Ծեծի հեղինակ դատախազն ազատվեց աշխատանքից

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր մոտ է կանչել Կոտայքի մարզային դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանին և նրան առաջարկել աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել:

Երեկ մենք զանգահարեցինք Մեսրոպ Մանրիկյանին և հարցրեցինք, թե արդյո՞ք նա պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում գրել: Մանրիկյանը պատասխանեց, որ այս պահին ինքը չի ցանկանում այդ մասին խոսել, բայց խոստացավ անպայման խոսել: Երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ տեղեկացրեց, որ Մեսրոպ Մանրիկյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Մանրիկյանի հետ տեղի ունեցածն անակնկալ է եղել նրա համար, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ նա եղել է գլխավոր դատախազի մոտ, բայց այդ անգամ Աղվան Հովսեփյանը ճիշտ հակառակն է ասել, վստահեցնելով, որ նա աշխատանքային կարիերայի համար կարող է չմտահոգվել:

Պարզ ասած, գլխավոր դատախազն իր ենթակային ասել է, որ նա շարունակելու է աշխատել որպես դատախազ: Բայց չի կարողացել պահել իր խոստումը, այսպես ասած, տեր կանգնել իր ենթակային, որովհետև հոկտեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանն այլ հրահանգ է տվել: Եվ այդ հրահանգը եղել է հրապարակային:
Հոկտեմբերի 29-ին Դատախազությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ, նախագահ Սարգսյանը, առանց անուններ նշելու, խոսել է Դատախազության մի քանի աշխատակիցների դրսևորած վարքագծի մասին: Նրա խոսքի մի հատվածը վերաբերել է Մեսրոպ Մանրիկյանին:

«Դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է`աղմուկից հետո քրեական գործ են հարուցում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել»,- ասում է Սերժ Սարգսյանը` առանց նշելու Մեսրոպ Մանրիկյանի անունը: Ո՞վ է Կոտայքի մարզային դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, և ինչո՞ւ են նրան ստիպել ազատվել աշխատանքից, և ի՞նչ կռվի մասին է խոսել նախագահ Սարգսյանը:

Մայիսի 12-ի ուշ երեկոյան Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 շենքի բակում վեճ է ծագում «Ռեգնում» գործակալության հայաստանյան խմբագրության ղեկավար Ռուբեն Գրձելյանի և Դատախազության աշխատակից Մեսրոպ Մանրիկյանի միջև: Վեճն ավարտվում է ծեծկռտուքով: Մանրիկյանի որդին և ընկերները դաժան ծեծի են ենթարկում Գրձելյանին, որը համարձակվել էր վեճի մեջ մտնել դատախազի հետ: Հարուցվում է քրեական գործ, որտեղ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը հանդես է գալիս որպես տուժող. ըստ քրեական գործի` Գրձելյանը հարվածել է Մանրիկյանին:

Գրձելյանը և Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, քրեական գործում հանդես են գալիս որպես մեղադրյալներ: Դատախազությունը մինչև վերջ պաշտպանում էր Մանրիկյանի որդուն, քանի որ մեղադրողը պահանջում էր Ալբերտ Մանրիկյանին տուգանել 100 հազար դրամ, իսկ Ռուբեն Գրձելյանին` 150 հազար դրամ, սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 9-ին արդարացման դատավճիռ կայացրեց, արդարացնելով Գրձելյանին, իսկ Ալբերտ Մանրիկյանին նշանակելով տուգանք` 100 հազար դրամ:

Թե արդարացման դատավճիռը, և թե Մանրիկյանին աշխատանքից ազատելը կարելի է արդարադատության հաղթանակ համարել, քանի որ ինքնադատաստանը, այն էլ` իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից կամ նրա ներկայությամբ, որևէ արդարացում չի կարող ունենալ: Բայց Դատախազությունում այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ դրա անդամներն իրենց համարում էին օրենքից դուրս և օրենքից բարձր: Նրանց կողմից իրականացված ցանկացած հակաօրինական քայլ համարվում էր արդարացված, և մնում էր անպատիժ: Հենց այդ անպատժելիության արդյունքում էր, որ Դատախազության աշխատակիցները ծեծում էին Ոստիկանության աշխատակիցների, կամ գիշերային ակումբում մասնակցում մերկապարի:

Բայց կոնկրետ այս դեպքում կա մի հետաքրքիր հանգամանք, որի մասին կարող է խոսել միայն Դատախազության այլևս նախկին աշխատակից Մեսրոպ Մանրիկյանը: Մեր ունեցած տեղեկություններով` դատախազը և խմբագիրը տևական ժամանակ բանակցություններ են վարել և փորձել են արտադատարանական կարգով հարթել խնդիրը, Մանրիկյանը փորձել է համոզել Գրձելյանին` հրաժարվել իր բողոքից:

Գրձելյանը, մեր տեղեկություններով, դրա դիմաց չափազանց մեծ պահանջներ է դրել, և գործարքը չի կայացել: Թերևս, Մանրիկյանը մտածել է, որ կազատվի 100 հազար դրամ տուգանք վճարելով, սակայն սխալ է հաշվել և վճարել է իր կարիերայով, որն անհամեմատ թանկ է նրանից, ինչ պահանջել է Գրձելյանը: Թե ինչ է պահանջել Գրձելյանը և ինչու Մանրիկյանը դրան չի համաձայնվել, կարող է պատմել միայն Մանրիկյանը: Նա այլևս Դատախազության աշխատակից չէ, և հնարավոր է, որ կարողանա դրա մասին ավելի բաց խոսել:

Տեսանյութեր

Լրահոս