«Քաղաքականության մեջ բարոյականություն հասկացություն չկա»

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ընդդիմության հաղթանակի գաղտնիքը միասնական թեկնածուի մեջ չէ, և իշխանափոխության խնդիրը բոլորովին ուրիշ տեղում պետք է փնտրել: Ի վերջո, ո՞րն է իշխանափոխության ճանապարհը:

– Իշխանափոխության խնդիրը միակ ինտրիգն էր: Երեք ազդեցիկ ուժեր կան քաղաքական դաշտում` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, և եթե իշխանափոխություն լինի, բնականաբար, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջոցով պետք է կատարվի:

Հարցն այն է, թե կկարողանա՞ն ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը քաղաքական բանակցություններ վարել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, իհարկե, առանց սխալվելու իրավունքի` լինի Արևմուտքը թե Ռուսաստանը, և, եթե նրանց բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա իշխանափոխությունը, հնարավոր է` տեղի ունենա, եթե ոչ, ուրեմն` ոչ:

– ՀԱԿ ղեկավարների վերջին հայտարարությունները` համագործակցելու քաղաքական ցանկացած ուժի և հատկապես ԲՀԿ-ի հետ, հակասական վերաբերմունքի արժանացան քաղաքական դաշտում, այդ թվում` բուն ՀԱԿ-ի ներսում: Կան կոնգրեսականներ, ովքեր խնդիրը տեսնում են բարոյականության դաշտում և կարծում են, որ բարոյական չէ համագործակցել մի ուժի հետ, որը համարվում է Մարտի 1-ի մեղավորներից մեկը: Ինչպիսի՞ն է Ձեր վերլուծությունը, սա չի՞ հեղինակազրկի ՀԱԿ-ին, թե՞ ՀԱԿ-ն այլընտրանք չունի:

– Նախ` սկսենք նրանից, որ բարոյականությունը և քաղաքականությունը հասկացություններ են, որոնք գտնվում են զուգահեռ հարթությունների վրա և երբեք չեն հատվում: Քաղաքականության մեջ բարոյականություն հասկացություն չկա: Եթե պետք է` անում ես, եթե պետք չէ` չես անում:

Բարոյականությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնում, կարևորը` արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ: Արդյունավետությանն են ուշադրություն դարձնում: Սա` բարոյականության և քաղաքականության ուրույն կապի մասին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վարկանիշի ընկնելուն, հնարավոր է, որովհետև ՀԱԿ-ի մեջ կան մարդիկ, ովքեր նպատակահարմար չեն գտնում ԲՀԿ-ի հետ համագործակցել, և նրանք իրենց տեսակետներն արտահայտելու իրավունք ունեն:

Պարզապես այն մարդիկ, ովքեր նպատակահարմար չեն գտնում ԲՀԿ-ի հետ համագործակցել, նրանք պետք է իրենց այլընտրանքն առաջարկեն: Իսկ ինչպե՞ս են նրանք պատկերացնում իշխանափոխությունը: Եթե նրանց հույսն այն է, որ ժողովրդի աջակցությամբ պետք է իշխանափոխություն անեն, ապա նրանք չարաչար սխալվում են, ինչի ապացույցը հենց այսօրվա անտարբերությունն է:

Եթե նկատել եք, սպասվող նախագահական ընտրություններին և նախընտրական քարոզարշավին մնացել է ընդամենը երկու ամիս, և նախագահական ընտրություններով հետաքրքրվում են միայն լրագրողները, մամուլի ակումբի ղեկավարները, վերլուծաբանները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները և քաղաքականապես մի քիչ ակտիվ զանգվածը: Իսկ հասարակության 90 տոկոսը քար անտարբերություն ունի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Այնպիսի տպավորություն է, որ իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում նախագահական ընտրությունները: Եթե նման վերաբերմունք կա նախագահական ընտրությունների նկատմամբ, ուրեմն` դու չես կարող հենվել հասարակության վրա: Բնականաբար, եթե հասարակությունն ուժ չունի, ուրեմն` դրա փոխարեն պետք է գտնել մեկ այլ ուժ: Տվյալ դեպքում, եթե հասարակությունն ուժ չէ, նրա փոխարեն ուժ են դառնում աշխարհաքաղաքական կենտրոնները:

Ուստի պետք է փորձես ստանալ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը: Եվ նրանք, ովքեր ասում են, որ ԲՀԿ-ի հետ պետք չէ համագործակցել, քանի որ նրանք ժամանակին եղել են իշխանության մեջ, ապա այդ դեպքում նրանք պետք է ասեն, որ պետք է համագործակցել Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ:

Բայց դա էլ չեն ասում, և ստացվում է, որ որոշակի գործիչներ հույսը դնում են, այսպես ասած, միասնական թեկնածու ստեղծելու, ընտրակեղծիքների մեխանիզմը կոտրելու և այլնի վրա: Այդ ուժերը 3-4 ամիս առաջ լավ առիթ ունեին ընտրակեղծիքների մեքենան կոտրելու, թող կոտրեին:

– Իսկ հասարակության այդ անտարբերության պատճառներից մեկը նման մոտեցումը չէ՞, երբ սկզբունքային և արմատական ընդդիմադիր ուժը սկսում է համագործակցել մեկ այլ ուժի հետ, ում ոչ վաղ անցյալում համարում էր Մարտի 1-ի ոճրագործության մեղավորներից մեկը:

– Ոչ, դա չէ, մի փոքր ավելի խորքային արմատ ունի: Պարզապես հասարակության մտածողության մեջ վերջին 20 տարվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, հատկապես 2008թ. մարտի 1-ից հետո: Երբ 1996, 1998, 2003, 2008 թթ. ակտիվորեն մասնակցում ես նախագահական ընտրություններին և ստանում ես քո համար ոչ ցանկալի արդյունք, և ստացվում է, որ այդ արդյունքը, փաստորեն, կախված է ոչ թե քո քվեարկությունից, այլ պարտադրված ուժից, հասարակության մեջ առաջ է գալիս անտարբերություն:

Այսինքն` անտարբերությունն առաջ է գալիս ոչ թե նրա համար, որ ՀԱԿ-ի մեջ կան գործիչներ, ովքեր ուզում են ԲՀԿ-ի հետ համագործակցել, այլ այն պատճառով, որ մարդիկ 20 տարվա ընթացքում տեսնում են, որ ոչինչ չի փոխվում, և դա բերում է արտագաղթի: Իսկ երբ մնացածները տեսնում են, որ արտագաղթող հասարակությունն ավելի է թուլանում, և դա իր հերթին` հանգեցնում է էլ ավելի մեծ արտագաղթի, ինչն էլ իր հերթին` ամրապնդում է այդ անտարբերությունը, սա, փաստորեն, դառնում է փոխկապակցված մի շղթա, անիվ, որը սկսում է ավելի ու ավելի արագ պտտվել:

– Դուք նշեցիք, որ բարոյականությունը և քաղաքականությունը անհամատեղելի հասկացություններ են: Իսկ չե՞ք կարծում, որ քաղաքականությունից բարոյականության անջատումն է դարձել ժողովրդի անտարբերության պատճառը:

– Ոչ:

– Ինչո՞ւ ոչ: Ժողովուրդը տեսնում էր սկզբունքային մի քաղաքական ուժ, իսկ հիմա այդ սկզբունքային քաղաքական ուժն իշխանափոխությունը դարձնում է ինքնանպատակ և հանուն դրա կարող է գործարքի մեջ մտնել ցանկացածի հետ:

– Ոչ, որովհետև ժողովուրդը մեկ այլ բան է տեսնում. տեսնում է, որ այստեղ ոչինչ չի փոխվում 20 տարվա ընթացքում: Սա` առաջինը: Երկրորդը` եթե ընդունենք, որ ՀԱԿ-ը սխալ է գործում, որ համագործակցում է ԲՀԿ-ի հետ, եթե ժողովուրդն ինքն ուժեղ լիներ, լիներ մրցունակ հասարակություն, ՀԱԿ-ի փոխարեն` ուրիշ ՀԱԿ կծներ, որը կտաներ իր համար ցանկալի պայքար: Բայց հասարակության մի զգալի մասը, կարելի է ասել` 90 տոկոսը, որը վերածվել է խոտաբույսի ինտելեկտով բիոմասսայի, չի կարողանում այլևս կրեատիվ քաղաքական ուժ ծնել, որը մի կողմ կդնի այլ ուժերի հետ հարաբերությունները և առաջ կտանի իր շարժումը:

Այսինքն` եթե ժողովուրդը դժգոհ լիներ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությունից, ինքն ուրիշ ՀԱԿ կծներ, բայց ինքը չի ծնում այդ ուժը:

– Իսկ 2008թ. համաժողովրդական շարժումն այդ դեպքում ինչպե՞ս եղավ:

– Հասարակության մեջ երբեք ոչինչ չի կրկնվում, ամեն մի պահ ունի իր բացատրությունը: 10 տարվա ընթացքում` 1998-ից 2008թ., հասարակության մեջ ակտիվ քաղաքական գործունեություն չկար, բացի 2003թ. նախագահական ընտրություններից և 2004թ. ապրիլի 12-ի դեպքերից: Այսինքն` հասարակությունը կարծես քնած էր, հանգստանում էր: Հետո չմոռանանք, որ 1998-2008թթ. ինչ-որ չափով տնտեսական աճ կար (այլ հարց է, որ հետագայում գրվեց, որ դա շինարարական փուչիկ էր, և այլն):

Երբ լինում է տնտեսական աճ, դա իր հերթին` միշտ բերում է քաղաքական աճի: Այդ պատճառով 2008թ. ունի իր բացատրությունը. 10 տարվա ընթացքում հասարակությունը հանգստանում էր, աճում էր տնտեսապես, և եկավ մի պահ, երբ տնտեսապես մի փոքր հզոր հասարակությունը փորձեց քաղաքական հզորություն դրսևորել, և արդյունքում` նրանց ջարդեցին, ինչից հետո այդ ամեն ինչը` տնտեսական աճը վերացավ, ամրապնդվեց արտագաղթը:

Եվ այսօր այլևս այն չէ, ինչ 2008թ.: Այսինքն` հասարակությունն այս 5 տարվա ընթացքում թուլացել է, ինչպես 2008թ. հասարակությունն էր թույլ 98-ի հետ համեմատած, 98-ն էր թույլ` 96-ի հետ համեմատած, և այլն: Այսօր մի աբսուրդային իրավիճակ է ստեղծվել. քարոզարշավի մեկնարկին մնացել է ընդամենը 2 ամիս, բայց հիմնական ազդեցիկ ուժերից` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ընդամենը մեկի թեկնածուն է պաշտոնապես հայտարարել առաջադրվելու մասին, իսկ հասարակությունը քար անտարբերություն է դրսևորում այդ հանգամանքի նկատմամբ:

Եթե հասարակությունը դեմ լիներ այդ լռակյաց վիճակին, ինքը կծներ մեկ այլ թեկնածու և կասեր` ԲՀԿ, ՀԱԿ, դուք գնացեք ձեր ճանապարհով, ես իմ թեկնածուն կծնեմ և ակտիվ քաղաքական գործունեություն կիրականացնեմ: Բայց հասարակությունն անգամ այդ «չորրորդ ուժին» չի կարողանում ստեղծել: Սա է պատճառը, որ հասարակության` 85-90, որոշ դեպքերում` 100 տոկոսն ուղղակի հասկանում է, որ այս երկրում ապագա չունի, և պայքարի միակ ձևը Հայաստանից հեռանալն է: Եվ դա ցույց են տալիս արտագաղթի տվյալները:

– Իսկ այդ դեպքում ելքը ո՞րն է, քաղաքացիական հասարակություն ստեղծե՞լը:

– Քաղաքացիական հասարակություն ստեղծել դու չես կարող այն պարզ պատճառով, որ քաղաքացիական հասարակության հիմքում մանր և միջին բիզնեսի գոնե նկատելի առկայությունն է տնտեսության մեջ: Ինչո՞ւ, որովհետև մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն ամենաստեղծագործ, մոբիլ սոցիալական խումբն է, որը շատ լավ է ճանաչում իր իրավունքները, ունի ֆինանսական հնարավորություններ և կարողանում է կառավարել մարդկանց փոքրիկ խմբեր:

Բայց այսօր այդ տեսանելիությունը տնտեսության մեջ չկա, ընդհակառակը` մանր ու միջին բիզնեսները վերջին մի քանի տարիների ընթացքում հեռանում են: Այդ իսկ պատճառով Հայաստանում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել` մինչև չփոխվի տնտեսական կուրսը, իսկ մենք տեսնում ենք, որ այդ կուրսը չի փոխվում:

Կան, իհարկե, ակտիվ քաղաքացիներ, ովքեր, դժգոհ լինելով այս կամ այն վիճակից, միջոցառումներ, բողոքի ակցիաներ են կազմակերպում, բայց դրանք ընդամենը ակտիվ քաղաքացիների շատ փոքրիկ խմբակներ են, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքացիական հասարակության հետ, առավելևս` երբ մենք տեսանք, որ այստեղ քաղաքացիական հասարակություն անվան տակ որոշակի PR խմբեր սկսեցին գործել:

– Լավ, եթե քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել, ժողովուրդը դժգոհ հեռանում է երկրից, ստացվում է` Հայաստանը գնում է կործանման, և ոչ մի ելք չկա՞:

– Ելքն այն է, որ նրանք, ովքեր ցանկանում են իշխանափոխություն իրականացնել, պետք է բանակցությունների մեջ մտնեն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և ստանան, այսպես ասած, Հայաստանի նախագահ նշանակվելու որոշում: Այլ կերպ դու չես կարող:

– Ինչո՞ւ չես կարող, եթե ժողովուրդը ոտքի կանգնի:

– Ժողովուրդը ոտքի չի կանգնի, բացառվում է, դա ոչ միայն ցույց տվեցին մայիսի 6-ի ընտրությունները, ընդհանրապես` 20 տարվա ընթացքում ժողովուրդը բազմաթիվ անգամներ ոտքի է կանգնել և արդյունքի չի հասնում: Հասկանում եք, դա արդեն բերում է այն գաղափարի ձևավորմանը, որ` մեկ է, այստեղ այլևս խաղ չկա, և միակ «խաղը»` պայքարի ձևը, Հայաստանից հեռանալն է:

Շատերն ասում են` արտագաղթը պայքարի ձև չէ, բայց ոչ` պայքարի ձև է: Կա պայքարի 3 ձև` ընտրությունների միջոցով իշխանափոխություն, իշխանություն փոխել փողոցային ցույցերի միջոցով կամ զինված ճանապարհով, և պայքարի երրորդ ակտիվ ձևը պարզապես երկրից հեռանալն է: Ժողովուրդն ընտրել է այդ երրորդ ամենաարդյունավետ ձևը:

– Ժողովուրդը ոտքի չի կանգնում, որովհետև պարզապես չի տեսնում այն ուժը, որի ետևից կարելի է գնալ:

– Ժողովուրդը ոչ միայն այդ ուժը չի տեսնում, ինքը չի կարող այդ ուժը ծնել:

– Միգուցե ժողովուրդը պարզապես դեգրադացվա՞ծ է, դրա համար էլ չի կարողանում այդ ուժը ծնել:

– Այո՛, դեգրադացված է, դրա համար էլ չի կարողանում ծնել, բայց մնացել է հասարակության ընդամենը 10 տոկոս ակտիվ հատվածը: Ի՞նչ հետևանք կարող է սա ունենալ. եթե նույնը շարունակվի 2013-ից հետո, այդ 10 տոկոսն էլ է արտագաղթելու, իհարկե, 90 տոկոսանոց բիոմասսայից էլ են արտագաղթում, դա չէ խնդիրը: Այդ դեպքում առաջ է գալիս մի գաղափար, որ այս երկիրն ընդամենը դառնում է բնակության վայր, ժամանակավոր կացարան, բայց ոչ երբեք` Հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս