«Ատկատի» առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել

«Ատկատների» թեման նոր զարգացումներ է ստանում: Դատելով իրադարձությունների ընթացքից, առաջիկա «տեսարանները» խոստանում են ավելի դիտարժան դառնալ` նոր «մասնակիցներով» ու նոր «բացահայտումներով»: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ չէ կոռուպցիայի դեմ մղվող պայքարից:

«Հանրապետության նախագահը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում՝ նաև վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի մենք կարողանանք այստեղ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի»,- ասել է վարչապետը` տեղեկացնելով, որ վաղը հրավիրվելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:

Որպեսզի այս ոլորտում հաջողություն արձանագրվի, ըստ Տիգրան Սարգսյանի, անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Նա կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել, թե որ հ/կ-ների հետ են համագործակցում պետական կառույցներն այս ոլորտում, որպեսզի հ/կ-ների ներկայացուցիչները նույնպես մասնակցեն քննարկումներին: «Կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանց հետ համագործակցենք, և նրանք էլ ներգրավված լինեն այս աշխատանքներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այսպիսով, «ատկատների դեմ» պայքարում իշխանությունը ցանկանում է մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպություններին ու ընդդիմությանը: Իշխանությունը բավական հնարամիտ քայլ է մտածել. քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանն առաջարկում է միանալ կոռուպցիայի դեմ պայքարին: Եթե հասարակական կազմակերպություններն ու, առավել ևս, ընդդիմությունը մերժեն այդ առաջարկը, իշխանությունը հնարավորություն կստանա հայտարարել, որ իրականում ընդդիմադիր ուժերն ու գործիչները, նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զբաղվում են պոպուլիզմով ու քաղաքական շահարկումներով, երբ խոսում են կոռուպցիայի, պետական միջոցների վատնումների և այլ արատավոր երևույթների մասին, հակառակ դեպքում՝ նրանք կարող էին ընդունել առաջարկը և ուղղորդել պետական մարմիններին` կոռուպցիայի դեմ ոչ թե սովորական պայքար մղելու, այլ «քոքը կտրելու» հարցում:

Իսկ եթե հասարակական կազմակերպություններն ու ընդդիմադիր ուժերն ընդունեն իշխանության առաջարկը, ապա կզրկվեն Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն ու «կոռուպցիայի դեմ մղվող պայքարը» որպես նախընտրական էժանագին քարոզչություն որակելու հնարավորությունից: Երբ նրանք ևս մասնակցեն այդ պայքարին, կստացվի, որ պայքարում են միասին, հետևաբար՝ չեն կարողանա ասել` մենք իրականում պայքարում ենք, Ս. Սարգսյանը PR է անում:

Մի խոսքով, իշխանական տեխնոլոգները «տրյուկ» են արել, որն, առաջին հայացքից, երաշխավորված արդյունք կարող է ապահովել: Նրանք չեն հաշվարկել միայն մի նրբություն: Հայաստանում հասարակության լայն շերտերը չեն վստահում ոչ միայն իշխանությանը, այլև նույն քաղաքացիական հասարակությանը (հատկապես իշխանական մի քանի պրոյեկտներում վերջինիս մի շարք ներկայացուցիչների մասնակցությունից հետո), ոչ էլ, առավել ևս` ընդդիմությանը: Այսինքն` այնպես չէ, որ հենց մի քանի ընդդիմադիր՝ վարչապետի ու այլ պաշտոնյաների հետ դեմքի սրտակեղեք արտահայտությամբ նույն սեղանի շուրջ խոսեն կոռուպցիայի մասին, հասարակությունը հավատալու է դրա անկեղծությանը:

Դա, իհարկե, ոչ այնքան իշխանության, որքան ընդդիմության մեղքն է: Բոլոր ընդդիմադիրները, միասին վերցրած և առանձին-առանձին, հասարակության հավատը փոխանակեցին մայիսի 6-ի խայտառակ ընտրություններում իրենց նետված մի քանի մանդատների հետ:

Այսինքն, լայն  իմաստով՝ ընդդիմությունը գործարքի գնաց իշխանության հետ. վերցնելով մանդատները՝ լեգիտիմացրեց ընտրությունները: Հասարակությունը դրանից հետո իրավունք ունի՞ վերապահումներով մոտենալ ընդդիմության գործունեությանը, մասնավորապես` կասկածել. իսկ գուցե իշխանության այս առաջարկն ընդունելով՝ ընդդիմադիրները կրկին գործարքի՞ են գնացել: Իհա՛րկե ունի:

Ավելին` հասարակությունը կարող է արդարացիորեն մտածել, որ «ատկատների» դեմ պայքարում իշխանությունն ընդդիմությանն առաջարկել է աշխատել «ատկատով»: Դրա մեխանիզմները բազմաթիվ են: Ասենք՝ իշխանությանը պետք է ազատվել որևէ պաշտոնյայից, ընդդիմությանը հուշում են, որ բարձրացնեն հատկապես նրա թույլ տված չարաշահումների հարցը: Այդ պաշտոնյային հեռացնում են պաշտոնից, նրա պատճառած վնասի մի մասը փոխհատուցվում է պետական բյուջե, մնացած մասն իշխանությունը եղբայրաբար կիսվում է ընդդիմության հետ:

Կամ, ասենք, ընդդիմադիր որևէ գործիչ որևէ նախարարի թույլ տված կոռուպցիոն չարաշահումների մասին բարձրաձայնելուց առաջ նրան հարևանցիորեն տեղեկացնում է այդ մասին` ակնարկելով, որ հակակոռուպցիոն հայացքը կարող է ուղղել այլ ուղղությամբ, եթե «ատկատը» կիսվի: Այս տարբերակներն, իհարկե, շատ պարզունակ են թվում, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքական դաշտ կոչվածն իրականում ապրում է հենց այդպիսի պարզունակ, երբեմն՝ անգամ գռեհիկ կանոններով: Բոլորը ցանկանում են փող աշխատել: Մի մասը դա անում է՝ լինելով իշխանության մեջ, մյուսներն էլ` ընդդիմության անվան տակ: Բայց այս երկու խմբերին միավորող մի կարևոր երևույթ կա: Երկուսն էլ դա անում են «ազգի համար»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս