Ո՞վ կֆինանսավորի Րաֆֆիին

Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին անսպասելի հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կրկին ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մի շարք նոր ուշագրավ հայտարարություններ է արել:

Ր. Հովհաննիսյանն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչո՞ւ էր ուրբաթ օրվա իր հայտարարությունից հետո անսպասելի հեռացել ասուլիսի սրահից` տեղիք տալով բազմաթիվ ենթադրությունների: Դրանցից մեկն էլ այն էր, որ Ր. Հովհաննիսյանն իր ասելիքն ինչ-որ տեղի կամ ինչ-որ տեղերի հետ ճշտելու, համաձայնեցնելու խնդիր է ունեցել: Անընդհատ քաղաքացիությունից, թափանցիկությունից խոսող Ր. Հովհաննիսյանը, համենայնդեպս, իր գործողություններով հակառակը մտածելու տեղիք չի տալիս:

Ր. Հովհաննիսյանի ասուլիսի այսօրվա ամենահետաքրքիր միտքը քաղաքացիական հանգանակություն կատարելու մասին նրա հայտարարությունն է: Ր. Հովհաննիսյանն ասում է, որ «Ժառանգությունը» միշտ էլ ֆինանսական խնդիրներ է ունեցել և այս անգամ դրանք լուծելու համար «սրտացավ քաղաքացիներից» հանգանակություն է ակնկալում: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ր. Հովհաննիսյանը նման հանգանակություն էր կազմակերպել սփյուռքահայերի շրջանում` Ազգային ժողովի՝ մայիսին կայացած ընտրություններից առաջ:

Ամերիկահայ Ր. Հովհաննիսյանն, իհարկե, իր այս քայլը կարող է ներկայացնել՝ որպես Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ներդնելու փորձ` հղում անելով հենց ամերիկյան քաղաքական ու ընտրական համակարգին, որտեղ քաղաքացիական հանգանականությունները կարևոր դերակատարություն են կատարում, եթե ոչ՝ ամենակարևորը: Սակայն, ինչպես էլ իր քայլը ներկայացնի Ր. Հովհաննիսյանը, Հայաստանում դրան հավատացողներ հազիվ թե գտնվեն:

Քանի որ ճշմարտությունից խոսող Ր. Հովհաննիսյանը, մեղմ ասած, ամբողջական ճշմարտությունը չի ասում` հայտարարելով, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում ևս «Ժառանգությունը» ֆինանսական խնդիրներ ուներ: Պաշտոնական տվյալներով՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից հետո երկրորդ` ամենաշատ ծախսեր կատարած կուսակցությունը հենց «Ժառանգությունն» էր: Այլ հարց է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե ներքին խնդիրներ է ունեցել այդ ծախսերի հետ կապված:

ԱԺ ընտրություններում «Ժառանգության» նախընտրական շտաբի պետը, ինչպես հայտնի է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էր, ով էլ, ըստ ամենայնի, տնօրինել է նախընտրական ֆինանսների ելումուտը: Ընդ որում, այդ օրերին, նաև դրան հաջորդող շրջանում բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «Ժառանգության» նախընտրական ծախսերի մեծ մասը ֆինանսավորել է իշխանությունը:

Սկանդալ առաջացավ նաև ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերի շուրջ. «համակարգչային սխալի արդյունքում» դրանց զգալի մասն անցել էր ՀՀԿ-ականների տրամադրության տակ: Այսինքն` Ր. Հովհաննիսյանի դժգոհությունն, ըստ էության, հանգում է նրան, որ իշխանությունն ԱԺ ընտրություններում ֆինանսավորել է ոչ թե ուղղակիորեն, այլ միջորդավորված: Ու տպավորություն է ստացվում, որ հանգանակության մասին իր հայտարարությամբ Րաֆֆին պահանջում է, որ գումարն այս անգամ ուղղակիորեն իրեն տրամադրեն:

Ընդ որում, այդ հայտարարության մեջ նաև որոշակի սպառնալիք կա: Հայաստանում, ինչպես հայտնի է, հրապարակային հայտարարությունների մակարդակում «սրտացավ» են բոլոր քաղաքացիները, հատկապես քաղաքականությամբ զբաղվողները: «Սրտացավ» են ինչպես՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ի միլիոնատերերը, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցության անդամ միլիոնատերերը: Այսինքն` Ր. Հովհաննիսյանն ակնարկում է` երկու բևեռներից ով ավելի շուտ և ավելի շատ «հանգանակություն» տրամադրեց, այդ ուղղությամբ էլ կփչի «սարերի քամին»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն այսօր, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել նաև մաս կազմել հետընտրական իշխանական կոալիցիային: Իհարկե, նա այդ մասին ուղղակիորեն չի ասել: Ր. Հովհաննիսյանն ընդամենը կարծիք է հայտնել, որ նախագահի ընտրությունից հետո տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, «և ձեր սիրելի դեմքերը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, կվերադառնան խորհրդարան»:

Հովհաննիսյանն ասել է, նաև, որ «Ժառանգությունը» կունենա իր առաջարկը` վարչապետի և կառավարության նոր կազմի շուրջ, որտեղ կլինեն ոչ միայն սիրելի դարձած պատգամավորները, այլ նաև կուսակցության այլ ներկայացուցիչներ:

«Վարչապետի և կառավարության կազմի շուրջ» առաջարկը ենթադրում է, որ, ասենք, վարչապետի մասով այն կարող է մերժվել, կառավարության կազմի մասով` ընդունվել: Այսինքն` Ր. Հովհաննիսյանն իշխանությանն ակնարկում է, որ համապատասխան «հանգանակության» դիմաց՝ ընտրություններից հետո կարող է մաս կազմել նաև  իշխանական կոալիցիային:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ր. Հովհաննիսյանն ու նրա հետ ուխտ արածները «Ուխտ Նոր Հայաստանի» հռչակագրում խոստանում էին կերտել նոր Հայաստան` նոր իշխանությամբ ու նոր կառավարությամբ: Հիմա արդեն Ր. Հովհաննիսյանը պատրաստ է համակերպվել նաև հին կառավարության հետ` դրա կազմի փոփոխության շուրջ սեփական առաջարկների ընդունման դեպքում:

Իրականում, Ր. Հովհաննիսյանին ինչ-որ առումով կարելի է հասկանալ: Իր գործողություններում հիմնականում ազնիվ մղումներով առաջնորդվող «Ժառանգության» ղեկավարը տեսնում է, թե ինչպես են իր աչքի առաջ համագործակցում նախկին թշնամիները, ինչպես են իշխանական կերակրատաշտից օգտվելու համար իրար դավաճանում նախկին կուսակիցներն ու գաղափարակիցները, մի խոսքով, քաղաքականությամբ է զբաղվում մի միջավայրում, որտեղ, ըստ էության, փողից բացի, կա ընդամենը մեկ այլ արժեք` ավելի մեծ փողը:

Այդ պայմաններում նա երկու տարբերակ ուներ` կամ հեռանալ քաղաքականությունից և դրանով իր վերաբերմունքն արտահայտել քաղաքական դաշտի այլասերվածության նկատմամբ, կամ ընդունել այդ դաշտի կանոնները և դառնալ դրա խաղացողներից մեկը: Այս դժվարին ընտրության մեջ, «Ժառանգության» ղեկավարը, ըստ երևույթին, ոչ այնքան հեշտությամբ, ընտրել է երկրորդ տարբերակը: Որպես սրտացավ քաղաքացի, բնականաբար:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս