«ՀՀ-ում աղքատությունը տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկած Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացման ժամանակ հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ժամանակակից աշխարհի առանձնահատկությունները, հանրությանը և Ազգային ժողովին է ներկայացրել նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները:
«Հայաստանի Հանրապետության նոր պատմության մեջ առաջին անգամ տնտեսական քաղաքականությունում որդեգրեցինք սկզբունք, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլև պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն»,- նշել է Տ.Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ այդ սկզբունքի ներքո մշակվել և հանրությանն է ներկայացվել նոր հայեցակարգ, որը «բավական բուռն քննարկման առարկա դարձավ տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից, բայց ընդհանուր առմամբ հավանության արժանացավ»: Ըստ նրա, այդ մոտեցման ներքո 11 ճյուղ, որտեղ մեր երկիրն ունի հարաբերական առավելություններ և արտահանման մեծ ներուժ, սահմանվել են որպես առաջնահերթություն, և պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո այդ ճյուղերի համար մշակվում են զարգացման ծրագրեր:
«2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.3 տոկոս, իսկ գնաճը` 2.2 տոկոս, ինչը նշանակում է, որ այս նոր մոտեցումը դրական արդյունք է տալիս»,- ասել է Տ.Սարգսյանը:
ՀՀ վարչապետը խոսել է նաև տնտեսության մարտահրավերների մասին. «Հասկանալի է, որ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարևոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առևտրային հաշվեկշիռը դեռևս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»:
Այս համատեքստում վարչապետը կարևորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը և միջազգային զարգացման միտումները, նշելով, որ 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, ինչը նշանակում է, որ «պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»:
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի և սփյուռքահայ տնտեսագետներ, քննարկվելու են տնտեսական զարգացմանը, մրցունակությանը և ֆինանսատնտեսական հատվածին վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին. «Այսպիսի համախմբումը բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայ տնտեսագետների հետ միասին քննարկենք արդիական խնդիրները, որոնք ծառացած են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում և էական ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա»: