Ուրիխանյանի հերթական ծառայությունը ՀՀԿ-ին ու Ռոբերտ Քոչարյանին

Խորհրդարանական ընտրություններից հետո իրեն «այլընտրանք» հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հավակնում է «ազգը համախմբողի ու փրկողի» դերին, նախագահական ընտրություններին ընդառաջ ինչ-որ ծրագրեր է ներկայացնում, խորհրդակցում է այլ քաղաքական ուժերի հետ:

Արտաքուստ ԲՀԿ-ն ամեն ինչ անում է գործող իշխանությանն ընդդիմադիր երևալու համար: Վերջին ամիսներին ԲՀԿ-ականների կողմից հնչող ելույթները շատ ավելի սուր են ու արմատական, քան անգամ նրանց ներկայիս գործընկեր ՀԱԿ-ի անդամների հայտարարությունները` նույնիսկ նախկինում` «ավազակապետության ծաղկուն շրջանում»: Բայց անգամ ամենաարմատական դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ականներն իրականում կաշկանդված են, ունեն ներքին «ցենզոր»:

Այդ պատճառով` կարող են անարգանքի սյունին գամել վարչապետին, նախարարներին, այլ պաշտոնյաների, բայց ոչ երբեք կամ առայժմ` Սերժ Սարգսյանին: Նրանք վստահ չեն, որ մի գեղեցիկ օր իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց չի հավաքի Կոնյակի գործարանի շենքի հարևանությամբ գտնվող կուսակցության լայնարձակ գրասենյակում ու չի առաջարկի սեփական արտադրության կոնյակով խմել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակի համար:

ԲՀԿ-ականների այդ վախվորածությունն արտահայտվում է ոչ միայն նրանց սուր ելույթներում, այլ նաև գործողություններում: Նրանք եթերում ու թերթերի էջերում շարունակում են քննադատել իշխանություններին` միաժամանակ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են ուղղված լինել այդ նույն (մասամբ էլ` նախկին) իշխանության դեմ: ԲՀԿ-ի հերթական «ընդդիմադիր» քայլը կատարվել է այսօր:

ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվել է «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Քվեարկության արդյունքներով մերժվել է օրինագծին դրական եզրակացություն տալու առաջարկությունը: «Կողմ» է քվեարկել Պետաիրավական հանձնաժողովի 4 անդամ («Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը), նույնքանը քվեարկել են «դեմ»:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը մասնակցել է օրինագծի քննարկմանը, քվեարկության ժամանակ հեռացել է և չի մասնակցել քվեարկությանը: Այսինքն` Տ. Ուրիխանյանը իր չքվեարկելով ապահովել է, որպեսզի իշխանության համար, մեղմ ասած, ոչ ցանկալի այդ օրինագծին Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն չտա, և այն չհայտնվի ԱԺ օրակարգում:

Ուրիխանյանն ու նրա կուսակիցներն, իհարկե, կարող են ամենատարբեր պատճառներով հիմնավորել նրա բացակայությունը: Բայց քաղաքականությունը մանկապարտեզ չէ, և միշտ չէ, որ հայոց լեզվին վարժ տիրապետելով՝ կարելի է ամեն ինչ լղոզել: Ուրիխանյանը չի քվեարկել մի նախագծի, որը ձեռնտու չէր և ՀՀԿ-ին, և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն`այսօր իբրև թե հասարակության շահերից հանդես եկող կուսակցության անդամն իր գործողություններով կանխել է հասարակական մեծ հնչեղություն ունեցող երկու գործերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումը` ծառայելով գործող ու նախկին իշխանությանը:

Եթե վերը նշված օրինագիծը դրական եզրակացություն ստանար և ընդգրկվեր ԱԺ օրակարգում, իհարկե, չէր նշանակելու, որ «Հարսնաքարի» ու Պողոս Պողոսյանի գործերն անպայման քննարկվելու էին խորհրդարանում և արդարացի լուծում էին ստանալու: Անգամ օրակարգում ընդգրկվելու դեպքում ՀՀԿ-ական մեծամասնությունը՝ միայնակ կամ այլընտրանքային ԲՀԿ-ի հետ, կտապալեր այն: Տվյալ դեպքում խնդիրը քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն է, որը հայտնելու համարձակություն (թույլտվություն) ԲՀԿ-ականները չունեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս