Ահարոն Ադիբեկյանի պատասխանը` Ռոբերտ Մելքոնյանի առաջարկին
«Ես նման պատվեր կատարել եմ մի գրանտային կայքի վերաբերյալ: Դա հնարավոր է կատարել, եթե պատվիրատու լինի ու խնդիր դնի, թե ինչի՞ համար ենք ուսումնասիրում, ի՞նչն ենք ուսումնասիրում, և այդ տեղեկություններն ինչպե՞ս պետք է օգտագործվեն»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով ֆեյսբուքում Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառմանը, որտեղ նա նշել էր, թե հարկավոր է առաջարկել Ադիբեկ Ահարոնյանին հետազոտություն անցկացնի Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերով անցկացվող քաղաքական թեմաներով, մասնավորապես` նախագահական ընտրություններին ընդառաջ հարցումներ իրականացնելուն, Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինտերնետից օգտվողները հիմնականում երիտասարդներն են ու նման հարցումներն ամբողջապես չեն արտահայտում ընտրողների կարծիքը:
«Բոլոր ինտերնետային հարցումներն արտահայտում են միայն տվյալ մասնակցների կարծիքը, որոնք հանդես չեն գալիս որպես հասարակության մոդել: Բայց երբ մի կայք հասցեագրված է մի խումբ սպառողներին, այս դեպքում մենք կարող ենք որոշել սպառողների ռեալ չափսն ու որոշել, թե քանի՞ տոկոսն է օգտվում տվյալ կայքից»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ եթե հնարավորություն լինի իմանալու, թե Հայաստանից, օրինակ, ֆեյսբուքում քանի՞ հարյուր հազար օգտատեր կա, իմանալ նրանց տարիքային, կրթական, սեռային կառուցվածքը, հնարավոր է` համացանցային հարցումներ անցկացնել: Հակառակ դեպքում, Ադիբեկյանի պնդմամբ, արդյունքը կլինի կողմնորոշող, բայց ցուցադրող:
Մեր հարցին, թե արդյո՞ք ինքը համամիտ չէ տարածված այն կարծիքին, թե այսօր քաղաքացին ստեղծվում է համացանցում, որ քաղաքական ակտիվ զանգվածն ինտերնետում է ձևավորվել, սոցիոլոգը պատասխանեց. «Համացանցում միայն մեկ զանգվածն է ակտիվ աշխատում: Կարևորը թվաքանակը չէ, կարևորն այդ թվաքանակը արտացոլի այդ համույթի կառուցվածքը՝ կրթության, տարիքային, սեռային, ունեցվածքային, զբաղվա՞ծ է, թե՞ գործազուրկ, սեփական տա՞նն է ապրում, փոքրիկ գյուղո՞ւմ, թե՞ մեծ քաղաքում: Հենց սրանք են կարևոր մեզ համար, այլ ոչ թե կարծիքների մի զանգված, որի հասցեատիրոջը մենք չգիտենք»,- ընդգծեց սոցիոլոգը:
Ավանդական հարցումներն, ըստ նրա, ավելի ճիշտ են արտացոլում պատկերը: «Եթե բնակիչների 100%-ը ցանցի մասնակից դառնային, գուցե նման հարցումներ անցկացնելը հնարավոր լիներ: Բայց կարծում եմ, որ ստացված ինֆորմացիան օգտագործման համար պիտանի չէր լինի»,- շեշտեց Ահարոն Ադիբեկյանը: