«Հետևենք առայժմ պլատոնական սիրախաղին». Է. Շարմազանով

Նախագահական ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժերի միջև սկսվել է սիրախաղ, որին կհետևի որոշ քաղաքական գործիչների և ուժերի դիմակազերծումը։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնությանը։

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն քաղաքական ուժերին առաջարկել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորելու և երկրի խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպել։ ԲՀԿ-ն դիմել էր Հայ ազգային կոնգրեսին, Դաշնակցությանը և «Ժառանգությանը»։ Հանրապետականին նման առաջարկ չէր արվել, թեև ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Էդուարդ Շարմազանովը․ «Մենք այս հարցի շուրջ որեւէ մեկի հետ որևէ քննարկելու բան չունենք»։

Շարմազանովը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգիրքը մի քանի ամիս առաջ մշակվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համատեղ ջանքերով․ «Անկախ ողջ պլատոնական սիրավեպից և սիրախաղից, մեր կարծիքը հետևյալն է՝ խնդիրը բովանդակության մեջ պետք է նայել, այլ ոչ թե ձևի: Կան բազմաթիվ երկրներ ժողովրդավարական, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ կա և’ մեծամասնական ընտրակարգ, և’ նախագահական կառավարում, և’ այդ երկիրը ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ երկրներից մեկն է։

Մեզ համար շատ անընդունելի է, որոշ քաղաքական ուժերի պահվածքը, որոնք ընտրությունից ընտրություն, կամ ամիսը մեկ կարծիք են փոխում՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունները։ Այո, նաև ԲՀԿ-ի մասին է խոսքը, որովհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինքն է համահեղինակ Ընտրական օրենսգրքի և մինչև այդ օրը որևէ մեկը նրանցից որևէ մեկի շուրթերից չի լսել, որ նրանք պառլամենտական համակարգի կողմնակից են»։

Չնայած Հանրապետական կուսակցությունը մերժում է ԲՀԿ-ի կողմից առաջ քաշված հարցերի շուրջ քննարկումները, քաղաքական մյուս ուժերը՝ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը, չմերժելով «Բարգավաճ Հայաստանի» առաջարկը, առաջարկում են քննարկումների ավելի ընդլայնված օրակարգ։

Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, սակայն, Դաշնակցությունը լավ օրից չէ, որ միանում է այս նախաձեռնությանը․ «Պետք է փաստեմ, որ այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը նախագահական ընտրություններում մրցունակ թեկնածու չունի։ Դրա վառ ապացույցը՝ պառլամենտական ընտրություններից անցել է ընդամենը մի քանի ամիս, երբ Հայ հեղափոխական դաշնակցությունը հավաքեց ընդամենը 5 տոկոս ձայն։

Երկրորդը, որի մասին կուզեի խոսել, եթե դու գնում ես ընտրությունների և որոշել ես, որ դու ես օրակարգ ձևավորողը, դու չպետք է սպասես՝ ով կասի՝ այո պառլամենտական համակարգին»։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Հանրապետականի խոսնակի փոխանցմամբ, դա կարճատև քաղաքական պրոեկտ էր, և այսօր էլ ՀԱԿ-ում ռազմավարական կարևորագույն հարցերի շուրջ տարաձայնությունները ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած կառույցը նույնպես փորձում է դառնալ այլ քաղաքական ուժի կցորդը․ «Կարիք ունեն ավելի ուժեղի հետևից կպնելու»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ԲՀԿ-ի երկու առաջարկները կոնսոլիդացիոն հենք հանդիսանան Դաշնակցության, ՀԱԿ-ի համար, ովքեր կարող են միասնական գնալ նախագահական ընտրություններին, Շարմազանովը պատասխանել է․ «Հետևենք առայժմ պլատոնական սիրախաղին, հետո ամեն ինչ պարզ կդառնա, բայց ես ձեզ խոստանում եմ, որ դիմակազերծման գործընթացը իրեն սպասել չի տա»։

Տեսանյութեր

Լրահոս