Պահանջում են «Հարսնաքարի» գործի քննությունը հանձնարարել ՀՔԾ-ին

Երևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝  դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, նոյեմբերի 16-ին կհրապարակի իր որոշումն ընդդեմ ոստիկանության ու դատախազության «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով տուժող կողմի  բողոքի վերաբերյալ:

Դատարանի այսօրվա նիստում տուժող կողմի ներկայացուցիչներ  Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը պահանջել են վերացնել  քննիչի որոշումը, որով մերժվել են   նախաքննության ընթացքում բացթողումների ու խախտումների շտկմանն ուղղված իրենց միջնորդությունները: Կողմը պահանջել է նաև վերացնել  քննիչի որոշման դեմ  իրենց բողոքը մերժելու մասին գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը:

Տուժող կողմը պահանջել է պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:

Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների՝  նախաքննության մարմնի ամենամեծ բացթողումն այն է, որ  չի պարզվել, թե կոնկրետ ում հարվածը կամ հարվածներև են պատճառել տուժող Վահե Ավետյանի մահը, ուստի «չի բացահայտվել տուժողի սպանությունը»: Կողմը գտնում է, որ սխալ է սպանությունը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել որակելը՝ ի սկզբանե ծանր մարմնական վնասվածքն եղել է կյանքի հետ անհամատեղելի: Տուժող կողմը վստահ է, որ «նախաքննությունն հապշտապ ավարտելու հետևանքով» չի պարզվել հանցագործության մեղսակից անձը՝ բացահայտված 6 անձանցից 5-ը թիկնապահներ են եղել, և որևէ քայլ չէին կարող կատարել առանց համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարության կամ իմացության:

Տուժող կողմը պնդում է նաև, որ  գործի նախաքննությունը վերսկսվի Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնատար անձանց գործողությունները և դրանց շարժառիթները պարզելու համար:

Գործով  դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը գտնում է, որ բողոքն անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից և ենթակա է մերժման:

Նա պարզաբանեց, որ  6  մեղադրյալներին նույն մեղադրանքն է առաջադրվել, քանի որ նրանք միասնական դիտավորությամբ փորձել են վնաս պատճառել մի խումբ անձանց առողջությանը:  Ըստ մեղադրողի,  դատարանը կարող է  քննության արդունքում փոխել հանցագործության քրեաիրավական գնահատականը՝  նաև մեղադրանքը խստացնելով,  դա անդառնալի չէ:

Ըստ նրա, գործի նախաքննության ավարտումը հապշտապ չի եղել, գործը քննվել է ողջամիտ ժամկետում, ինչը իրավունքի միջազգային նորմերի ու հանրային պահանջ է:

Ա. Դավթյանը հավելեց, որ  տուժող կողմի միջնորդությունների մի մասն առնչվում է  հանցագործության  այլ հնարավոր մասնակիցների բացահայտմանը: Դրա  համար գործից մաս է անջատվել, ընթացող նախաքննության շրջանակում քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս