«Այս ժեստը` որպես շարք ցուցադրելը շատ եմ կարևորում»
Ասում է Լեո-Լեոն
Այս օրերին «Դալան» գալերեայում ցուցադրվում է աբստրակցիոնիստ Լևոն Վարդանյանի (Լեո-Լեո) «Մոնոքրոմ էմոցիաներ» ֆիգուրատիվ նկարչության շարքը: Ընդհանրապես հետաքրքիր է ժամանակակից արվեստագետի տարածությունը. այն որքան անհանգիստ ու որոնող կարող է լինել, նույնքան էլ՝ ներդաշնակ ու ինքնաճանաչողական մոտիվներով արդարացված: «Մոնոքրոմ էմոցիաներ» շարքում նկարիչը ներկայացրել է 10 տարվա վաղեմություն ունեցող` հիմնականում չցուցադրված իր գործերը: Թեև Լեոն հայտնի է իր մինիմալիստական մեդիտատիվ նկարչությամբ, այդուհանդերձ` դիտողի համար իսկական բացահայտում էր կիսաֆիգուրատիվ այս շարքը, որտեղ, ինչպես արվեստաբան Լիլիթ Սարգսյանն է որակում, ներդրված է «կիսա»-ի հաղթահարումը:
«Դալանը շատ հետաքրքիր սրահ է, որտեղ ես պարբերաբար ցուցադրվում եմ: Ժամանակն ինձ համար, պարզեց, որ մոնոքրոմ, ավելի շատ` սև ու սպիտակ գործերն այստեղ ավելի լավ կընկալվեն: Այսինքն՝ տարածքն ինքն էլ ներշնչեց այս շարքը ցուցադրելու համար»,- ասում է Լեո-Լեոն՝ հավելելով, որ 10-12 տարվա վաղեմության գործերը ցուցադրելուն զուգահեռ` նաև ինքն իրեն է բացահայտում: Այլ կերպ ասած՝ հին, չցուցադրված գործերի ցուցադրության ժամանակ նկարիչը համարյա դառնում է հանդիսատես, կողքից է նայում իրեն և կարողանում է օբյեկտիվ գնահատական տալ իրեն` որպես ստեղծագործողի: «Այն էմոցիաները, զգացողությունները, որ ունեցել եմ` արդեն անցել են:
Պարզ է, որ նկարիչը հետ չի գնում, դու անընդհատ փոփոխվում ու շարժվում ես: Էս շարքիս պարտական եմ, այս ժեստը` որպես շարք ցուցադրելը շատ եմ արժևորում: Ես շարքեր էլի ունեցել եմ, որոնք հետաքրքիր են, ուղղակի այն վիճակում, այն տարածքում, որտեղ ես հիմա գտնվում եմ` այս շարքիս շնորհիվ է: Այսինքն՝ կերպարվեստային այն լուծումները, որոնք կային 10-12 տարի առաջ՝ զարգացում ապրեցին: Շարքս նրանով է հետաքրքիր, որ, ամենակոնկրետից մինչև ամենաբացարձակ, ոչ ֆիգուրատիվ որակներ ունի: Մարդիկ, ովքեր ինձ միայն գիտեն մեդիտատիվ մոնոքրոմ գործերով՝ բացահայտում են շատ կոնկրետ ֆիգուրատիվ իմ գործերը, և զարգացումն ակնհայտ է՝ ամենաֆիգուրատիվից` ամենաաբստրակտը: Սրահում մի պատ ունեմ, որտեղ 2010թ.-ի գործերն են, այսինքն՝ մոտեցել եմ ավելի մեդիտատիվին»,- ասում է Լեո-Լեոն՝ իր սև-սպիտակ գործերի առկայության հիմնավորումը կապելով կոնկրետ նկարչի ստեղծագործական տարածության հետ:
Նրա հավաստմամբ՝ երբ նկարիչն իր համար խնդիրներ է ուզում լուծել՝ արհեստականորեն պակասեցնում է նյութերի, գույների քանակը՝ արագ արդյունք տեսնելու համար: Այլ կերպ ասած՝ գույնի խնդիրը վերանում է, քանի որ նկարիչն արագ լուծումներ է ցանկանում տեսնել: Հետևաբար` որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ այն շարքը, փնտրտուքը, ընթացքը, որտեղ էքսպերիմենտների միջոցով ուզում էր ինքն իրեն հասկանալ՝ ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիայի և բավականին լուրջ փուլ, իրավիճակ է եղել իր համար:
Անդրադառնալով շարքի «Մոնոքրոմ էմոցիաներ» խորագրին` Լեոն վստահեցնում է, որ էմոցիան գույնի հետ խնդիր չունի, մոնոքրոմը մետաֆոր է, որը դիտողին միանգամից դնում է կերպարվեստային ֆորմատի մեջ. «Այսինքն, եթե ինքը մոնոքրոմ էմոցիա է՝ արվել է մեծամասամբ մեկ գույնով՝ սև ու սպիտակով: Գույնի խնդիր չկա, ինքը միատոն, մոնոքրոմ է»: Լեո-Լեոյի համար նաև մետաֆոր է արվեստագետի համար անհանգիստ տարածությունը, ընդ որում՝ նրա գործերից մեկը հենց այդպես՝ «Անհանգիստ տարածություն» խորագիրն է կրում: Այլ կերպ ասած՝ տարածության մեջ անհանգստություն փնտրելու միտում չկա:
«Ընդհանրապես այս տիպի նկարչությունը, որն իր մեջ կրում է այդ ցանցը` բոլորը տարածական են: Եվ քանի որ նաև անհանգիստ են՝ որոշ նկարներ իրենց մեջ խտացնում են այդ երկու գաղափարները՝ տարածություն և անհանգիստ մոտիվներ»,- ասում է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր փուլն ավարտելուց հետո նկարիչը զգում է, որ ևս մեկ աստիճան անցավ, և, բնականաբար, առաջանում է ցուցադրվելու ցանկություն:
«Սա արվեստագետի ինքնավերլուծության
ակտ է»
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը` վերլուծելով Լեո-Լեոյի «Մոնոքրոմ էմոցիաներ» շարքը, նկատում է, որ նրա ստեղծագործությունը ճանաչելի է հատկապես իր մինիմալիստական մեդիտատիվ գեղանկարչությամբ: Մինչդեռ, այս անգամ, ավանդույթին ու սովորական տրամաբանությանը հակառակ, Լեոն ոչ թե նոր գործեր է ցուցադրում, այլ իր ստեղծագործության ընթացքը տեսնել է տալիս հետադարձ հայացքով՝ անդրադառնալով և արժևորելով մոտ տասը տարի առաջ արված մոնոքրոմ շարքի գործերը. «Կարող ենք ասել, որ սա արվեստագետի ինքնագիտակցման, ինքնավերլուծության ակտ է: Հակասությունների բախման վրա կառուցված այս շարքն արվեստագետի փնտրտուքի ու ներքին պայքարի արգասիքն է, որն անպատճառ պետք է բերեր իրեն մի նոր հանգրվանի, որտեղ նա կգտներ երջանկությունն ու ներդաշնակությունը:
Տպավորություն է ստեղծվում, թե այս գործերը համակարգչային միջամտությամբ գունազերծված գեղանկարներ են, այնինչ հեղինակը միտումնավոր է հրաժարվել գույնից: Այսօրինակ գունազերծումը մերկացնում է նկարի կառուցվածքը, սևի և սպիտակի կոնտրաստը սրում է նկարի մակերեսին ծավալվող հարաբերությունները: Լեոյի համար, իբրև մի արվեստագետի, ով մեծ նշանակություն է տալիս թե՛ դասական, և թե՛ մոդեռնիստական արվեստին, «ոճը» լեզվամտածողություն է, կամ պատկերի կառուցման սկզբունքը՝ աշխարհայացքի դրսևորում»:
Ըստ արվեստաբան Լիլիթ Սարգսյանի՝ «Մոնոքրոմ էմոցիաների» պատկերագրության մեջ արվեստագետը սինթեզում է կերպարվեստի՝ «ղյոլֆլինյան» որոշ իրարամերժ հիմնատարրեր, որոնք կազմաքանդում են միմյանց. դասական կոմպոզիցիա (ֆիգուրը` հեռանկարի կանոններով կառուցված ինտերիերում), ֆիգուրատիվություն, ծավալ, տարածականություն, միևնույն ժամանակ՝ ուրվագիծ, «ցանց», հարթայնություն, տաշիստական վրձնահարված, և այլն: