«Թուրքիայի 76 բանտերում 11.000 դատապարտյալ հացադուլի մեջ է, բայց թերթերը վախենում են այդ մասին գրել»
Ասում է համշենահայ լրագրող Ադնան Գենչը
Այս օրերին Հայաստանում է գտնվում Ստամբուլում բնակվող համշենահայ լրագրող Ադնան Գենչը, ով աշխատելով «Միլլիեթ», «Բիրգուն», «Ակշամ» և մի շարք այլ թերթերում, ներկայումս թուրքական մամուլում հանդես է գալիս որպես ազատ լրագրող՝ ինքնուրույն որոշելով, թե որ հոդվածը, հրապարակախոսությունը կամ հետաքննությունը որ թերթում տպագրի: 2008թ. իր «Երևանի օրագիր» հոդվածաշարի համար նա ճանաչվել է Թուրքիայի լավագույն լրագրող: Ա. Գենչը Ստամբուլում նաև սեփական գրախանութն ունի, որը, սակայն, փակման վտանգի տակ է, քանի որ, ըստ նրա` առանց այդ էլ ընթերցանության կուլտուրա չունեցող թուրքական պետության մեջ վերջին տարիներին գրախանութն իրեն վերջնականապես սնանկացրել է: Արդեն հինգ տարի է` Թուրքիայում հայտնի լրագրողն այցելում է Հայաստան և շատ տարբեր զգացողություններով հեռանում է այստեղից:
«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանն աղքատ պետություն է, բայց գալով մասնավորապես Երևան՝ ես տեսնում եմ լյուքս մեքենաներ, որոնցից Թուրքիայում երբևիցե չեմ տեսել: Բոլորդ աղաղակում եք աղքատ բնակչության մասին, բայց երբևէ մայրաքաղաքում չեմ տեսել բողոքական խմբեր: Թուրքիայում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի միտինգներ ու դժգոհություններ են լինում, որովհետև միշտ կան այն խմբավորումները, հասարակական շերտերը, որոնք ինչ-որ բանի համար պայքարում են:
Այսինքն՝ այդ բողոքի ալիքները երբեք չեն դադարում, որովհետև դրանք արդյունավետ մոդել են զարգացում արձանագրելու իմաստով: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպե՞ս կարող է աղքատ համարվող պետության մեջ այսքան տարի չտեսնես դժգոհող մի զանգվածի: Փողոցներում պայքարողներ չկան, և կարելի է մտածել, որ հայերը ոչ մի խնդիր չունեն, բարեկեցիկ կյանքով են ապրում, իշխանություններից շատ գոհ են»,- զարմացած ասում է Ա. Գենչը՝ հավելելով, որ թուրք հասարակությունը մշտապես պայքարում է ինչ-որ բան ավելի լավը դարձնելու համար, իսկ Հայաստանում տպավորություն է, թե բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունք, ներքաղաքական, սոցիալական խնդիրների դաշտում զարգացման կամ բարելավման կարիք չկա: Ըստ նրա՝ Թուրքիայում վերջին շրջանում, մասնավորապես` սոցիալական ցանցերի միջոցով, միլիոնավոր մարդիկ կարողանում են հավաքվել մի կետում և իրենց պահանջները լսելի դարձնել զանգվածային բողոքի ալիքների միջոցով:
– Հայաստանում, մասնավորապես` Երևանում, ինձ շատ դուր են գալիս հայ աղջիկներն ու քաղաքի ճարտարապետությունը: Երևանը յուրօրինակ ճարտարապետություն ունի, և շատ եմ սիրում ձեր այգիները, որտեղ հիմա նաև նստարաններ են տեղադրել: Իմ սիրելի վայրերից է Օպերայի տարածքը և Աբովյան փողոցը: Ես այստեղ սեփական օֆիս ունեմ՝ «Մարկո Պոլո» սրճարանը (ծիծաղում է.- Լ.Ս.), բոլոր ընկերներիս հետ էնտեղ եմ հանդիպում: Երևանում իմ բոլոր հանդիպումները, քննարկումներն իմ «օֆիսում» եմ կազմակերպում: Ես շատ երկրներում եմ եղել՝ Անգլիա, Իտալիա, Գերմանիա, բայց ինձ միշտ Հայաստանն է ձգում: Երևանի ճարտարապետությունն արտառոց է, և ոչ մի երկրում չես տեսնի այս յուրօրինակ քաղաքից:
– Թուրքական մամուլում հանդես եք գալիս ներքաղաքական հրապարակումներով, բայց որքան տեղյակ եմ՝ նաև բնապահպանական խնդիրներով հետաքննություններ եք կատարում:
– Այո՛, ներքաղաքական դաշտն անմիջական կապ ունի բնապահպանական, էներգետիկ կամ քաղաքային խնդիրների հետ: Էկոլոգիան, էներգետիկան, նույն Սև ծովի խնդիրները քաղաքական կոնտեքստ ունեն: Էկոլոգիական խնդիրներն անմիջական կապ ունեն կապիտալիզմի հետ և բազում հարցադրումներ են առաջացնում՝ ով կամ ինչի համար է այն փոխում:
Ստամբուլում Բեյօղլու թաղամաս կա, որտեղ հասարակական բազում խնդիրներ կան, բայց որոնք քաղաքական լուծումներ են պահանջում, կամ` նույն ազգային փոքրամասնությունների խնդիրները: Հիմա ես գործում եմ` որպես ազատ լրագրող, քանի որ գաղափարապես չեմ կիսում շատ թերթերի սկզբունքները: Լրագրող լինելուց բացի, ես մասնագիտությամբ նաև պատմաբան եմ, ինչը նպաստում է հրապարակախոսական խոր վերլուծություններ կատարելուն:
– Ինչպե՞ս է գոյատևում թուրքական մամուլը և, ըստ Ձեզ` այնտեղ կա՞ խոսքի ազատություն:
– Թուրքիայում թերթերի տերերը լրագրողները չեն: Հիմնականում գործարարներ են, ովքեր թերթն ընկալում են որպես բիզնես: Օրինակ՝ կա էներգետիկայի խոշոր բիզնեսմեն կամ տեքստիլ արտադրություն ունեցող բիզնեսմեն, որոնք, թերթից շահույթ ստանալու ակնկալիքից զատ, ունեն ավելի կարևոր շահ՝ իշխանությունների հետ լավ հարաբերություն պահպանելու հանգամանքը:
Ի վերջո, թերթը քարոզչամեքենա է: Ունենալով բիզնես, բնականաբար, նրանք իշխանությունների հետ են, հետևաբար` իրենց ֆինանսավորած թերթը սկզբունքորեն չի կարող ազատ լինել: Այլ կերպ ասած՝ եթե գրում ես հակաիշխանական մի հոդված, ուրեմն՝ վտանգ կա, որ իշխանություններին կզայրացնես, և դրանից տուժելու են քո էներգետիկ աղբյուրներից կամ տեքստիլ արտադրությունից հոսող եկամուտները: Նման թերթերի լրագրողներն ու խմբագիրներն արդեն իշխանական, կառավարական մտածողություն ունեն, և այդ թերթերն ընկալվում են` որպես կառավարական թերթեր:
– Ուզում եք ասել, որ թուրքական մամուլը միատա՞րր է, և չունի՞ հակակշիռ կամ այլընտրանք, այսինքն՝ ազատ կամ ընդդիմադիր ուժերի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներ չկա՞ն:
– Կան մի քանի թերթեր, որոնք ինքնաֆինանսավորվող են, բայց քանի որ քիչ է վաճառքը, հետևաբար` քիչ է նաև տպաքանակը: Ընդդիմադիր հայացք ունեցող թերթերն ամբողջ լրատվադաշտի 10 տոկոսն են կազմում: Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում օրական 6 մլն տպագիր թերթ է վաճառվում, որից միայն 5 միլիոնն իշխանական թերթերն են կազմում:
Պետք է նկատել, որ Թուրքիան թերթ կարդալու մշակույթ չունի, քանի որ, եթե 70 մլն բնակչությունից օրական միայն 6 մլն-ն է կարդում, ուրեմն՝ դա վատ ցուցանիշ է: Դրանից բացի, իշխանական թերթերը որակյալ թղթից, գունավոր և վիզուալ իմաստով կանչող են: Թուրքիայում երկու տեսակ ընդդիմություն կա՝ քեմալիստական և սոցիալիստական, աջ և ձախ ընդդիմություն: Իշխանականները՝ լիբերալ և մուսուլմանական են, և լիբերալների մի թևն էլ քեմալիստական է: Քեմալիստական թերթերն օրական 8000 օրինակի վաճառք ունեն, որը շատ քիչ է:
Օրինակ, Ճապոնիայում «Օշիշիմբո» թերթ կա, որն օրական սպառվում է 9 մլն օրինակով, այն դեպքում, երբ Ճապոնիան Թուրքիայից փոքր բնակչություն ունի: Թուրքիայում ազատ մամուլ չկա, բայց ազատ խոսք կա: Դու կարող ես խոսել ինչ ուզում ես, որտեղ ու ում հետ ուզում ես, բայց ազատ խոսքը չի կարող տպագրվել մամուլում: Օրինակ՝ գիտնականներ, պատմաբաններ կամ ուղղակի սովորական մարդիկ հայկական թեմայով, ցեղասպանության մասին կարող են հավաքվել խոսել, քննադատել թուրքական իշխանություններին, բայց դա չի կարող լուսաբանվել մամուլում: Նույնը Սիրիայի խնդրի դեպքում է. բազմաթիվ մարդիկ միտինգ են անում, դիրքորոշում են հայտնում, բայց մամուլն այդ մասին չի գրում, քանի որ իշխանություններին դիմադրող դիրքորոշում է:
– Եթե ծախսերի համեմատ թերթի վաճառքն արդարացված չէ` այդ դեպքում ինչո՞ւ են գործարարները ձգտում գնել դրանք:
– Որովհետև մեդիան ուժ է, իսկ գործարարն իր շահը պահպանում է մամուլի խողովակով: Խոշոր բիզնեսմենի համար մամուլը մանիպուլյացիայի աղբյուր է, որով իշխանություններին հաճոյանում է: Եթե նախկինում գործարարն իրեն գովազդելու համար 10 մլն դոլար ներդնում էր մի ֆուտբոլիստի վրա, բայց արդյունքի չէր հասնում, ապա ներկայումս ավելի քիչ գումարով իր գովազդն ապահովում է մեդիադաշտով: Միայն բիզնեսմենները չեն, նաև կուսակցություններն են գնում հեռուստաալիքներ ու թերթեր:
– Մեր լրատվական դաշտում միտում է նկատվում, որ ամենաշատն ընթերցվում են վթարների, արտակարգ դեպքերի, ինքնասպանությունների կամ քաղաքական դեմքերի` միմյանց հայհոյելու մասին հրապարակումները: Թուրքական մամուլում ո՞ր թեմաներն են համարվում ամենակարդացվողը:
– Թուրքիայում միանշանակ ամենակարդացվողը քաղաքական թեմաներով հոդվածներն են: Մեզ մոտ Ձեր մատնանշած թեմաներն այնքան էլ կարդացվող չեն: Օրինակ` Սիրիայի կոնֆլիկտի, էներգետիկ խնդիրների կամ նոր սահմանադրություն ստեղծելու վերաբերյալ թեմաներն են ակտուալ: Անշուշտ, ժամանցային կամ վթարների, պատահարների մասին բաժիններ ունենք, բայց դրանց նկատմամբ հետաքրքրությունները չեն կարող գերազանցել քաղաքական թեմաներին:
Մշակութային թեմայով հոդվածները քիչ են կարդում: Օրինակ՝ ներկայումս Թուրքիայի 76-ից ավելի բանտերում մոտ 11.000 դատապարտյալներ, արդեն 44-րդ օրն է, հացադուլի մեջ են: Թերթերն այդ մասին չեն գրում, որովհետև վախենում են կառավարությանը դեմ դուրս գալուց: Պատկերացնո՞ւմ եք` 11.000 մարդ 44 օր հացադուլի մեջ է: Նրանք պայքարում են բանտային պայմանները բարելավելու, ինչպես նաև Աբդուլլահ Օջալանի դեմ կիրառվող` մեկուսացնելու գործողությունները դադարեցնելու համար:
– Ինչպե՞ս չեն գրում, լուսաբանում դա: Խոսքը Թուրքիայի 11.000 քաղաքացիների մասին է, և որպես կանոն, նման «բունտերը» դիտարկվում են երկրի անվտանգության սպառնալիք, քանի որ դրանք կարող են շատ տխուր ավարտ ունենալ: Արդյո՞ք թուրք լրագրողները չեն դիմում համապատասխան կառույցներին՝ բանտերից ռեպորտաժներ պատրաստելու համար:
– Ոչ, որովհետև որևէ լրագրող չի կարող մուտք գործել այդ փակ տարածքներ, բացի փաստաբաններից և դատապարտյալի կամ կալանավորի հարազատներից: Արգելված է, թույլ չեն տալիս: Կարող են դիմել, ենթադրենք, բանտային պայմանների կամ այլ հարցերով ռեպորտաժ պատրաստելու համար, հնարավոր է` հազվագյուտ դեպքերում թույլ տան՝ նախապես հստակեցնելով հարցերը, բայց քաղաքական թեմաներով կամ հացադուլի մասին՝ երբեք: Բոլոր երկրներում է այդպես՝ համակարգի, պետության դեմ պայքարող դատապարտյալի հետ կոնտակտը սահմանափակված է:
– Այդպես չէ, ես Հայաստանի գրեթե բոլոր կալանավայրերում եղել եմ, մինչև անգամ Գորիսում, որտեղ պահվում են կրկնահանցագործներն ու ցմահ բանտարկյալները: Արդարադատության նախարարին ուղղված իմ դիմումն ընդունվել է, թույլատրել են ներսում ռեպորտաժ պատրաստել՝ առանց հարցնելու, թե ինչ հարցադրումներ եմ ուղղելու դատապարտյալներին: Ոմանք կոշտ քննադատել են իշխանություններին, ինչը բառացիորեն վերարտադրվել է թերթում: Բանակում սպանության գործեր կային, որոնք, թեև դատաքննության փուլում էին, այդուհանդերձ, անձամբ կալանավորի խցից եմ ռեպորտաժ պատրաստել: Չնայած նրան, որ Հայաստանի կալանավայրերում բազում խնդիրներ կան:
– Օրինակ՝ Հայաստանի իշխանությունների դեմ կռվող հեղափոխականներ, սոցիալիստական կազմակերպություններ կա՞ն, իհարկե՝ ոչ: Եթե լինեին՝ թույլ չէին տա: Թուրքիայում արդեն Բայրամն է մոտենում, որի ընթացքում 7 օր պաշտոնապես ոչ աշխատանքային է հայտարարված: Հիմա ուզում են այս երկու օրերի ընթացքում ինչ-որ հարց լուծել, հակառակ դեպքում` տոնական օրերին ոչինչ չեն կարող անել, իսկ 50-րդ օրը լրանալուց հետո իրավիճակը պայթյունավտանգ կլինի: Թուրքիայում 76-ից ավելի բանտեր կան, որոնց պայմանները վատ են և բարելավման կարիք ունեն, դատապարտյալների իրավունքների խնդիրը սուր է: Անշուշտ, նախկինի պես չէ, չես համեմատի 5 տարի առաջվա հետ, բայց պայմանները վատ են:
– Ամբողջ աշխարհն ազդարարում է գրքի վախճանի մասին, Հայաստանում նույնպես գրախանութները փակվում են, քանի որ գրքերը չեն վաճառվում: Ձեզ հաջողվո՞ւմ է Ձեր մասնավոր բիզնեսը՝ գրախանութը, պահպանել այս ինտերնետային ժամանակաշրջանում:
– Այո՛, աշխարհում այսօր այդ վտանգը կա, բայց մեզ մոտ չկա, որովհետև Թուրքիայում վաղուց գիրք չեն կարդում (ծիծաղում է.- Լ.Ս.): Ես սնանկացել եմ և երկու անգամ ստիպված եմ եղել փակել գրախանութը: