Բաժիններ՝

Պակասուրդի համար պատասխան տվող չկա

Ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է զարմացնել իր հրապարակած տվյալներով: Երեկ հրապարակվել է երկու զեկույց` 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները և ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ.
հունվար-սեպտեմբերին: Սրանց համեմատությունը հետաքրքիր եզրակացությունների է հանգեցնում:

Խոսքը վերաբերում է բնակչության թվաքանակին: Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն, մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854 մարդ: Մյուս զեկույցի` ժողովրդագրությանը վերաբերող բաժնում կարդում ենք. 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ՀՀ 2001 թ. մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3 282.0 հազ. մարդ, այդ թվում, քաղաքայինը` 2 101.2 հազ. մարդ, իսկ գյուղականը` 1 180.8 հազ. մարդ:
Փաստորեն, վերջին մարդահամարի թիվը 263 հազար մարդով տարբերվում է 2001թ. մարդահամարի հիման վրա տարված հաշվառման տվյալներից թվից: Պարզաբանենք, թե ինչ է սա նշանակում։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, խոսենք պահեստի օրինակով: Այսպես, պահեստապետը տարվա սկզբին հաշվարկ է արել և արձանագրել, որ 01.01.2012թ. այդ պահին առկա է 500 հատ անվադող: Դրա հիման վրա նա արդեն հաշվառում է տանում` ամեն օր գրանցելով, թե քանի անվադող ավելացավ, քանիսը դուրս եկավ պահեստից: Ըստ նախնական թվի և իր գրառումների` պահեստապետը ցանկացած պահի գիտի, թե քանի անվադող կա: Եթե ստուգում անեն, և պարզվի, որ անվադողերի թիվը նրա հաշվարկից տարբերվում է` առկա է պակասուրդ կամ ավելցուկ, նշանակում է` ինչ-որ բան այն չէ: Կամ անփույթ է կատարել գրառումները, կամ էլ գողացել է ապրանքը։ Իհարկե, մենք բնակչությանը չենք համեմատում ապրանքի հետ, պարզապես գործողությունների, հաշվարկի տրամաբանությունը նույնն է: Եթե վերջին մարդահամարի թիվը 263 հազար մարդով տարբերվում է 2001թ. մարդահամարի հիման վրա տարված հաշվառման տվյալների թվից, ուրեմն դա կարող է ունենալ 3 բացատրություն` կամ 2001թ. մարդահամարը պատշաճ չի անցկացվել (բնակչության թիվն ուռճացվել է), կամ 2012թ. մարդահամարն է անցկացվել թերություններով (իրականից քիչ է հաշվառվել)։ Մարդահամարն, իհարկե, ունի սխալի թույլատրելի շեմ, բայց սխալը չի կարող լինել 8-9%: Հակառակ պարագայում այդ միջոցառումը կկորցնի իր նշանակությունը: Առավել հավանական է երրորդ պատճառը` հաշվառման սխալը: Այսինքն` Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների հաշվառումը սխալ է տարվել, որը հանգեցրել է 260 հազար մարդու տարբերության: Պատկերավոր ասած, ունենք «պակասուրդ», ինչը նշանակում է, որ կամ Հայաստան մեկնողների թիվն է ուռճացված եղել վերջին 11 տարիների ընթացքում, կամ էլ Հայաստանից մեկնողներինը` նվազեցված: Կամ` երկուսը միասին: Նշենք նաև, որ այս սխալի համար ԱՎԾ-ին մեղադրելը ճիշտ չէ, քանի որ վիճակագիրները միջազգային սահմանահատումների վերաբերյալ տվյալները ստանում են այլ կառույցներից, օրինակ` Միգրացիոն ծառայությունից: Այնպես որ, պակասուրդի համար մեղավորներին պետք է այս դեպքում փնտրել Վիճակագրական ծառայությունից դուրս: Սակայն, մեծ հաշվով, այդքան կարևոր չէ, թե ում մեղքով է առաջացել այս տարբերությունը: Կարևորն այն է, որ այս անհամապատասխանության արդյունքում երևում է վիճակագրական ցուցանիշների իրական «հմայքը»:
Պակաս ուշագրավ չեն նաև հայրենի վիճակագիրների բանավոր հայտարարությունները: Օրինակ, ԱՎԾ պաշտոնյաներից մեկը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է գնաճի ցուցանիշներից և, ի թիվս այլ ապրանքատեսակների, անդրադարձել նաև մսամթերքի գներին: Լրագրողների հարցին, թե վերջին անգամ քանի դրամով է ինքը միս ձեռք բերել, նա պատասխանել է, 2499 դրամով: Ֆորմալ առումով միգուցե նա ճիշտ է, քանի որ սուպերմարկետներում սիրում են նման խուճուճ գներ փակցնել ապրանքների վրա: Սակայն իրականում բոլորն էլ վճարելիս կլորացնում են գինը` հօգուտ վաճառողի, քանի որ ոչ 1 դրամանոց մետաղադրամ ունենք, ոչ էլ մեկ դրամին համարժեք որևէ ապրանք: Այս օրինակն էլ ցույց է տալիս, թե վիճակագրական իրականությունը ինչպես կարող է տարբերվել մեր աչքի տեսածից:
Ի դեպ, հակասությունների շարքը միայն պաշտոնական վիճակագիրներին չէ, որ բնորոշ է: Օրինակ` Doing Business-ում Հայաստանն առաջադիմում է 18 հորիզոնականով, այդ թվում` թռիչքաձև աճ է ապրում ներդրողների պաշտպանվածության գծով, սակայն օտարերկրյա ներդրումներն անշեղորեն նվազում են: Կամ, օրինակ, սոցիալական ոլորտին ուղղված բյուջետային հատկացումները հաջորդ տարվա համար նախատեսված են ավելի քիչ, քան այս տարի, սակայն կառավարությունն իր բյուջեն անվանում է «սոցիալական ուղղվածություն ունեցող»:
Ինչևէ, վերադառնալով բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներին, նշենք, որ նվազումն ունի նաև դրական հետևանքներ: Իհարկե, ժողովրդագրության տեսանկյունից շատ վատ է, որ ազգը քչանում է: Սակայն մյուս կողմից` դրա արդյունքում բարելավվում է բնակչության կենսամակարդակի մասին վկայող մի շատ կարևոր ցուցանիշ` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն: Իսկ այդ ցուցանիշով կարելի է հպարտանալ միջազգային կառույցների առջև և արժանանալ նրանց դրվատանքի խոսքերին:
Բնակչության թվաքանակի` պաշտոնական վիճակագրության արձանագրած նվազումն իշխանությունների համար մեկ այլ ռիսկ էլ է պարունակում` կապված ընտրությունների հետ: Բնակչության թվի նվազումը նշանակում է նաև` ընտրողների թվի նվազում: Այսինքն, ըստ տրամաբանության, ընտրացուցակներն ուռճացնելու գործը պետք է ահագին դժվարանա: Սակայն այս դեպքում էլ փորձը ցույց է տվել, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ նաև հակառակը (ինչպես եղավ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ արտագաղթի տվյալների ֆոնին` ընտրողների թիվն աճեց մի քանի տասնյակ հազարով): Այնպես որ, ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում, և մերն ուրիշ է` բոլոր առումներով։ Թե թվերի, թե ընտրությունների, թե ընտրողների և հասարակ մահկանացուների տարբերության տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս