Ցինիզմ էպիկական
Հայաստանի յուրաքանչյուր նախագահական ընտրություններում, բացի հիմնական թեկնածուներից, միշտ առաջադրվում են նաև, այսպես կոչված, «զվարճալի թեկնածուներ»: Նրանց առաջադրման նպատակը ոչ թե այս կամ այն թեկնածուից ձայներ փախցնելն է (իշխանություններն այդպիսի թեկնածուների ծառայություններից ևս օգտվում են, սակայն դրանք այլ խմբի մեջ են մտնում), այլ ինչ-որ հայտարարություններ անելը: Այդ հայտարարությունները կարող են անգամ իմաստ չունենալ և ծառայել պարզապես հասարակությանը զբաղեցնելուն:
Առաջիկա նախագահական ընտրություններն այս խմբի թեկնածուների առումով ևս տարբերվում են և վկայում են քաղաքական դաշտի, ընդհանրապես արժեքային համակարգի դեգրադացվածության մասին: Եթե նախորդ ընտրություններում այդպիսի թեկնածուների դերում հիմնականում «ժողովրդի ծոցից դուրս ելած», ընտրագրավը «մի կերպ» վճարել կարողացող մարդիկ էին, ովքեր հանդես էին գալիս բացառապես «գաղափարական դիրքերից», իշխանության թեկնածուին «հակադրվում էին» իրենց աղքատությամբ ու ազնվությամբ, հիմա իրավիճակը փոխվել է:
Այս անգամ հայտնվել է մեկը` ոմն էպոսագետ` Վարդան Սեդրակյան անուն-ազգանունով, ով ոչ միայն պատրաստվում է ազգը փրկել իր «էպիկականությամբ», այլ նաև օլիգարխին բնորոշ վարքագիծ է դրսևորում: Վերջերս նա հեռուստատեսությամբ հպարտորեն ասում էր, որ այս տարվա ամռանից, այն պահից, երբ որոշել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահի ընտրություններում, ինքը մոտ 200 հազար դոլար է ծախսել: Այսօր էլ ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ պատրաստ է վճարել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը` 8 մլն դրամը:
Իհարկե, սույն էպոսագետին կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, սակայն խնդիրը, տվյալ դեպքում, ոչ այնքան նրա անձն է, որքան այն արժեքային շերտը, որը նա ներկայացնում է: Իշխանությունն արդեն զվարճալի թեկնածուների դերում տեսնում է ոչ միայն ու ոչ այնքան «գաղափարական մարտիկների», որքան իրենց արժեքները դավանող մեկին: Իսկ իշխանության, ինչպես և՝ քաղաքական դաշտի գրեթե մեծամասնության համար միակ արժեքը մնացել է փողը:
Ընդ որում, դա արդեն հասնում է ցինիզմի աստիճանի: Անկախ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, անկախ նրա քայլերը ճիշտ կամ սխալ գնահատելուց, պետք է արձանագրել, որ «Ժառանգության» առաջնորդը քաղաքացիներից հանգանակություն հավաքագրելու քայլին է դիմել՝ ոչ «լավ օրից ելնելով»: Գուցե դրանում կա նաև քարոզչության տարր, սակայն ակնհայտ է, որ Ր. Հովհաննիսյանն իսկապես ընտրություններում ֆինանսների խնդիր ունի:
Ր. Հովհաննիսյանի համար դժվար չէ հաշվարկել, որ, եթե անգամ ինքը դիմակայի մրցակցությանը մնացած բոլոր առումներով, ապա ֆինանսների հարցում տանուլ է տալու:
Իշխանության թեկնածուն` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ֆինանսների խնդիր չունի. օլիգարխները կծախսեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ֆինանսների խնդիր չի ունենա նաև նրա հնարավոր մեկ այլ մրցակիցը` ԲՀԿ-ից կամ ՀԱԿ-ից, կամ՝ ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից՝ միասին վերցրած: Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ից ոչ պակաս ֆինանսներ կծախսի թե՛ սեփական թեկնածության առաջադրման դեպքում, և թե՛ այն պարագայում, եթե այդ թեկնածուն լինի ոչ թե ինքը, այլ որևէ մեկը ՀԱԿ-ից: Այսինքն` օբյեկտիվորեն արդեն այսօրվանից Րաֆֆի Հովհաննիսյանն անհավասար պայմաններում է, և դա կապ չունի նրա քաղաքական գործունեության կամ քաղաքական դիրքորոշումների հետ: Մարդը փող չունի, ուրեմն ի սկզբանե խաղից դուրս է:
Այս պայմաններում «Ժառանգության» ղեկավարի մրցակիցները ոչ թե փորձում են հակառակն ապացուցել, տպավորություն ստեղծել, թե ընտրություններում փողի դերը նվազեցնելու են, այլ հակառակը` գրեթե ուղիղ տեքստով, ծաղրի աստիճանի, միջնորդավորված մեսիջներ են ուղարկում Րաֆֆիին` «ուզո՞ւմ ես գրավի փողը տանք»:
Իսկ թե ո՞ւմ կողմից է այդ մեսիջները հղում էպոսագետը` իշխանությա՞ն, թե՞ ԲՀԿ-ի` այնքան էլ էական չէ: Թեև դժվար չէ կռահել:
Նա այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Ր. Հովհաննիսյանին գումար կտրամադրի պայմանով, որ նա այդ գումարը չի ծախսի ընտրարշավի վրա. «Սա ես որպես ընտրագրավ եմ տրամադրելու, որովհետև նա այն թեկնածուներից մեկն է, որ ընտրակեղծիքի չի գնա, անարդար քայլ չի անի, ընտրակաշառք չի բաժանի, որովհետև այն ամենը, ինչ ես թվարկեցի, հանցագործություն է, իսկ մեծարգո նախագահի վերջին քայլերը ցույց տվեցին, որ ՀՀ-ում հանցագործությամբ զբաղվելու իրավունք ունեն վարչապետը և պետական պաշտոնյաները»։
Թե հատկապես ո՞ր ուժի ներկայացուցիչներն են Սերժ Սարգսյանին դիմում «մեծարգո նախագահով» ու քննադատում Տիգրան Սարգսյանին, գաղտնիք չէ: Տիգրան Ուրիխանյանի ականջը կանչի: