակի շուրջ պտտվում է էլիպսաձև ուղեծրով՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջ կատարում է 1 լրիվ պտույտ, կոչվում է տարի, իսկ իր առանցքի շուրջ 1 լրիվ պտույտ կատարելու ժամանակահատվածը՝ օր: Calibre 89-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցույց է տալիս արևածագն ու մայրամուտը, 125 մայրաքաղաքների ժամերը, օրացույց ունի, զարթուցիչ,  բարոմետր, կողմնացույց և աստղային քարտեզ:

2. Patek Philippe Platinum World Time, $4 000 000

Շատ էլեգանտ և խիստ ոճի ու շքեղ դիզայնով ժամացույց է, որը կարողանում է ցույց տալ աշխարհի բոլոր ժամային գոտիների ժամը: Այն համարվում է «Աշխարհի քաղաքացու» ժամացույց: Այս մոդելը ևս առանձնանում է իր բարդագույն մեխանիզմով և կառուցվածքով:

Կարդացեք նաև

 

 

3. Patek Philippe Model 2523 Heures Universelles, $2 890 000

Բարձրակարգ վարպետների ձեռագործ այս ժամացույցը ոսկուց և թանկարժեք քարերով է պատրաստված: Թվատախտակի վրա պատկերված է Հյուսիսային Ամերիկայի գունավոր քարտեզը, իսկ շուրջը քաղաքների և երկրների 41 անվանումներն են: 2006 թվականին աճուրդներից մեկում այն վաճառվել է 2.890.000 դոլարով: Առհասարակ նման թանկարժեք ժամացույցներն ապահով ներդրման միջոց են համարվում: Այս ժամացույցները շատ ամուր են, միշտ ժամանակակից են, ջրադիմացկուն և պատրաստված են լավագույն ոսկուց և թանկարժեք քարերից, այլ նյութերից: Այսպիսի ժամացույցները երբեք չեն կորցնում իրենց արժեքը:

4. Patek Philippe Model 2499, $2 280 000

Շվեյցարական ընկերության այս մոդելը բացառիկ է, և թողարկումից տարիներ անց վաճառքի է հանվել մոտ 400 նմուշ: Այս մոդելի հատկապես թվով 9 ժամացույցներ առավել արժեքավոր են համարվում. դրանք թողարկվել են 1957թ. և պատրաստված են եղել 18 կարատանոց վարդագույն ոսկուց: Կոլեկցիոներների այս մոդելը գրավում է հավերժական օրացույցով և քրոնոգրաֆով:

Կորպուսի չափը 37.5 մմ է: Առաջին անգամ այս մոդելն արտաքին աշխարհին հայտնի է դարձել  Patek Philippe ընկերության 150-ամյակի կապակցությամբ Ժնևում կազմակերպված թեմատիկ Antiquorum աճուրդի ժամանակ, կոչվում էր՝ «Patek Philippe-ի արվեստը»: Այդ ժամանակ աճուրդում պլատինե այս մոդելը մի կոլեկցիոների վաճառվեց 513988 դոլարով:  Հայտնի ռոք երաժիշտ Էրիկ Քլեպտոնը 10 տարի առաջ գնեց պլատինե Patek Philippe 2499: Թե ումի՞ց նա գնեց ժամացույցը և որքանո՞վ՝ գաղտնի պահվեց: Միայն հայտնի է, որ վաճառվեց մասնավոր հավաքածուից: 2007 թվականին այս մոդելը 2 280 000 դոլարով է վաճառվել Christie աճուրդի տանը:

Այս աճուրդի տան պատմության մեջ առաջին անգամ է գրանցվել նման դեպք, երբ տղամարդու ժամացույցը վաճառվում է այդքան թանկ գնով: 2007 թվականից հետո ժամացույցի եզակի քանակությամբ վարդագույն ոսկուց պատրաստված մոդելն աճուրդի է դրվել աշխարհահռչակ աուկցիոններում և վաճառվել ավելի թանկ գնով, քան 2 280 000 դոլարը:

5. Vacheron Constantin Tour de I`lle, $1 500 000

Շվեյցարական այս ժամացույցը պատրաստված է վարդագույն ոսկուց: Մեխանիզմը կազմված է 834 մասից և համարվում է բարդագույն կառուցվածքով ժամացույցը: Թվատախտակը 18 կարատանոց ոսկուց և 38 թանկարժեք քարերով է: Թողարկվել է բրենդային այս ընկերության 250-ամյակի կապակցությամբ:

Ասում են, որ յուրաքանչյուր նմուշի վրա վարպետներն աշխատել են մոտ 10 հազար ժամ: Ի դեպ, այն պատրաստվել է 7 օրինակից  և յուրաքանչյուր ժամացույցի հետնամասում յուրօրինակ և մեկը մյուսից տարբերվող պատկերներ են դաջված: Ցույց է տալիս ժամը, րոպեները և վայրկյանները:  Աստղային և արեգակնային ժամանակն է ցույց տալիս, լուսնային օրացույցը, և այլն:

6. Chopard 201-carat, 25.000.000 $

 

 

 

 

 

 

 

 

2008 թվականին աշխարհահռչակ Chopard ընկերությունը ներկայացրեց աշխարհի ամենաթանկարժեք կանացի ժամացույցները՝  «Chopard 201-carat» անվամբ, որոնց գինը կազմում էր 25 մլն դոլար: Ժամացույցի իրանն ամբողջությամբ ծածկված էր գունավոր ադամանդներով, որոնցից յոթը՝ 12 կարատ կապույտ ադամանդներն էին, 15 կարատ վարդագույն ադամանդները,  և ավելի քան 600 դեղին ադամանդներ:  Ընդհանուր առմամբ՝ 201 կարատ ադամանդ:

7. Patek Phillipe’s Supercomplication, $11.002.500

1932 թվականին նյույորքյան բանկիր Հենրի Գրեյվզը ցանկացավ ունենալ աշխարհի տեխնիկապես բարդագույն ժամացույցը:

Նա դիմեց շվեյցարական Patek Phillipe ընկերությանը, որը 5 տարվա ընթացքում կարողացավ ստեղծել գրպանի այդ ժամացույցը՝ բաղկացած 900 մասերից: Կորպուսը ոսկուց է, թվատախտակը՝ արծաթազօծ: Ժամացույցը 24 տարբեր ֆունկցիաներ ունի, որոնցից մեկը մայրամուտի և արևածագի ժամանակացույցն է:

Այս մոդելը մինչ օրս համարվում է աշխարհի ամենաբարդագույն քրոնոմետր ժամացույցը՝ իր կառուցվածքով, ֆունկցիաներով և մեխանիզմով, լոնդոնյան Բիգ Բենի ձայնով: Թվատախտակն ասես Գրեյվզի ռեզիդենցիայի պատուհանից երևացող գիշերային երկինքը լինի: Ընդ որում, պատկերը ժամանակի հետ փոփոխվում է:

Որևէ մեկին մինչ օրս հայտնի չէ, թե բանկիրն այն որքանո՞վ ձեռք բերեց, սակայն աճուրդում այն 1999 թվականին վաճառվել է 11.002.500 դոլարով:

Ըստ Bloomberg-ի՝ Գրեյվզից հետո Supercomplication-ի սեփականատեր է դարձել Քաթարի թագավորական ընտանիքի Շեյխ  Saud Bin Mohammed Bin Ali Al-Than-ը՝ Sotheby’s -ում դրա համար վճարելով 11.002.500 դոլար:

Ի դեպ, ասում են, որ առաջիկայում հռչակավոր այս ժամացույցը կրկին կդրվի վաճառքի: Թե որքանո՞վ այն կվաճառվի՝ հայտնի չէ: Հայտնի է, որ Քաթարի թագավորական ընտանիքի անդամները Sotheby’s խոստացել են աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցները և այլ կոլեկցիոն հնաոճ իրեր՝ 83 մլն դոլար արժողությամբ՝ աճուրդի տան պարտքերը փակելու համար:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս