«Ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում, ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»
Ասում է «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը
Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ավարտվեց «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի դատավարությունը: Վերջինս դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում զանգվածային միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով վնասվել էին շուրջ 154 երիտասարդներ: Այդ առիթով քրգործ էր հարուցվել փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանի դեմ: Վերջինիս իրավապաշտպան Կարեն Մանուչարյանի խոսքով` գործի նյութերում առկա մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով` հնարավոր էր ավելի մեղմ պատիժ կիրառել: «Իմ աչքին մի բան զարնեց, որ տուժողները մեծամասնությամբ հակված չէին, որպեսզի պաշտպանյալիս նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվեր, մանավանդ, որ նա դատարանում ներողություն խնդրեց բոլորից: Նա ունի երկու անչափահաս երեխա և քաղցկեղով հիվանդ է:
Նրա ընտանիքը տարիներ շարունակ ընդգրկված է եղել «Փարոսի» ցուցակում` չքավորության մեջ է գտնվել, և այս պարագայում ընտանիքի վիճակն ավելի կվատթարանա»,- ասաց նա: Մեր հարցին, թե կան խոսակցություններ, որ Ս. Բոզոյանին պարտադրել են չասել այն մարդկանց անունները, ովքեր իրականում անմիջական առնչություն են ունեցել այդ դեպքի հետ, և վերջինս ամբողջ մեղքը վերագրել է իրեն, Կ. Մանուչարյանը պատասխանեց. «Ծանոթանալով մեղադրական եզրակացությանը` ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ կազմակերպիչներից և անմիջական մասնակիցներից ինքը գրեթե միակ անձավորությունն էր, որ զգուշացրել էր վտանգի մասին: Այսինքն` բերանացի ասել է, որ փուչիկի հատը 100 դրամով չեք կարող լցնել հելիում տեսակի գազով, և առնվազն 6 անգամ թանկ պետք է արժենա:
Նա ասել է նաև, որ մեթան լցնելու դեպքում վտանգ կա, և նույնիսկ բացատրել է, որ մեթան լցնելու դեպքում ինչպես պետք է պահել փուչիկները` 2-3 մետր բարձրությունից ոչ պակաս, իրարից հեռու: Տեսաձայնագրությունը դիտելիս` կտեսնեք, որ ճիշտ հակառակն է արվել` իրար կպած, շատ փոքր տարածքում են բոլոր փուչիկները տեղակայված: Ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց ասում են` փուչիկը չի պայթի, եթե այրվող սիգարետը կպցնես, և միայն բաց կրակը կարող է պայթեցնել»:
Կ. Մանուչարյանը նշեց, որ մեղադրողը չի կարող հերքել այն, որ Ս. Բոզոյանի կողմից` կազմակերպիչներին ուղղված փուչիկների անվտանգությունը պահպանելու մասին նախազգուշացում է եղել: Կ. Մանուչարյանը մեզ հետ զրույցում նաև հավելեց. «Ս. Բոզոյանն, ըստ երևույթին, առաջարկել է, ասել է, որ վտանգ կարող է ներկայացնել, սակայն, եթե գումարը եղել է 770.000 դրամ, և այդ օրը այդ ժամին 7000 փուչիկ պետք է թռներ, դա նշանակում է, որ, բացի մեթանից, ուրիշ այլ գազով այդ փուչիկները չէին կարող լիցքավորվել: Սա՛ է հիմնականը, այսինքն` չլիցքավորեր Պողոսը, կլիցքավորեր Պետրոսը: Հասկանո՞ւմ եք` ի՞նչն է խնդիրը: Նա կարող էր ընդհանրապես չզգուշացնել, ասեր` «դե, փողս տվեք, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում»: Դա նշանակում է, որ եթե այդ մարդիկ, ովքեր պատվիրատու էին հանդիսացել, հրաժարվեին այդ մտքից, եթե բյուջեն չէր բավարարում, ապա դա կնշանակեր, որ վտանգ ոչ մեկին չէր սպառնա»:
Սերոբ Բոզոյանի կինը` դեպքի մասին
Երեկ մենք այցելեցինք Բոզոյանների ընտանիքին: Այս ընտանիքը գտնվում է հուսահատ վիճակում: Նույնիսկ նրանց հարևաններն են համոզված, որ գործը «ջարդեցին» անմեղ Սերոբի գլխին: Ընտանիքի անդամներն այս օրերին զգուշանում են որևէ լրատվամիջոցի առջև դուռ բացել: Ստիպված էինք նրանց աստիճաններին երկար նստած մնալ, մինչև Բոզոյանների ընտանիքից որևէ մեկը կհամաձայներ զրուցել մեզ հետ: Ի վերջո, Ս. Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը, համաձայնեց պատասխանել մեր հարցերին: Նա հրաժարվում էր խոսել` ասելով, թե իրենք ամեն ինչի հանդեպ կորցրել են հավատը, ապա փոքրիկ զրույցից հետո տուն հրավիրեց մեզ: Պարզվեց` տանն էին նաև Բոզոյանի երկու երեխաները` Մարգարիտան և Հրաչը:
Վերջինս բրոնխիալ ասթմայով է հիվանդ: Երեխաները բազմոցին գլխիկոր նստած, վախեցած վիճակում էին, հետո աննկատ, աչքի «պոչով» նայում էին մորը: Միայն րոպեներ անց խնդրեցի թույլատրել միացնել ձայնագրիչս: Կնոջ պատմելով` իր ամուսինն ավելի քան 10 տարի է` զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: «Սկզբից Օպերայի մոտ էր աշխատում, հետո տեղափոխվեց «Ռոսիա» կինոթատրոնի մոտ:Դեպքի օրը, երբ ինքն ուշացավ, պատահական զանգեցին` ասացին, որ իրեն բռնել են: Ճիշտն ասած, էդ օրը (նկատի ունի մայիսի 4-ը.- Մ.Մ.) մեզ էլ ասաց, որ գնանք հրապարակ, բայց ոնց որ սիրտս մի բան վկայեր, ասացի` չեմ գալիս: Հետո, որ ուշացավ, ինքը զանգեց, ասաց` Մարին, ուշ եմ գալու, հետո կգամ` կասեմ: Ու երբ հարցրեցի` որտե՞ղ ես, ասաց` ես էլ չգիտեմ, թե որտեղ եմ»,- վերհիշում է կինը: Նրա ասելով` դեպքի հաջորդ օրն ինքը սկսեց փնտրել ամուսնուն Ոստիկանության տարբեր բաժիններում:
«Երբ լսեցի էդ լուրը, ես էնքան համոզված էի, որ իմ մարդն անմեղ ա, որովհետև գիտեի` 10 տարուց ավել ա` էդ գործն անում ա, անգամ տան մեջ բալոնները դրած էդ գործն անում ա` հարսանիք ա, ծնունդ ա, կնունք ա` միշտ էստեղ են եկել, և ոչ մի դեպք չի եղել: Որ հարևանին էլ ուզում եք հարցրեք` 10 տարվա մեջ մի դեպք չի եղել, հենց էդ օ՞րը պիտի լիներ»,- նկատեց տիկին Մարինեն:
– Իսկ դեպքից հետո Ձեր ամուսինն ի՞նչ էր պատմում:
– Ինքը փչել ա, գնացել ա: Ինքը հենց տեղում` Հրապարակում ա փչել, պատրաստել:
– Իսկ չասա՞ց, թե ովքե՞ր էին պատվիրատուները, ովքե՞ր եկան վերցրեցին փուչիկները:
– Չգիտեմ, այ չգիտեմ, թե ո՞ր կուսակցությունից էին եկել… Հանրապետականից էին, հա: Կարենն ո՞վ ա:
– Այսինքն` ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյա՞նն էր եկել փուչիկները վերցնելու:
– Ապրես… 7000 փուչիկ էր: Ինքը 7000 փուչիկ չէր կարող մենակ փչել ու կապել: Առավոտը գնացել էր ու մինչև ժամը 12:00-1:00-ը փչելիս ա եղել:
– Իսկ կպատմե՞ք` ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր ամուսինը փուչիկները ոչ թե հելիումով, այլ մեթանով լիցքավորեց:
– Ինքը սկզբից ասել ա, որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի, իսկ վթարն էլ ինչի՞ց է տեղի ունեցելգ
– Այսինքն` պատվիրատուն ցանկացել է, որ մեթանո՞վ լիցքավորի փուչիկները:
– Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը թանկ է:
– Ձեր ամուսինը սովորաբար քանի՞ դրամով է լիցքավորում 1 փուչիկը:
– 300 դրամով:
– Իսկ մեթանով լիցքավորելու դեպքո՞ւմ:
– Ինքը մեթանով չի լիցքավորել: Չգիտեմ:
– Այսինքն` պարտադրե՞լ են Ձեր ամուսնուն, որ մեթանով լիցքավորի:
– Այո, իրեն պարտադրել են, բայց ինքը հրաժարվել է:
– Եվ հետո ստիպե՞լ են:
– Դե, երևի ստիպել են, ու հետո ինքը ստիպված փչել ա, բայց նաև ասել ա, որ սրանով չի լինի:
– Ո՞նց եք պատկերացնում հետագա իրավիճակը:
– Մեռած վիճակ: Ես էլ չեմ պատկերացնում` ի՞նչ ա լինելու: Ոչի՞նչ, որ ամուսնուս տանելու են Կոշ: Տեղս չեմ գտնում: Ես դեռ շոկի մեջ եմ: Ես դեռ չեմ պատկերացնում` ամուսինս նստելու ա, չի նստելու:
– Ըստ Ձեզ` Ձեր ամուսինը պատասխանատվության ենթարկվել է ուրիշի՞ մեղքի համար:
– Հա, էդպես ա դուրս գալիս: Ուրիշի մեղքի համար ինքն ա նստում: Ճիշտն ասած, էսօր ես իրեն խոսեցրի, ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում: Ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ:
– Վախենո՞ւմ է:
– Այ, ապրես, վախենում է: Ինքը ճիշտը գիտի, չի ասում:
– Վախեցրե՞լ են:
– Երևի, կարող ա, որովհետև ես էն օրն առավոտն իրեն խոսեցրել եմ, ասել եմ` ի՞նչ կլինի` գնա` ճիշտն ասա, ճիշտը որ ասես` երևի մի բան կանեն: Ինձ ասաց` ոչ մի բան էլ չի անցնում: Ճիշտն էլ լսեն` չեն հավատա: Ասացի` ստի համար գնաս նստե՞ս, վերցնես քեզ վրա՞: Ասաց` բա ի՞նչ անեմգ Ես ասացի` եթե ուրիշի մեղքերը քավելը քեզ ձեռք ա տալիս` գնա-նստի: Իսկ ամուսինս չի կարող դիմանալ այնտեղ: Նրա ստամոքսի ցավերը որ բռնում են, տան մեջ տառապում ա, մռռում ա: Իսկ նրան ո՞վ է տիրություն անելու բերդումգ