Պետությունը ես եմ

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչությամբ զբաղվողներն առաջիկա նախագահական ընտրություններում նրա PR-ի հիմքում, ըստ ամենայնի, դրել են «միակ տղամարդու» սկզբունքը: Դրա իմաստն այն է, որ փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ, եթե Հայաստանում որևէ դրական քայլ է արվում, որևէ փոփոխություն է տեղի ունենում, ապա դա կատարվում է բացառապես ու միայն Սերժ Սարգսյանի անձնական միջամտությամբ ու դերակատարությամբ:

Այսինքն` բացի Սերժ Սարգսյանից, իշխանական համակարգի բոլոր անդամները  «երկրի հերն անիծում են», և Սերժ Սարգսյանը  միայնակ պայքարում է բոլորի դեմ` չճանաչելով յուրային և օտար: Հենց այս տրամաբանությունն է ընկած մեկ ամսից ավելի շարունակվող սերիալային բնույթ ստացած, տարբեր գերատեսչություններում անցկացվող խորհրդակցությունների հիմքում:

Բոլորի լեյտմոտիվը նույնն է. Սերժ Սարգսյանը հավաքում է այս կամ այն ոլորտի պաշտոնյաների, դեմքի սպառնալից, երբեմն` խիստ կամ նախատող արտահայտությամբ արձանագրում հերթական ոլորտի «խայտառակ վիճակը», ինչ-որ հանձնարարություններ տալիս, որից հետո այդ ոլորտի պաշտոնյաները սկսում են աշխատել մրջյունի պես:

Օրինակ, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ վաղը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է հրավիրելու: Նիստ հրավիրելն ինքնին վատ չէ, առավել ևս՝ ժողովներ, նիստեր անցկացնելը, ոչինչ չասող և երկար ելույթներ ունենալը նրա սիրելի զբաղմունքն է: Սակայն, տվյալ դեպքում, խնդիրն այն է, թե ինչպես է Տ. Սարգսյանը հիմնավորում այդ նիստի անցկացումը: Նա այսօր ասել է, որ նման նիստ հրավիրելու պատճառը՝ իր և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն է, որի ընթացքում նախագահը մտահոգություն է հայտնել կոռուպցիոն խնդիրների առնչությամբ:

«Նախագահը պահանջում է այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք լինեն շոշափելի ու տեսանելի»,- ասել է Տ. Սարգսյանը:

Ի՞նչ է նշանակում` նախագահը պահանջում է… Կառավարությունը պետք է առաջնորդվի ոչ թե որևէ մեկի, այդ թվում՝ անգամ նախագահի, այլ՝ Սահմանադրության ու օրենքների պահանջով: Այդպես գործելու դեպքում Հայաստանում կոռուպցիա չէր լինի կամ գրեթե չէր լինի, չէր լինի նաև դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Այսինքն` սա անուղղակի խոստովանություն է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգն աշխատում է ապօրինի, օրենքից դուրս, և հիմա, քանի որ նախագահը պահանջում է, վերադառնալու են օրենքի դաշտ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ մինչև հիմա նախագահը թույլ է տվել գործել օրենքից դուրս դաշտում: Իրականում անհեթեթության հասնող այս շղթան կարելի է շարունակել: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:

Իսկ խնդիրն այն է, որ Հայաստանում գրեթե բոլոր ֆորմալ ինստիտուտների, առաջին հերթին՝ Սահմանադրության, օրենքների փոխարեն՝ գործում է ոչ ֆորմալ, «ամենակարող» մի ինստիտուտ` «նախագահի խոսքը»:  Իսկ դա նշանակում է, որ նախագահը նույն հաջողությամբ կարող է պահանջել ոչ թե խստացնել, այլ մեղմացնել կոռուպցիայի կամ հանցավորության դեմ պայքարը, կամ, ասենք, Պողոսի դեմ խստացնել, Պետրոսի դեմ մեղմացնել, և այլն, և այդպես շարունակ:

Այսինքն` պետական կառավարման համակարգի միակ շարժիչ ուժն ու գնահատման չափանիշը դառնում է նախագահի խոսքն ու «խստությունը»: Դրա նպատակը, ինչպես սկզբում նշեցինք, Սերժ Սարգսյանի` «ժողովրդի մասին միակ մտածողի» կերպար ստեղծելն է: Թե որքանով դա կհաջողվի նրա տեխնոլոգներին` դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ` չի հաջողվի: Սակայն դա նրա և նրա տեխնոլոգների խնդիրն է:

Պետության, հասարակության խնդիրն այն է, որ հանուն այդ քարոզչության վերացվում, նսեմացվում են հանրային կյանքի կարգավորման համար հիմնարար նշանակություն ունեցող ֆորմալ ինստիտուտները` Սահմանադրությունը, օրենքը, պետական կառավարման համակարգն` ամբողջության մեջ:

Երբ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրում այս կամ այն ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ու վարժապետի նման նախատում է այդ ոլորտի ղեկավարին` վարչապետից մինչև գլխավոր դատախազ, առաջին արձագանքը լինում է այն, որ արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը պետք է տեղում հրաժարական ներկայացնի ու հեռանա պաշտոնից: Այդ գնահատականն, իհարկե, տեղին է, սակայն, եթե հանկարծ մի հրաշքով Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները թեկուզ մեկ օրով դառնան արժանապատիվ, ապա Հայաստանը կմնա առանց պետական կառավարման համակարգի, քանի որ Սերժ Սարգսյանն այդպես է վարվում գրեթե բոլորի հետ: Խնդիրն այն է, որ բոլոր այն պաշտոնյաները, ում, մեղմ ասած, ոչ արժանապատվորեն նկատողություններ է անում Սերժ Սարգսյանը, իրականում պետք են իրեն, քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններ են:

Բայց նրա տեխնոլոգները երևի կարողացել են համոզել, որ պաշտոնյաների վրա «մուննաթ գալը» դրական կանդրադառնա «ռեյծինգի», վրա ու Սերժ Սարգսյանն առանձնակի էնտուզիազմով հետևում է այդ խորհրդին: Խնդիրն ամենևին այն չէ, որ անարգանքի սյունին գամվող պաշտոնյաներն արժանի չեն դրան, որ նրանք առաքինի են, ու Ս. Սարգսյանը հանիրավի է նրանց մեղադրում: Խնդիրն այն է, որ օրենքը կարգավորում է բոլոր այն իրավիճակները, որոնք հիմա Ս. Սարգսյանը փորձում է լուծել «ջղայնանալով»: Եթե որևէ պաշտոնյա վատ է աշխատում, եթե որևէ ոլորտում «խայտառակ վիճակ» է, պետք է ընդամենը պաշտոնանկ անել այդ ոլորտի պատասխանատուին կամ պատասխանատուներին:

Սակայն, քանի որ այս ամենի նպատակը ոչ թե խնդիրների լուծումն է, այլ նախընտրական քարոզչությունը, Ս. Սարգսյանն այդ պաշտոնյաներին ազատելու խնդիր չի դնում: Մյուս կողմից՝ այդ պաշտոնյաներին նախատում է այնպես, որ հազիվ թե դրանից հետո նրանց ենթակաները տարրական հարգանք ցուցաբերեն իրենց ղեկավարների նկատմամբ: Այսինքն` Ս. Սարգսյանը սեփական հեղինակությունը բարձրացնելու համար հեղինակազրկում է գրեթե բոլոր պաշտոնյաներին:

Հայաստանում ամենացածր գնահատվող արժեքը դարձել է մարդը: Մարդկային արժանապատվությունը ոտնահարվում է գրեթե ամեն քայլափոխի ու գրեթե բոլորի կողմից, ոտնահարվում է՝ ըստ սոցիալական կարգավիճակի հիերարխիայի. Ավելի բարձր դիրք ունեցողները նվաստացնում են իրենցից ցածր կարգավիճակում գտնվողներին` նվաստանալով իրենցից հարուստ կամ բարձր պաշտոն ունեցողների առաջ: Հայաստանի իշխանական ու քաղաքական վերնախավը վաղուց ապրում է այդ կանոնով: Որովհետև Հայաստանում ոչ թե համակարգն է (այդ թվում և առաջին հերթին՝ պետական կառավարման համակարգը) ծառայում մարդուն, այլ մարդն է ծառայում համակարգին:

Պետական պաշտոնյաները, անգամ ամենաբարձրաստիճանները, այդ համակարգի մի մասն են ու ստիպված են ոտնահարվել` իրենցից ավելի ցածրերին` քաղաքացիներին ոտնահարելու իրավունքի, ավելի ճիշտ՝ ինդուլգենցիայի համար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս