Ո՞ւմ տեսակետն է ներկայացնում Գագիկ Ջհանգիրյանը
ԲՀԿ առաջարկը` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների սկսելու մասին, հետաքրքիր զարգացումներ է ստանում:
ԲՀԿ-ի հայտարարությանը հաջորդած` ՀՅԴ-ի, այնուհետև` ՀԱԿ-ի նմանատիպ հայտարարություններից հետո երեկ արդեն քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ տարբեր գնահատականներ են հնչեցնում այդ կապակցությամբ: Մասնավորապես` առավել ուշագրավ էր երեկ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը. «Չկա բացարձակ ընտրական համակարգ: Դրա համար անիմաստ է ասել, թե սա լավ է: Ոչ խառը համակարգն է մի բան, ոչ մեծամասնականը, ոչ էլ համամասնականը: Կարևորը, թե ինչպես ենք մենք դա կյանքում իրագործում: Բնական է, որ կառավարությունը դեմ պիտի լինի, որովհետև այդ կառավարությունը ձևավորվել է դրա արդյունքում, ո՞նց կարող է դեմ չլինի»: Այս հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ դեպքում ՀԱԿ-ը ողջունում ԲՀԿ-ի` 100 տոկոսանոց ընտրական համակարգին անցնելու մասին առաջարկությունը, եթե կրկնում է գրեթե այն, ինչ ներկայացնում են իշխանությունները: Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ Գ. Ջհանգիրյանն այս հայտարարությամբ, ըստ էության, ներկայացրեց այն, ինչ` իշխանությունները, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Գագիկ Ջհանգիրյանն իշխանությունների տեսակետն է ներկայացնում»:
Նաև հավելեց. «Մեկ առումով ես համաձայն եմ պարոն Ջհանգիրյանի հետ: Եթե մենք ապրեինք ժողովրդավարական երկրում, եթե մեր ընտրական ինստիտուտները լինեին ժողովրդավար, եթե երկրում լիներ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ապա` միանշանակ համաձայն եմ պարոն Ջհանգիրյանի հետ, որ բացարձակապես կապ չունի, թե ի՞նչ ընտրակարգով կանցկացվեր ընտրական գործընթացը` մեծամասնակա՞ն, համամասնակա՞ն, թե՞ խառը: Մենք գիտենք ժողովրդավարական երկրներ, որտեղ ընտրություններն անցկացվում են բացառապես մեծամասնական ընտրակարգով: Խոսքը Հայաստանի և մեզ նման երկրների մասին է, որտեղ կա խայտառակ ընտրական ավանդույթ, որտեղ չկա քաղաքական կամք արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար»: Ըստ Ն. Զոհրաբյանի` այս դեպքում մենք գոնե պետք է ընտրենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա գոնե մինիմալիզացնելու ընտրակեղծիքները: Իսկ մեծամասնական ընտրակարգն, ըստ նրա` իշխանությունների ձեռքում մշտապես գտնվող այն «բոնուսն է, ինչի միջոցով նրանք կարողանում են միանգամից ստարտային առավելություն ունենալ ընտրություններին մասնակցող մնացած բոլոր քաղաքական ուժերի հանդեպ»: Իսկ հարցին, թե, այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀԱԿ ներկայացուցչի վերոնշյալ գնահատականը` ՀԱԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ կքվեարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու ԲՀԿ առաջարկին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, թե ՀԱԿ-ը ներկայացրել է փաթեթ, որի հիմնական «մեխերից» մեկը 100 տոկոսանոց ընտրական համակարգին անցնելն է, և «անհավանական կլինի, որ ՀԱԿ-ը սեփական փաթեթին քվեարկի դեմ»:
Ի դեպ, երեկ ԲՀԿ վերոնշյալ առաջարկին անդրադարձել է նաև ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը` ասելով, թե ԲՀԿ-ից իրենք դեռևս որևէ առաջարկ չեն ստացել: Չնայած սրան` նրա կարծիքով` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու քաղաքական ուժերի, մասնավորապես` ԲՀԿ-ի առաջարկը` ժամանակավրեպ է և պահանջում է տևական աստիճանական գործընթաց: «Տաք ջրից միանգամից դժվար է անցնել սառը ջրին: Մենք միշտ կողմ ենք եղել համամասնական ընտրակարգի մաքսիմում անցմանը: Եթե նայեք, կտեսնեք, որ մեր երկրում այս գործընթացը փուլ առ փուլ առաջ է գնացել: Սա այն խնդիրն է, որն այսօրվա դրությամբ ոչ թե քաղաքական ուժերի, այլ ժողովրդի որոշելիքն է: Բայց սրա համար պետք է ժամանակ, որ քաղաքացին իրազեկվի: Կարծում եմ` որևէ մեկը չի պնդի հակառակը, որ այս հարցը երկար քննարկման է արժանի»,- ասաց նա: Ի պատասխան Հ. Մարգարյանի նկատառումներին, Ն. Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ի գիտություն ենք ընդունում ՕԵԿ-ի դիրքորոշումը: Բայց գտնում ենք, որ այսօր իրապես ժամանակն է անցնելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որովհետև վերջին` մայիսյան խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ մեծամասնական ընտրակարգը մեզանում, ըստ էության, հիմնական այն սողանցքն է, որ թույլ է տալիս շրջանցել կամ ի չարս օգտագործել Ընտրական օրենսգիրքը: Բայց մենք, իհարկե, ընդունում ենք նաև, որ ՕԵԿ-ը, ինչպես նաև ցանկացած այլ քաղաքական ուժ, իրավունք ունեն ունենալ իրենց դիրքորոշումը, տեսակետը»: Իսկ ինչ վերաբերում է տաք ջրից միանգամից սառը ջրին անցնելու անհնարինության մասին Հ. Մարգարյանի դիտարկմանը, ապա Ն. Զոհրաբյանն ասաց. «Տարիներ առաջ մենք առավել պակասեցրել ենք մեծամասնական տեղերը` դարձնելով դրանք 41: Իսկ հիմա ժամանակն է` անցնելու 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Սա հենց այդ աստիճանական անցումն է: Իսկ «տաք և սառը ջրերի» մասով մեկնաբանություններ անել չեմ կարող, որովհետև, անկեղծ ասած, այդ մտքի այլաբանությունը ես չհասկացա»:
Ի դեպ, Ն. Զոհրաբյանը նաև նշեց, որ ՕԵԿ-ին պաշտոնական հրավեր դեռևս չի ուղարկվել զուտ տեխնիկական պատճառով: Սակայն, նրա կարծիքով` այսօր կամ վաղն ինքն անպայման կդիմի նաև ՕԵԿ-ին: