Հավատանք, որ խաբենք

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հանդես էր գալիս «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Թե իրականում ովքե՞ր հավատացին ՀՀԿ-ին, ու ի՞նչ փոխվեց դրա արդյունքում, դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ն հավատաց ԿԸՀ-ի հրապարակած թվերին:

Հիմա ՀՀԿ-ն  պատրաստվում է նախագահական ընտրությունների, առաջադրելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և, բնականաբար, թարմանալու են հիշողությունները «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի վերաբերյալ: Բնականաբար, առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանի կարգախոսը կփոխվի, այն կարող է լինել, ասենք, «Չենք փոխել, բայց շարունակում ենք հավատալ», կամ՝ «Հավատում ենք, որ հավատանք, կփոխենք»:

Բայց զարմանալին այն է, որ իշխանությունն ընտրություններից առաջ հետևողականորեն ամեն ինչ անում է այնպես, որ հավատը Հայաստանում ընդհանրապես վերանա: Խոսքը, տվյալ դեպքում, ընդհանրական հավատի, հույսի մասին չէ, այլ կոնկրետ` իշխանությունների նկատմամբ հասարակության հավատի: Իշխանությունն ուղղակի, առանց այլևայլությունների՝ խաբում է հասարակությանը, ստում է այնքան ցինիկաբար, որքան հնարավոր է: Դրա ամենաթարմ օրինակը գազի գնի վերաբերյալ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունն է:

Մամուլը ամիսներ շարունակ գրում է, որ իրականում Ռուսաստանը թանկացրել է Հայաստան ներմուծվող գազի գինը, և որ դա գաղտնի է պահվում, Արմեն Մովսիսյանին դրա վերաբերյալ խորհրդարանում հարց են ուղղում, ու նա այդ բարձր ամբիոնից սուտ է խոսում` հայտարարելով, որ ռուսների հետ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանը գազ է ներմուծում նույն գնով:

Գրեթե նույն ժամերին Հայաստանի մեկ այլ պետական գերատեսչություն` Պետական եկամուտների կոմիտեն, հրապարակում է Հայաստանի արտաքին առևտրին վերաբերող պաշտոնական ցուցանիշներ, որոնցում սևով սպիտակի վրա երևում է, որ ՀՀ-ն գազը գնում է ոչ թե 180 դոլարով, ինչպես պնդում է Էներգետիկայի նախարարարը, այլ՝ 244 դոլարով: Բայց էներգետիկայի նախարարը շարունակում է պաշտոնավարել, Սերժ Սարգսյանը նրան անգամ նկատողություն չի հայտարարում:

Ընդ որում, այս սուտը կոնկրետ հետևանքներ ունի: Տևական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում ու մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ գազի հայտարարվող ու իրական գնի տարբերության դիմաց Հայաստանը «Գազպրոմին» է զիջելու «ՀայՌուսգազարդի»` իրեն պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, այսինքն` Հայաստանի Հանրապետության, այսինքն` ՀՀ քաղաքացիների սեփականությունը:

Ստացվում է, որ ՀՀ էներգետիկայի նախարարը, այսինքն` ՀՀ իշխանությունը, սուտ խոսելով՝ թաքցնում է Հայաստանի Հանրապետության սեփականության վաճառքը կամ տրամադրումը մեկ այլ պետության: Ու այս պայմաններում իշխանությունը գնում է նախագահական ընտրությունների, հասարակությանը համոզելու, որ  ընտրեն Սերժ Սարգսյանին: Եթե Արմեն Մովսիսյանի հայտարարություններն իր անձնական նախաձեռնությունն են, ապա ընտրություններից առաջ նա ուղղակի աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ:

Իսկ եթե նա իր` ճշմարտությունը թաքցնելու հայտարարություններն անում է Սերժ Սարգսյանի գիտությամբ ու համաձայնությամբ, ապա գործ ունենք ամենաբարձր մակարդակով իրականացվող խաբեության հետ, որը գուցե կրկին կապված է նախագահական ընտրությունների հետ: Այսինքն` այդ դեպքում Ս. Սարգսյանը գիտակցելով, որ իր իշխանությունը խաբում է հասարակությանը, ընտրողներին՝ նախընտրում է սուտը, քանի որ ռուսները խոստացել են աջակցել, որպեսզի ընտրությունների արդյունքները կախված չլինեն ընտրողների ձայներից:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս