Բաժիններ՝

Բանկային համակարգի թշվառ հզորությունը

Հայաստանի բանկային համակարգն այն ոլորտն է, որի մասին մեր իշխանավորները առանձնակի հպարտությամբ և ոգևորությամբ են խոսում։ Զարգացած, կայացած, թափանցիկ, ապահովգ Բոլորովին վերջերս էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր որակում տվեց՝ «հզոր»։ Այսինքն՝ հզոր բանկային համակարգ ունենք։
Հզորությունը քչերն են վիճարկում։ Հակառակը՝ հզորությունը կամ գերհզորությունն արդեն սկսում է քննադատության ենթարկվել։ Այն իմաստով, որ երբ տնտեսությունն անկում էր ապրում, բանկերն ավելացնում էին շահույթը։ Հենց դա նկատի ունենալով՝ շատերն ասում են, որ ՀՀ բանկային համակարգը կարծես ընդհանուր տնտեսությունից դուրս լինի, քանի որ բանկային համակարգի և տնտեսության զարգացումները միմյանց համահունչ չեն։
Բանկային համակարգի պատասխանատուները, բնականաբար, արձագանքում են այդ քննադատություններին։ Նախ՝ արդարացիորեն նշում են, որ շահույթի համար բանկերին մեղադրելը սխալ է, քանի որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտի վերջնական նպատակը հենց շահույթ ստանալն է։ Ինչ վերաբերում է տնտեսությունից դուրս լինելուն, ապա դա ընդհանրապես համարում են աբսուրդ՝ հիշեցնելով, որ Հայաստանի բանկային համակարգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսությունը։
Հիմա տնտեսությունն անկում չի ապրում։ Եթե հավատանք իշխանություններին՝ արդեն ունենք 6% տնտեսական աճ։ Եվ եթե տնտեսության անկման ժամանակ բանկային համակարգը բարգավաճում էր, ապա հիմի պիտի առավել քան բարգավաճի։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանահատվածի համար վկայում են այն մասին, որ բանկային համակարգի գործերը վատ չեն։ Այսպես, 2012թ. սեպտեմբերի վերջի դրությամբ վարկային ներդրումներն աճել են 30.1%-ով և հասել 1 տրիլիոն 477.7 միլիարդ դրամի։ Ավանդների աճն ավելի զգալի է՝ 32.8%։ Եթե նախորդ տարվա սեպտեմբերի վերջին բանկային համակարգում ավանդների ծավալը 876.9 միլարդ դրամ էր, ապա այս տարվա սեպտեմբերին այդ ցուցանիշը հասել է 1 տրիլիոն 165.1 միլիոնի։
Նշենք նաև, որ տարվա կտրվածքով շուրջ 21%-ով (262 285 մարդով) ավելացել է բանկային համակարգի հաճախորդների թիվը՝ 1 254 451 մարդուց հասնելով 1 516 736-ի։
Դրամավարկային այս ցուցանիշները միասին վկայում են այն մասին, որ բանկային համակարգն իրոք դինամիկ տեմպով զարգանում է։ Սակայն հարկաբյուջետային ցուցանիշները հակառակ պատկեր են արտացոլում՝ բանկերը նվազեցրել են հարկերը։
Այսպես, ՊԵԿ-ի կողմից նախօրեին հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից երևում է, որ հայաստանյան 21 բանկերը միասին այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետբյուջե են վճարել 21 միլիարդ 630 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Դա 850 միլիոն դրամով կամ 3.9%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Ինչպես երևում է աղյուսակից, 21 բանկերից 13-ը նվազեցրել են հարկերը։ Ամենից զգալի չափով հարկերը նվազեցրել է ԲՏԱ բանկը՝ 42%-ով (58.3 միլիոնով)։ Իսկ վճարած հարկերի նվազման բացարձակ մեծությամբ «առաջատարը» ՎՏԲ Հայաստան բանկն է, որն այս տարվա առաջին 9 ամիսներին շուրջ 750 միլիոն դրամով կամ 30.4%-ով ավելի քիչ հարկ է մուծել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ «Զարգացման հայկական բանկի» վճարած հարկերը նվազել են 26.6%-ով, «Յունիբանկինը»՝ 25.6%-ով։
Նկատենք, որ բանկային համակարգի վճարած հարկերի նվազումը կարող էր ավելի մեծ լինել, եթե բանկերից մեկն աննախադեպ և ինչ-որ տեղ անհասկանալի տեմպով ավելացրած չլիներ հարկային վճարումները։ Խոսքը վերաբերում է իրանական «Մելլաթ» բանկին, որը 82%-ով (402 միլիոն դրամով) ավելացրել է պետբյուջե կատարած վճարումները։ «Մելլաթի» այս ակտիվացումը տարօրինակ է, քանի որ բանկը հիմնականում զբաղվում է Հայաստան-Իրան առևտրային գործարքները սպասարկելով (ոչ մի ուրիշ բանկ Հայաստանում Իրանի հետ ֆինանսական գործարքներ չի կատարում), իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում ոչ միայն չի աճել, այլև 2012թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով` 241.3 միլիոն դոլարից հասնելով 233.6 միլիոն դոլարի։
Ինչևէ, դա առանձին թեմա է, որի շուրջ առանց լուրջ տեղեկատվության չի կարելի եզրակացություններ անել։ Վերադառնանք ընդհանուր հարկային համակարգի ցուցանիշներին և դրանց նվազմանը։ Դժվար է ասել, որ բանկերը թաքցնում են հարկերը, քանի որ բանկային համակարգը համարվում է ամենաթափանցիկ ոլորտը։ Այդ դեպքում մնում է միայն մեկ բացատրություն՝ բանկային համակարգն այդքան էլ հզոր չէ կամ էլ որոշ չափով թուլացել է։ Իսկ դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀՀ բանկային համակարգը շարժվում է ընդհանուր տնտեսության միտումներին հակառակ՝ անկման ժամանակ բարգավաճում է, աճի ժամանակ՝ նահանջ ապրում։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս