Բաժիններ՝

«Ակցեռնի» տնօրենի համար մինչև 2007թ. լավ տարիներ էին

«Ներկայիս տնտեսական պայմաններում յուրաքանչյուր բիզնես ոլորտում՝ այս պահին  անշարժ գույքի ոլորտին է խոսքս վերաբերում, ֆինանսական և օրենսդրական միջամտությունների անհրաժեշտություն կա՝ մասնավորապես այս ոլորտին առնչվող  հիպոթեքի մասով: Հարկավոր է բարելավել հիպոթեքի տրամադրման պայմանները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:

Ըստ Հ.Բաղդասարյանի, պետք է տեղի ունենա հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքի իջեցում կամ խիստ պայմանների թուլացում, պետություն-բանկեր համագործակցության ամրապնդում։  Եթե պետությունը չի կարողանում նվազեցնել տոկոսադրույքը, ապա, ըստ Բաղդասարյանի, պետք է գոնե վրա կրի բանկերի կողմից վարկերի տրամադրման ռիսկերը։

«Ակցեռնի» տնօրենը նշեց, որ այս պահին անշարժ գույքի շուկայում դրական տեղաշարժեր չկան։ Այն հարցին, թե արդյո՞ք անշարժ գույքի շուկայում որևէ շարժ նկատվեց այն բանից հետո, երբ բանկերը վարկեր տրամադրեցին կառուցապատողներին՝ անավարտ շինարարություններն ավարտին հասցնելու համար, Հ.Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե ողջունելի է այն փաստը, որ կառուցապատողներին վարկեր են տրամադրվում, սակայն վատ է այն, որ ընտրություն չկա: Ճիշտ կլինի, որ սպառողին տրամադրվի վարկ, որպեսզի նա ձեռք բերի անշարժ գույք»,- մեկնաբանեց Հ.Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչպես ազդում ընտրություններն անշարժ գույքի գների վրա, Հ. Բաղդասարյանը պատասխանեց.   «Նախընտրական շրջանը միշտ բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա: Սպառողը հաճախ սպասում է ընտրական շրջանի ավարտին, որ պլանավորի իր գործողությունները: Մտածելակերպը նույնպես այս պարագայում կապ ունի: Սակայն արձանագրել, որ այդ շրջանում տների գները նվազում են՝ սխալ կլինի: Դա ավելի շատ կոմերցիոն հիմքեր ունի»:

Կարդացեք նաև

Չնայած այն փաստին, որ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է շինարարության ոլորտի անկում, «Ակցեռնի» տնօրենը համոզված է, որ ոլորտը պահպանել է դիրքերը։ Հ. Բաղդասարյանը թեպետ  ասում է, որ կառուցապատման ծավալները «մի քանի անգամ զիջում են մեր լավ տարիների կառուցապատման ծավալներին», սակայն կան մի քանի գործոններ, որոնք ամրապնդում են ոլորտի դիրքերը։ «Տների գների թանկացումը, շինանյութի գների թանկացումը ու աշխատուժի գների պահպանումը։ Առաջնայինը, սակայն, շինանյութի գներն են, որոնք երկու տարվա կտրվածքով մոտ 20%-ով աճել են:  Նշեմ նաև տրանսֆերտների պահպանումը: Կարծում եմ՝ այդ գործոնները բավարար են բնորոշելու այն հանգամանքը, որ շինարարությունը պահպանել է իր դիրքերը»,- մեկնաբանեց Հ.Բաղդասարյանը:

Այն հարցին, թե «լավ տարիներ» ասելով՝ ինքն արդյոք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարինե՞րը նկատի չուներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Մինչև 2007թ.: Չնայած ճգնաժամը եղել է 2008-ից սկսած, սակայն՝ մինչև 2007 թվականը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս