Արամ Մանուկյանը քաղաքական բլեֆ է անում. Շարմազանով
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսում ասել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնելու նպատակով ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ոչ միայն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ, այլև ՀՀԿ այն հատվածի հետ, ովքեր նույնպես կողմ են Սերժ Սարգսյանի հեռանալուն:
Արամ Մանուկյանը՝ որպես օրինակ, հիշատակել էր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրի քվեարկությունը, որտեղ ՀՀԿ-ի 6 պատգամավորներ դեմ էին քվեարկել:
Այնպես որ, ըստ Արամ Մանուկյանի` չպետք է զարմանալ, որ Հանրապետական կուսակցությունում կան այնպիսիք, ովքեր կանցնեն ընդդիմության կողմը:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի վերոնշյալ հայտարարություններին, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Արամ Մանուկյանը քաղաքական բլեֆ է անում: Նա ինքն էլ չի հավատում իր ասածին: Արամ Մանուկյանը լավ կանի հիշի, թե այսքան տարիների ընթացքում քաղաքական կարկառուն որքա՞ն գործիչներ են ՀԱԿ-ը լքել, և նոր խոսի Հանրապետականի մասին»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, թե Արամ Մանուկյանն իր այդ տեսակետը հիմնավորելու համար վկայակոչել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի հայտնի քվեարկությունը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Արամ Մանուկյանը լավ կանի նախ՝ վերլուծի իրենց քվեարկությունները, որտեղ 7 հոգով 8 երգ են երգում, նոր խոսի այլ խմբակցությունների քվեարկությունների մասին»:
ՀՀԿ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ հանրապետական բոլոր պատգամավորները համախմբված են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ ու փետրվարին ժողովրդի հետ միասին արձանագրելու են հերթական հաղթանակը՝ ուղղված բարեփոխմանը: