Սարի թաղի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը
Սարի թաղի բնակիչներն ընդհանրապես տեղյակ չեն իրենց բնակավայրում գիպսատար կավի բաց հանքավայրի շահագործման մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարի թաղի բնակիչ, ecolur.org կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը: Ըստ նրա՝ հանքի շահագործման մասին բնակիչներն առհասարակ չեն իմացել: Սարի թաղ իրենց այցելության ընթացքում պարզվել է, որ բնակիչները բացասական կարծիք ունեն բաց հանքի շահագործման մասին:
Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ հանքի շահագործման նախագծում մի շարք տեղեկություններ են բացակայում. «Նախագծում նշված է, որ շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվելու, այստեղ գրել են, որ օդի զգալի արտանետումներ շրջակա միջավայրի վրա չեն լինի, ամեն ինչ նորմայի սահմաններում կլինի, սակայն բնապահպանական միջոցառումների մեջ ոչ կա, թե սեյսմիկայի հետ կապված ինչ միջոցառումներ են իրականացնելու, ինչ են ձեռնարկելու, որպեսզի սողանքային գոտիներ չլինեն, որովհետև Սարի թաղում էլ կան սողանքներ, դա բոլորն էլ գիտեն, կանաչապատման հետ կապված ոչ մի հարց ներկայացված չի նախագծում: Միայն նշված է, որ տարածքը պետք է ջրեն, դրանով ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց նա:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանի հաղորդմամբ՝ բաց հանքը շահագործելու է «Գաջեգործ» ՓԲԸ-ն: Վերջինիս տեղեկացմամբ՝ իրականությանը չի համապատասխանում այն կարծիքը, թե Սարի թաղում հասարակական լսումներ չեն իրականացվել. «Սույն թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Գաջեգործների 74 հասցեում կայացել են տվյալ գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ: Կա արձանագրություն հասարակական լսումների կայացման մասին, վարչական շրջանի բնակիչների կոնկրետ անուն-ազգանուններով, կոնկրետ ստորագրություններով»:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ Սարի թաղի բնակիչները ոչ լսել են լսումների մասին, ոչ էլ մասնակցել են դրանց. «Նախագծում գրված է, որ ոչ մի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չի լինի: Մենք երեկ գնացել ենք գաջի գործարան. մոտավորապես 1 հա տարածք ուղղակի այսպես լցված է փոշով, փոշու բարձրությունը 40-50 սմ է: Հարցրել ենք, գաջի գործարանի աշխատակիցները պատասխանել են, որ դրանք իրենց թափոնները չեն: Հարցնում եմ՝ բա ո՞ւմն են, ամբողջ գործարանը շրջապատված է թափոններով, պատասխանել են, ով ասես՝ գալիս են, իրենց թափոններն այստեղ թափում են»: Ըստ Ինգա Զառաֆյանի՝ «Գաջեգործ» ՓԲԸ-ն վարձակալել է բացհանքի և լցակույտերի համար նախատեսված 10,3 հա տարածքը: Վարձակալության պայմանագրի համաձայն՝ ընկերությունը յուրաքանչյուր հեկտարի համար վճարելու է ընդամենը 30 հազար դրամ: Նախագծում նշված չէ` արդյոք այդ գումարը վճարվելու է տարեկա՞ն, թե՞ ամսական կտրվածքով: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ այդքան գումար վճարվելու է որպես տարեկա՞ն, թե՞ ամսական վարձավճար: