«Կոռուպցիան ծաղկում է ընտրությունների ժամանակ»
Հարցազրույց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի հետ
– Օրեր առաջ Կառավարությունը հակակոռուպցիոն խորհրդի նիստ էր հրավիրել: Նման ցուցադրական միջոցառումները նպաստո՞ւմ են կոռուպցիայի վերացմանը մեր երկրում:
– Իրականում միջոցառումները հարկավոր են: Համապատասխան մարմինների նման նիստերն անհրաժեշտ են, բայց այստեղ խնդիրն այն է, թե ի՞նչ է ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը Հայաստանում, կամ ինչո՞ւ վերջին 5 տարիներին կոռուպցիայի դեմ պայքար չի ծավալվել, հատկապես ինչո՞ւ որոշվեց ընտրություններից առաջ սկսել այդ պայքարը: Իսկ այս նոր իրավիճակը, իհարկե, չենք կարող չպայմանավորել նախընտրական ցանկություններով:
– Բայց հասարակության մեջ ակնհայտ է վստահության պակասը դեպի իշխանություններն ու դրանց կողմից կազմակերպված նման միջոցառումները:
– Խնդիրն այն է, որ 5 տարի Կառավարությունը լծակներ է ունեցել պայքարելու կոռուպցիայի դեմ: 2008թ. նախագահական ընտրություններին նախագահի բոլոր թեկնածուները` այդ թվում Սերժ Սարգսյանը, խոսում էին երկրում տիրող կոռուպցիայի մասին, սակայն նա, 5 տարի լինելով պետության ղեկավարի ղեկին` որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում:
Իր օրոք ընդունվեց հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների երկրորդ պլանը, որի վերջնաժամկետը լրանում է այս տարի: Այդ ծրագիրը, սակայն, որևէ արդյունք չի տվել: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի նիստին ներկայացվում էին պատճառներ, թե ինչո՞ւ այդ ծրագիրն արդյունք չտվեց:
Եվ հիմնականում ներկայացվում էին առաջարկություններ վերլուծական կենտրոններ բացելու մասին: Իսկ միջոցառումների անարդյունավետությունը բացատրվում էր այն հանգամանքով, որ իրենք, կարծես, լավ չեն հասկանում կոռուպցիան ծնող պատճառները, և միգուցե ճիշտ չե՞ն կազմել այդ միջոցառումների պլանը, հետևաբար, անհրաժեշտ է վերլուծական կենտրոն բացել: Սա փոքր-ինչ ծիծաղելի է, երբ երկրում բոլորը խոսում են կոռուպցիայի մասին` հասկանալով, որ Կառավարության անդամների մեծ մասն այս կամ այն կերպ ներգրավված է կոռուպցիոն գործարքներում:
Մեր երկրում չկա պատժելիություն, թեև բացառություն են առանձին դեպքեր, երբ բացահայտվել են հանցագործություններ, և մարդիկ դատապարտվել են: Չնայած դրան, մենք չենք տեսնում դրանց կապը կոռուպցիայի հետ: Դրանք առանձին դեպքեր են:
– Արդյո՞ք նախընտրական շրջանում կոռուպցիոն դեպքերը չեն ավելանա:
– Կոռուպցիան ծաղկում է ընտրությունների ժամանակ, մասնավորապես, իշխող կուսակցության կողմից ընտրակաշառքներ են բաժանվում: Մինչ օրս, առնվազն խորհրդարանական ընտրություններից հետո, հայտնի չէ որևէ դեպք, որ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի որևէ ներկայացուցիչ պատժված լինի ընտրակաշառք բաժանելու համար: Եվ սա` այն դեպքում, երբ առկա են փաստեր, բազմաթիվ նյութեր: Կոռուպցիոն ամենամեծ ռիսկը վարչական ռեսուրսի չարաշահումն է, երբ, օրինակ, խորհրդարանական ընտրություններին ՀՀ նախագահն` իր իրավասություններով, լիազորություններով, ազդեցությամբ ներգրավվել էր քաղաքական քարոզարշավի մեջ` մի կողմ թողնելով իր պաշտոնական լիազորությունները:
Դա վերաբերում է նաև մարզպետներին, քաղաքապետերին, գյուղապետերին, ովքեր ամբողջ վարչական ռեսուրսը ներդնում են ընտրությունների կեղծման մեջ: Եթե կառավարությունը ցանկանում է կամ փորձում է ցույց տալ, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա պետք է պատժի կոնկրետ մարդկանց, որոնց դեմ, ինչպես նշեցի, բազմաթիվ նյութեր կան:
Երկրորդը` պետք է ապացուցի և ընտրություններին ձեռնպահ մնա նման գործունեությունից, այսինքն` պետք է հրաժարվեն օգտագործել վարչական ռեսուրսը: Նրանք, ովքեր քարոզչությամբ են զբաղվելու, պետք է գնան արձակուրդ, այսինքն` եթե նախարարները պետք է լծվեն գործող նախագահի, ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու գործին, ապա առնվազն նրանք պետք է գնան արձակուրդ: Պետք է բացահայտվեն նաև քարոզարշավի համար նրանց ծախսած գումարները:
Խնդիրներից մեկը պայմանավորված է ընտրացուցակներով: Բոլորն ունեն այն կասկածները, որ ընտրացուցակներում առկա են անուններ, մարդիկ, ովքեր չեն գտնվում երկրում, ինչը հիմնավորում են օրենսգրքով` թույլ տալով ՀՀ-ում գրանցված քաղաքացիներին քվեարկությանը մասնակցել:
Սա կասկածելի է: Եթե իմ հարևանի կամ հարազատի անունները տարիներ շարունակ կան ընտրացուցակներում, ովքեր Հայաստանում չեն, ապա ինչպե՞ս հավաստիանամ, որ նրանց անունները չեն օգտագործվելու և նրանց անունների դիմաց որևէ ստորագրություն չի դրվելու: Իշխանությունը միայն մի ձևով կարող է ապացուցել դա` ստորագրված ցուցակները հրապարակային դարձնելով, որքան էլ փաստեն, թե Վենետիկի հանձնաժողովը, կարծես, չի քաջալերում, որ դա հակասում է քվեարկության գաղտնիությանը: Հաջորդ հարցը վերաբերում է կնիքներին, որոնք ժամանակից շուտ ցնդեցին:
Ակնհայտ էր, որ դա միտումնավոր էր արվել, քանի որ ընտրության օրվա առաջին կեսին մեծ թվով մարդիկ էին քվեարկում: Իրավապահ մարմինները հետամուտ չեն եղել նաև այն դեպքերին, երբ ընտրության օրն անձնագրեր էին բաժանվում ընտրատեղամասերի բակերում: Դրա փաստերը կան, սակայն մինչ օրս որևիցե մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար: Եթե իշխանությունն իսկապես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա նրա հրատապ քայլերից մեկն ընտրությունների մաքուր կազմակերպումն է և վարչական ռեսուրսի չօգտագործումը:
Դրա համար նախապես փոփոխություններ պետք է անեն Ընտրական օրենսգրքում, որը թույլ է տալիս բազմաթիվ անօրինականություններ:
– Կա՞ն կանխատեսելի ընտրախախտումներ, որոնք օրինաչափ են ցանկացած ընտրություններում և կիրառվելու են նաև այս ընտրություններում:
– Թերևս օրինաչափ ընտրախախտումներից մեկը կարելի է համարել գործատուների կողմից կիրառվող ճնշումներն իրենց աշխատակիցների վրա, որպեսզի ապահովեն որոշակի քանակությամբ ձայներ: Սա վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածին: Մինչդեռ ոչ բոլորն են գիտակցում, որ քվեարկությունը գաղտնի է, և վախենալով կորցնել իրենց աշխատանքը` ճնշումների հետևանքով քվեարկում են: Նախապես չեմ ուզում ասել, թե այսպես կամ այնպես կլինի, բայց դա ընդունված պրակտիկա է մեզանում:
Հավանաբար, քիչ կլինեն բռնության դեպքերը` հաշվի առնելով նախորդ ընտրությունները, ինչպես նաև` առերևույթ քաղաքակիրթ որակը կպահպանվի: Ցավոք, դա արվում է միջազգային կազմակերպություններին ցույց տալու համար, որ մեզ մոտ նորմալ ընտրություններ են, իսկ թե ի՞նչ է կատարվում դրա ետևում` չի երևում: Մենք առաջարկելու ենք տեղադրել տեսախցիկներ ընտրական տեղամասերում: Միգուցե առաջարկում ենք ծայրահե՞ղ միջոցներ, բայց իրենք ևս ծայրահեղ միջոցների են դիմել` ընտրակեղծիքները քողարկելով:
– Եթե, ըստ «Գելափի» կողմից արված հարցման` ՀՀ-ում նախագահական ընտրություններն անցկացվեն երկու փուլով` հաշվի առնելով այդ հարցումների արդյունքում ՀՀ գործող նախագահի ցածր վարկանիշը, ապա վտանգ չկա՞, որ առաջին փուլում ընտրախախտումներն առավելագույնի կհասնեն:
– Եթե, իսկապես, պայքար լինի թեկնածուների միջև, ապա յուրաքանչյուր թեկնածու պետք է անհանգստացած լինի իր ձայների քանակով: Ձայների «գնման» երևույթը, կարծես, տարածված է, և հնարավոր է, որ դա կիրառելի լինի որոշակի թեկնածուների համար:
– Այլընտրանքային թեկնածու տեսնո՞ւմ եք:
– Չեմ ուզում խոսել այդ մասին: Ցանկալի կլինի տեսնել նոր դեմքեր: Մի բան հստակ է` մենք ուզում ենք, որ ընտրապայքար լինի, որպեսզի մարդիկ ընտրության հնարավորություն ունենան: Եթե ընտրությունները, այսպես ասած` երազանքի մակարդակով անցկացվեն` առանց ընտրակեղծիքների, արդար, թափանցիկ, ապա էական չի լինի, թե ո՞վ կընտրվի:
– Իսկ հասարակության ներկա տրամադրվածությունից ենթադրո՞ւմ եք, որ հավատում է ընտրությունների թափանցիկությանը:
– Մարդիկ չեն հավատում: Մի մասը ցինիկ է դարձել կառավարության պես, մյուս մասն էլ` հիասթափվել է, մտածում է` ի՞նչ անի երկրից գնալու համար: Ընդհանուր առմամբ, շատ հիասթափված վիճակ է: Եթե ինչ-որ միջոցառումներ լինեն, որ իրենք` որպես քաղաքացիներ, դրսևորվեն, այլ ոչ թե` ուտող-խմող էակներ, որոնց ընտրակաշառքով կարելի է սիրաշահել, խնդրել, որ ծառայություն մատուցի` ձայնը տալով այս կամ այն թեկնածուին, ապա լուծումներ կգտնվեն:
– Իսկ կիսո՞ւմ եք թևավոր խոսք դարձած այն արտահայտությունը, թե` ժողովուրդն արժանի է իր իշխանությանը:
– Քանի որ մեր դեպքում ընտրություն չի լինում, և մի խումբ հանցագործ միջոցներով իշխանության է գալիս, նույն միջոցներով էլ պահելով իշխանությունը, ապա համաձայն չեմ, որ արժանի ենք դրան: Ըստ էության, մենք ընտրություն չենք արել, մենք հանցագործ չենք ընտրում: Այսինքն` եթե մեկն իշխանության է գալիս բռնությունների հետևանքով, ապա դա ընտրություն չէ:
Եվ քանի որ նրանք ընտրված չեն, իշխանության էլ հասել են իրենց հարազատների գումարներով կամ հանցագործ արարքներով, ապա այդ առումով նրանցից ակնկալիքներ պետք չէ ունենալ:
– Իսկ ո՞րն է ելքը: Դուք դա պայմանավորո՞ւմ եք քաղաքացիական հասարակությամբ:
– Ելքը չի գալու մի տեղից: Ելքը պետք է լինի բոլոր կողմերից` քաղաքացիական հասարակությունը պետք է դրսևորի գիտակցություն, ընդդիմությունը պետք է ավելի ուժեղանա, միջազգային կազմակերպությունները պետք է աչք չփակեն անօրինականությունների վրա և չճանաչեն ոչ լեգիտիմ ընտրված իշխանություններին: Ելքը պետք է լինի տարբեր ուղղություններով: