Դիտորդական խումբը կոտրում է կարծրատիպերը և ահազանգում պետական միջոցների «փոշիացման» մասին
ՀՀ Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ձևավորվել և գործում է 2006 թվականի մարտ ամսից: Pastinfօ.am-ի հարցերին պատասխանում է դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:
– Այս ընթացքում ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը, որը կառանձնացնեիք:
– Ձեռքբերումներն, անշուշտ, շատ են, բայց ես կառանձնացնեմ դրանցից մի քանիսը: Օրինակ՝ շատ էին դեպքերը, երբ ձերբակալվածներին նախնական կալանքի վայրերում 72 ժամ պահելու փոխարեն, պահում էին, օրինակ 72 օր:
2008-ին այդ ժամկետը դարձավ 54 օր, 2009թ. արդեն ձերբակալվածին պահում էին առավելագույնը 27 օր, իսկ այսօր հասել ենք նրան, որ ձերբակալվածին օրենքով նախատեսված 72 ժամից ավելի պահելու դեպք չի եղել: Սա ընդամենը մեկ ձեռքբերման մասին:
– Ովքե՞ր են դիտորդական խմբի անդամները:
– Խմբում ներգրավված են 12 հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոստիկանապետի կողմից տրված լիազորության շրջանակներում խմբի ցանկացած անդամ իրավունք ունի կատարել դիտորդական առաքելություն:
– Հաջողվու՞մ է Ձեզ տրված լիազորություններից լիարժեք օգտվել: Ոստիկանության բաժիններում չե՞ն խոչընդոտում Ձեր աշխատանքին:
– Երբ ետ եմ նայում ու հիշում եմ, թե ինչերի միջով ենք անցել… Իսկ հիմա ցանկացած խոչընդոտ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ոստիկանության աշխատակիցների համար:
2006թ., երբ սկսեցինք գործունեություն ծավալել, ոստիկանական համակարգի աշխատակիցները, որոնք խորհրդային միության 70 տարիներին ձևավորված ավանդույթների պատճառով գաղափար անգամ չէին կարող ունենալ, թե ով է դիտորդը, ինչ իրավունքներ ունի և այլն: Հիմա փառք Աստծո, չկա մեկը, որ չիմանա մեր դիտորդական խմբի ու խմբի անդամների իրավունքների ու լիազորությունների մասին:
Անշուշտ, դրան հասել ենք մեծ ջանքերի շնորհիվ, ինչը ոչ միայն մեր, այլ Ոստիկանության համակարգի ձեռքբերումն է:
– Ի՞նչ իրավունքներ ունի դիտորդական խմբի անդամը
– Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մեկուսի, առանց ոստիկանների միջամտության առանձին զրուցելու ՁՊՎ-ում պահվող անձանց հետ, անարգել ծանոթանալ ցանկացած փաստաթղթի հետ, ուսումնասիրել ՁՊՎ-ի սանիտարահիգիենիկ վիճակը և այլն: Բացի այդ, դիտորդական խումբը կազմակերպում է այցելություններ, ուսումնասիրում է, թե ինչպիսին են ձերբակալվածներին պահելու պայմանները, այնտեղ պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց իրավունքների խախտման դեպքում ուսումնասիրում է փաստերը, կազմում է արձանագրություններ և այլն:
Օրինակ՝ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում գործող 40 ՁՊՎ-ից 8-ը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին և հիմա այդ 8 ՁՊՎ-ն արդեն փակվել է:
– Ի՞նչ խախտումներ եք արձանագրել 2012 թ., որոնք դեռ մնացել էին նախորդ տարիներից:
– Մեկ տարվա ընթացքում միջին հաշվով ունենում ենք ՁՊՎ-ում պահվող 4500 մարդ: Նրանց մոտ 60 տոկոսը կալանավորներ են: Ձերբակալվածներն ավելի քիչ տոկոս են կազմում: Այստեղ ևս խնդիրները քիչ չեն: Օրինակ` եթե քրեակատարողական հիմնարկներում մարդիկ շփվելու, հեռուստացույց նայելու, մամուլի ասուլիս տալու իրավունք ունեն, ապա ՁՊՎ-ում նրանք զրկված են այդ իրավունքից, և պատահում է, որ դատական նիստի հետաձգվելու պատճառով նրանց օրերով այդտեղ են պահում, որը օրենքի խախտում է:
Կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից մարզային դատարաններ տեղափոխելու և դատական նիստերին մասնակցելու համար ահռելի ծախսեր են կատարվում: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ են դեպքերը, երբ կալանավորին հեռավոր մարզի դատարան տեղափոխելուց հետո, պարզվում է, որ դատական նիստը հետաձգվում է:
Ստացվում է, որ ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ծախսվում կալանավորների անվտանգ տեղափոխումն իրականացնելու համար, որը դատական նիստի հետաձգման պատճառով առաջացնում է նոր խնդիր: Օրենքով պետք է մարզային դատարանից ետ վերադարձնել քրեակատարողական հիմնարկ, որը ավելորդ ծախս է: Եղել են դեպքեր, երբ կալանավորին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 8 անգամ մարզային դատարան են տեղափոխել, որը մեր տեսանկյունից նորմալ չի:
Դա պետբյուջեի գումարներով իրականացվող գործընթաց է, որը պետք է ավելի արդյունավետ կազմակերպել: Սա միակ խնդիրը չէ, բայց այն լուրջ հարցերից մեկն է, որի լուծումը կարևոր է: Մեր դիտորդական խումբն իր համառ աշխատանքով ամեն ինչ անում է, որ ձերբակալված անձանց պահելու վայրերում պաշտպանվեն մարդու հիմնարար իրավունքները: