«Սամվել Ալեքսանյանը չի հարգել օրենքը». Էթիկայի հանձնաժողով
Թիվ 7 ընտրատարածքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2012թ.-ի հունիսի 21-ին ԱԺ-ի շենքի` Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ քաղաքացի Վարդգես Գասպարիի ձեռքից, նրա կամքին հակառակ, վերցնելով պաստառը, թույլ է տվել ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածի 2-րդ մասի ա) կետով նախատեսված` պատգամավորի էթիկայի կանոնի խախտում, այն է` չի հարգել օրենքը:
Նման որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովը, ելնելով Գասպարիի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 24.2 հոդվածի 1-ին մասի բ) կետով: Այս մասին ասված է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում հրապարակված որոշման մեջ:
Հանձնաժողովը որոշում կայացնելիս լսել է գործով զեկուցող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հաղորդումը, քաղաքացի Գասպարիի բացատրությունները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Պետրոսյանի պարզաբանումները, հետազոտել է դիմումը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, այդ թվում` դիմումատուի կողմից նշված ինտերնետային հասցեն, որտեղ առկա է դիմումատուի կողմից նկարագրված միջադեպի տեսագրությունը: