Բաժիններ՝

2-3 տարի հետո գյուղատնտեսություն չենք ունենա, եթե…

Օպերկուլա` ցեց հիվանդության դեմ պայքարի միջոցներ կան: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Նշենք, որ դեռևս գարնանից ՀՀ տարբեր մարզերի գյուղացիներն ահազանգում էին իրենց մորմազգի մշակաբույսերի շրջանում տարածված վարակի մասին:

Օրերս ՀՀ գյուղնախարարության առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ցեց հիվանդության դեմ պայքարի միջոցներ դեռևս չկան: Նշենք, որ հիվանդությունը տարածվում է բոլոր մորմազգի մշակաբույսերի` կարտոֆիլի, լոլիկի, թութունի, սմբուկի, պղպեղի վրա: «Նախորդ տարի այս հիվանդությամբ վարակված էին ընդամենը 2 գյուղի հողակտորներ: Իսկ այսօր այդ հիվանդությամբ վարակված են 40-ից ավելի գյուղեր: Եթե այսպես շարունակվի` մի երկու տարուց մենք գյուղատնտեսություն չենք ունենա»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Բերբերյանը:

Ըստ մեր զրուցակցի` այս հիվանդությունը բուժելի է, պարզապես պետք է խթանել գյուղացուն` այլ մշակաբույսեր մշակել և ճիշտ ժամանակին բուժումներ անցկացնել: Սակայն հարց է, թե գյուղացին կհամաձայնի՞ իր հողակտորում մշակել այլ մշակաբույս, քանի որ վաղահաս կարտոֆիլից և լոլիկից գյուղացին առավել մեծ օգուտ է ստանում: «Դրա համար պետք է գյուղացուն խթանել, որպեսզի իր շահավետ մշակաբույսը փոխի այլ կուլտուրայով: Ասենք` որևէ այգի հիմնի` մի երկու տարի ազատվելով հարկերից: Պետք է խթանել, որպեսզի գյուղացին մշակի տեխնիկական կուլտուրաներ: Սոխ և սխտորի հսկայական քանակություն է տարեկան ներկրվում երկիր` շուրջ 11.000տ, որը կազմում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Արարատյան դաշտում կարելի է մշակել սոխ ու սխտոր, բարձր արժողությամբ մշակաբույսեր են: Եթե մենք այս կերպ չաշխատենք 2-3 տարի, ապա մեր գյուղատնտեսությունը շատ վատ վիճակում կհայտնվի: Չեն աշխատի պահածոների գործարանները, չենք ունենա լոլիկի մածուկ, հյութ:

Պատկերացրեք դրա վնասները: Զարմանում եմ, թե ոնց ՀՀ գյուղանախարարության առաջին տեղակալը հայտարարեց, թե մենք դեռ չունենք ցեցի բուժման միջոցներ: Ես կարծում եմ, որ կառավարությունը` այս հայտարարությունից ելնելով, համապատասխան եզրահանգման կգա»,- ասաց Հ. Բերբերյանը: Վերջինս համոզված է, որ Գյուղնախարարությունն ուներ համապատասխան միջոցներ, փորձ այդ հիվանդության դեմ պայքարելու համար:

Նշենք, որ տարիներ առաջ Գայ գյուղում տարածված Ֆիլոքսերա հիվանդության դեմ Գյուղնախարարությունը կարողացել է պայքարել, սա ևս նման հիվանդություն էր, որն արագ ախտորոշման դեպքում հնարավոր էր առանց մեծ վնասներ կրելու վերացնել: Պարզապես դրա համար ցանկություն և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջվում, որից, կարելի է ասել, զուրկ են ՀՀ գյուղնախարարության համապատասխան պաշտոնյաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս