«Վարչախումբը փորձում է այս փուլում ժողովրդավարացման իմիտացիա սարքել»

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ

– «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը հանդես եկան հայտարարություններով` ստեղծելու պլատֆորմ նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական քննարկումներ սկսելու համար: Ըստ Ձեզ` այս քննարկումներն ի՞նչ արդյունքներ կտան ընդդիմությանը, և, Ձեր կարծիքով, ընդհանրապես ճի՞շտ է այս փուլում նախագահական համակարգից կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցը բարձրացնելը:

– Հայաստանի քաղաքական (կառավարման) մշակույթը և կառավարման համակարգը վաղուց իրենց սպառել են, նրանց գոյությունն ինքնանպատակ է: Ավելի վատթար է այդ մշակույթն ու համակարգը կրող «վերնախավի» վիճակը: Ես հատուկ եմ օգտագործում «վերնախավ» բառը, քանի որ մեզանում կառավարման լծակներին տիրապետող մարդկային այդ տեսակին «ընտրախավ» բառով կոչելը մեղք է:

Դրա ներկայացուցիչների ջախջախիչ մեծամասնությունը մարդկային-բարոյական ոչ մի որակով ընտրյալ լինելու որևէ չափանիշի չեն համապատասխանում: Նրանք էությամբ ու բնույթով օգտապաշտ առևտրականներ են, իրենց վեր են դասում ժողովրդից և նպատակ են դրել ժողովրդին ստրկացնելու ու կեղեքելու միջոցով հնարավորինս երկար ժամանակահատվածում բավարարել իշխելու և հարստանալու իրենց անհագուրդ տենչը, իսկ երկրի բնական ու մարդկային ռեսուրսները սպառելուց հետո` հեռանալ մակաբուծելու համար նպաստավոր այլ վայրեր:

Կարդացեք նաև

Մինչդեռ «ընտրախավ» բառը կիրառելի է ժողովրդին անվերապահորեն և անձնվիրաբար ծառայելու ունակ մարդկային սերուցքի անվանումը նշանակելու համար: Փաստորեն, Հայաստանի քաղաքական (կառավարման) մշակույթն ու կառավարման համակարգը և, առաջին հերթին, օգտապաշտ առևտրականի էություն ու բնույթ ունեցող «վերնախավն» անհամատեղելի են ազգի, պետության և մարդու հետագա գոյության հետ:

Վիճակն ավելի աղետալի է դառնում այժմ աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթական անկումների և փոփոխությունների առաջացրած համակարգային ճգնաժամի ազդեցությամբ: Ասվածից պետք է հետևություն անել, որ կառավարման այս կամ այն համակարգի ընտրությունը հարցի լուծում չէ: Խորհրդարանական համակարգի պայմաններում ևս կարող է լինել բռնապետություն: Մեր աչքի առջև այս տարի մայիսի 6-ին տեղի ունեցած, այսպես կոչված, խորհրդարանական ընտրություններն ասվածի վառ ապացույցն էին: Հայաստանում դասական իմաստով չկան քաղաքական կուսակցություններ և գաղափարներ, չկա քաղաքական պայքար:

Տիրող վարչախումբը և պաշտոնական ընդդիմությունը մարդկային նույն տեսակից են, և նրանց պայքարի նպատակն իշխանության լծակներն ու նյութական բարիքներն են: Իսկ մինչ այդ նրանք գործակցում են և ձգտում են պահպանել իրենց վերարտադրության քաղաքական միջավայրը:

Խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը վարչախումբն է ծնել, սակայն ասպարեզ է նետել պաշտոնական ընդդիմության միջոցով: Թեպետ հատկապես ԲՀԿ-ին չի կարելի նույնիսկ գործակցող ընդդիմություն անվանել, քանի որ այն իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի օրգանական մաս է կազմում:

Այդ մասին են վկայում դրա առաջնորդի կողմից Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին ուղեկցելու, երկրից մեկնելիս և վերադառնալիս` բրեժնևյան ավանդույթներով դիմավորելու ու ճանապարհելու փաստերը, ինչպես նաև` այդ կուսակցությունը ներկայացնող պատգամավորների քվեարկությունները: Մասնավորապես` հատկանշական է վերջին դեպքը, երբ այդ կուսակցության ներկայացուցիչն, անհեթեթ պատրվակով նենգաբար ճողոպրելով, խուսափեց Վահե Ավետյանի սպանության գործով խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ հարցի քվեարկությանը մասնակցելուց և ձախողեց այդ ձեռնարկումը:

Խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարի արծարծումը պետք է գնահատել որպես վարչախմբի և պաշտոնական ընդդիմության միջև գործարքի դրսևորում: Այդ գործարքի մեջ յուրաքանչյուրն իր շահերն ու դրանք արտահայտող նպատակներն ունի: Վարչախումբը, առաջին հերթին` դրա առաջնորդը, փորձում է այս փուլում ժողովրդավարացման իմիտացիա սարքել, իսկ, այսպես կոչված, նախագահական ընտրություններից հետո ժողովրդավարացման քողի տակ սահմանադրական փոփոխություններ կատարել ու խորհրդարանական կառավարման միջոցով ավելի կոնսոլիդացված իշխանական համակարգ ձևավորել և դրանով իսկ վերջնական ավարտին հասցնել ժողովրդի ստրկացումը:

Իսկ ընդդիմությունը փորձում է այդկերպ կենսունակ պահել իրեն սնուցող քաղաքական միջավայրը և մարդկանց թյուրիմացության մեջ գցելու միջոցով որոշակի թվով համախոհներ գրավել ու ավելի մեծ պատառ պոկել իշխանության բլիթից: Ընդդիմադիրների մի մասը հույս է փայփայում, որ հետո հրաշք տեղի կունենա, և ինչ-որ պահի իրենք կկարողանան տիրել կառավարման լծակներին:

Պետք է ասել, որ նրանց հույսերը սին են: Վարչախումբը մյուս ուժերին, իսկ դրա շախմատիստ առաջնորդը` բոլորին, այդ թվում` վարչախմբի պարագլուխներին խժռելու հաստատ նպատակներ ունի:

– «Սարդարապատ» շարժման մասին կարծիքներ են հնչում, որ չնայած շարժումը շատ խոստումնալից սկիզբ ուներ, բայց վերջին շրջանում կարծես թե առաջընթաց չկա: Ինչո՞ւ «Սարդարապատ» շարժումը քաղաքական ակտիվություն չի դրսևորում այլևս:

– «Սարդարապատ» շարժման ակտիվության նվազման վերաբերյալ գնահատականը հետևանք է այն բանի, որ իրավիճակը գնահատվում է նեխած քաղաքական դաշտի սահմաններում և դրա կանոններով ու տրամաբանությամբ: «Սարդարապատ» շարժումը գործում է այդ դաշտից դուրս` մերժելով և արհամարհելով քաղաքական այդ ճահճի կանոններն ու տրամաբանությունը:

Շարժումը ներկայումս շատ ավելի ակտիվ է: Ավելին`այն անցում է կատարում դեպի գաղափարների իրականացման փուլ: Նկատի ունեմ մեր կողմից հրապարակված այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության և նոր Հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզը, որի նպատակն է` ապահովել Հայաստանում ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացի մեկնարկը: Ճանապարհային քարտեզի առաջին փուլով Նախախորհրդարանը մշակելու է այդ պետության պատկերացումն արտահայտող Ռազմավարական հայեցակարգը, այլ հիմնարար փաստաթղթեր, ինչպես նաև ապահովելու է այդ պետության Հիմնադիր խորհրդարանի ձևավորումը:

Հիմնադիր խորհրդարանը յուրաքանչյուր քաղաքացու հետ կնքելու է պայմանագիր, որով քաղաքացին Հիմնադիր խորհրդարանին լիազորելու է բավարար քանակի պայմանագրեր կնքելուց հետո անհաղթահարելի ճնշում գործադրել վարչախմբի վրա, հեռացնել նրան կառավարման լծակներից, մշակել նոր, ազգային կառավարման համակարգն արտացոլող Սահմանադրություն:

Հայաստանում տեղի ունենալիք էական ու առաջնային փոփոխությունը լինելու է իրեն ստրկատեր համարող, օգտապաշտ առևտրականի հոգեբանություն ունեցող «վերնախավի» փոխարինումը ազգին ու պետությանը ծառայելու պատրաստ և ունակ ընտրախավով: Փառք Աստծո, մեր ժողովրդի արգանդը չի չորացել և բավարար քանակությամբ նվիրված և ուսյալ կառավարիչներ կարող ենք գտնել նոր սերնդի շարքերում:

– Ձեր կարծիքով` այսօր գործող նախագահն, ընդհանրապես, իրական մրցակից ունի՞ առաջիկա ընտրություններում:

– Չունի և չի կարող ունենալ: Պատճառների մասին վերևում արդեն ասացի:

– Որպես Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներից մեկը` ի՞նչ կարծիք ունեք սաֆարովյան գործից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ: Խնդրի կարգավորումը կարծես գնալով ավելի շատ է մտնում փակուղի: Ըստ Ձեզ` ճի՞շտ է շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ, և որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:

– Արցախը Հայաստանի մասն է: Ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ու համապատասխան կառավարիչներ ունեցող ապագա պետությունը հայության համար ամենանպաստավոր եղանակով ավարտին կհասցնի մեր ազատամարտիկների արյամբ ու ժողովրդի տառապանքներով ձեռք բերած արդյունքը և կամբողջացնի Հայրենիքի այս հատվածը: Իսկ մինչ այդ` ազգի շահերն իր կլանային նպատակներին ծառայեցնող վարչախումբը և նրա հետ գործակցող պաշտոնական ընդդիմությունն աշխարհաքաղաքական ուժերի շահերի միջակայքում փորձում են իրենց բաժինը ստանալ:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, ապա քիչ հավանական եմ համարում: Ավելի հավանական եմ համարում ադրբեջանական նույնաբնույթ վարչախմբի կողմից իր հայաստանյան գործընկերներին աջակցելու նպատակով իրավիճակի սրման կառավարելի քայլերի կատարումը, ինչին բազմիցս ականատես ենք եղել: Մյուս կողմից` Ադրբեջանը չի դադարում հակառակորդ լինելուց և իր հաղթանակի մեջ վստահ լինելու պարագայում` անմիջապես կվերսկսի ռազմական գործողությունները:

Դեռևս այդ վիճակը չէ, սակայն Հայաստանում պետականության, տնտեսության, պաշտպանական համակարգի քայքայումը, ինչպես նաև` ահագնացող արտագաղթը, միջնաժամկետ հեռանկարում կարող են հանգեցնել հավասարակշռության խախտման, ինչն էլ խթան կդառնա Ադրբեջանի հարձակման համար: Սակայն մեր ժողովրդի զավակները կանխելու են դեպքերի նման զարգացումը:

Մենք ստեղծելու ենք այնպիսի պետություն, որի հետ հաշվի են նստելու նույնիսկ շատ ավելի հզոր պետությունները: Իսկ եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, սխալվի և փորձ անի ստուգել մեր ժողովրդի ամրությունն ու համբերությունը, ապա մեծ նվեր մատուցած կլինի մեզ: Այդ պատերազմը ոչ միայն կդառնա նրա գերեզմանը, այլև կարագացնի նոր որակի հայկական պետության ստեղծման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս