ԲՀԿ-ի որոշումից են կախված հայաստանյան ներքաղաքական զարգացումները
«168 Ժամ» թերթին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել էր. «ԲՀԿ-ն հասկանում է, որ միայն փող ունենալը բավարար չէ ընտրություններում արդյունքներ գրանցելու համար, որովհետև փող իրավունք ունի բաժանելու միայն Հանրապետական կուսակցությունը: Ու եթե ՀՀԿ-ն չցանկանա, որքան էլ Հանթսմանը բարեգործական գումարներ տա, իրենք կարող են այդ ամենի գլխին կանգնել, թույլ չտալ, որ դու տրակտորներ բաժանես, ու նույնիսկ կարող են նման երևույթների համար քրեական գործ հարուցել»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արամ Սարգսյանի վերոնշյալ հայտարարություններին, 168. am-ին ասաց. «ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել ու չի էլ պատրաստվում բաժանել: Տրակտորների թեմայի վերաբերյալ այնքան մանրակրկիտ մեկնաբանություններ են եղել կուսակցության համապատասխան կառույցների կողմից, որ միայն ընկալունակության հետ լրջագույն խնդիրներ ունեցողները կարող էին դա չհասկանալ»:
168.am-ի հարցին, թե՝ արդյոք համաձայն չե՞ք Արամ Սարգսյանի այն դիտարկման հետ, թե կաշառք բաժանում է միայն Հանրապետական կուսակցությունը, և եթե ՀՀԿ-ն չցանկանա՝ ընտրակաշառք չի բաժանվի, Ն. Զոհրաբյանը պատախանեց. «Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ կաշառք որևէ մեկը չի բաժանում: Համենայնդեպս, ԲՀԿ-ն կաշառք չի բաժանել ու մտադիր էլ չէ բաժանելու: Իսկ թե կաշառքն ո՞ւմ մենաշնորհն է, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում»:
Արամ Սարգսյանն իր հարցազրույցում նաև նշել էր. «Եթե համեմատական վերլուծություն անցկացնենք նախորդ ընտրությունների հետ` կտեսնենք, որ ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում` ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը»:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես շատ շնորհակալ եմ, որ Արամ Սարգսյանն այսքան ուշադիր է մեր կուսակցության հանդեպ, և, որ նման մանրամասնությամբ հետևում է մեր օրակարգին, բայց «Բարգավաճ Հայաստանն» իր դիրքերն այս ընտրություններում ավելացրել է բացառապես և միայն ժողովրդի վստահության քվեով: Եվ վստահ եղեք, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո մեր դիրքերը շատ ավելի ամուր և շատ ավելի հզոր են լինելու, որովհետև մեր թիկունքում կանգնած է ժողովուրդը, ու «Բարգավաճ Հայաստանն» է այսօր այն կուսակցությունը, որը վայելում է ժողովրդի անվերապահ աջակցությունը: Իհարկե, փաստ է, որ մանդատների թիվն աճել է, պարոն Սարգսյանը հայտնագործություն այս հարցում չի արել. մենք ունեինք 29 մանդատ, հիմա 37-ն ունենք: Բայց այս աճը գրանցվել է ժողովրդի անվերապահ քվեի շնորհիվ»:
Նաև հավելեց. «Չգիտեմ, եթե պարոն Սարգսյանը նաև համատեղության կարգով Գագիկ Ծառուկյանի մոտ հաշվապահ է աշխատել և տեղյակ է, թե որքա՞ն է ավելացել կամ պակասել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»:
Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքը համամիտ է Արամ Սարգսյանի այն գնահատականի հետ, թե քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն այսօր ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրությունների որոշումն է, որից, նրա համոզմամբ, մեծապես կախված են հայաստանյան ներքաղաքական զարգացումները: