
Կոնսուլտացիաների արդյունքը՝ փոփոխություններ օրենքներո՞ւմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե այսօր ժամը 11:15-ին ՀԱԿ խմբակցությունն ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար համապատասխան ձևաթուղթ է վերցրել:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ արտահերթ նստաշրջան անցկացնելու համար անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում ներկացնել 44 պատգամավորի ստորագրություն:
Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ ունեն 35 պատգամավորի ստորագրություն:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կոնսուլտացիաների արդյունքում իրենք եկել են այն որոշմանը, որ անհրաժեշտ է մինչև ընտրությունները մի շարք փոփոխություններ կատարել Ընտրական և Քրեական օրենսգրքերում, որոնք ավելի խիստ պատիժ կսահմանեն ընտրակեղծարարների համար:
Պահանջվող 44 ստորագրությունները պետք է ԱԺ քարտուղարությանը ներկայացվեն մինչջ վաղը ժամը 11:15-ը: Ապահովվելու դեպքում արտահերթ նստաշրջանը, ըստ Լևոն Զուրաբյանի՝ տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 12:00-ին: