Բաժիններ՝

Իսկ դատավճիռների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, վերահսկողության բոլոր արձանագրություններին ծանոթանաք և այս հերթական ստուգումները, որ տարեկան ծրագրով իրականացնում ենք, զգուշացնեք ձեր աշխատակազմերի ղեկավարներին, վարչությունների պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ, և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ի դեպ, այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ հերթական երկու վճիռներն  է կայացրել, որոնց հետևւանքով ՀՀ կառավարությունը ստիպված է լինելու պետական բյուջեից ևս 131 հազար 500 դոլար վճարել ՀՀ դատական ատյանների սխալների պատճառով։ «Օրեր առաջ գրել էինք, որ 2007 թվականից այս կողմ, երբ ԵԴ-ն սկսեց քննել Հայաստանից ստացված գործերը, կառավարությունը ստիպված է եղել Եվրադատարանի վճիռների հիման վրա վճարել 266 հազար 500 եվրո։Այսօր արդեն այդ թիվը հասավ 398 հազար եվրոյի»,- գրել է թերթը։

Ստացվում է, որ դատականի համակարգի անկատարության և որոշ «գերարդար» դատավորների սխալ վճիռների պատճառով  բյուջեն մի քանի հարյուր հազար դոլարի վնաս է կրում։ Ո՞վ կարող է ասել, որ սա նույնպես փոշիացում չէ։ Եվ այդ պարագայում, արդյո՞ք չի ենթադրվում, որ ինչ-որ մեկը կամ ոմանք պետք է պատասխանատվություն կրեն։ Իհարկե, դատավորին պատժելը վարչապետի իրավասություններից դուրս է։ Զուգահեռն անցկացրեցինք զուտ պատասխանատվության միտքը շեշտելու համար։ Ընդ որում, ՄԻԵԴ-ի դատավճիռները ոչ միայն ֆինանսական վնաս են պատճառում բյուջեին, այլև բացասաբար են ազդում երկրի իմիջի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս