Շուկաներում խիստ հսկողություն է իրականացվում
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում հայտնաբերված սիբիրախտ հիվանդության պատճառն եղել է բակային պայմաններում կատարված անասնամորթը: Գյուղատնտեսության նախարարության տեսչության կողմից միսը հայտնաբերվել և ոչնչացվել է: Շուկաներում առաջին իսկ օրվանից խիստ հսկողություն է իրականացվում:
Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի նիստում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Մենք համաճարակի մասին իմացել ենք այն ժամանակ, երբ այդ գյուղից մեկ մարդ սիբիրախտ հիվանդության ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նախարարը: Մասնագետները անմիջապես, իսկ երկրորդ օրը նաև` Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարները մեկնել են մարզ: Մարզպետի հետ համատեղ ուսումնասիրվել են Վարդենիսի տարածաշրջանի տնտեսությունները, իրականացվել են հակահամաճարակային պրոֆիլակտիկ համապատասխան միջոցառումներ:
Ս.Կարապետյանը նշեց նաև, որ ստուգումները ցույց են տվել, որ տարածաշրջանի ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիներից ու խոզերից ոչ մեկը հիվանդ չէ: Ամեն օր ստուգում է իրականացվում: Ըստ նրա, մեկ մարդ սակայն հիվանդացել է, և մի քանի օրվա ընթացքում մի քանի հիվանդներ ևս դիմել են պոլիկլինիկաներ` բուժման նպատակով:
«Հիվանդությունն այնքան սարսափելի չէ և այդքան ծանր հետևանքներ չի ունենում, քանի որ մաշկային տեսակն է: 6-7 հոգի հոսպիտալացվել են և արդեն դուրս են գրվել ու այժմ բուժվում են տնային պայմաններում»,-ասաց նա:
Նշվեց նաև, որ այդ մարզի 7800 գլուխ խոշոր, 6700 մանր եղջերավոր կենդանիներ, 166 գլուխ խոզեր կրկնակի անգամ պատվաստումներ են ստացել: «Այսօրվա վիճակով օպերատիվ վերահսկողությունն իրականացնում են մեր ծառայությունները, և ոչ մի վտանգավոր բան չկա: Բայց հաշվի առնելով, որ այս տարածաշրջանում կենդանիները կրկնակի պատվաստում են անցել, և 14 օր նրանց չի կարելի մորթի ենթարկել, մենք այսօրվանից արդեն կարանտին ենք հայտարարել, որպեսզի կենդանիները չտեղափոխվեն և մորթ չիրականացվի»,-վստահեցրեց Գյուղատնտեսության նախարարը: