Պայթյունավտանգ լռություն
Երեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն իրեն ուղարկված ծանուցագրով ներկայացել է ԱԱԾ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ: Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Օսկանյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ է գնալու միայն այն պատճառով, որ այդպես է պահանջում օրենքը, և ինքն օգտվելու է ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքից: Վ. Օսկանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 և 190 հոդվածների հատկանիշներով, սակայն խափանման միջոց չի ընտրվել: Վերջինը` խափանման միջոցի ընտրության հարցը, այս պահին ամենաինտրիգայինն է:
Բոլորը սպասում են` արդյոք Օսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի՞ կալանքը, թե՞, ասենք, ստորագրությունը բնակավայրից չբացակայելու մասին: Դատելով մինչ այժմ տեղի ունեցած իրադարձություններից` Օսկանյանը կարծես ամեն ինչ անում է, որպեսզի որպես խափանման միջոց ընտրվի կալանքը: Խնդիրն, իհարկե, ցուցմունք չտալը չէ, որի սահմանադրական իրավունքը պարոն Օսկանյանն, իհարկե, ունի: Սակայն ստեղծված իրավիճակում ցուցմունք չտալն ուղղակի նշանակում է` իրավապահ մարմիններին դրդել իրեն կալանավորելու: Ցուցմունք չտալով` Օսկանյանն այլընտրանք չի թողնում: Նա կարող է շաբաթը մեկ կամ մի քանի անգամ ներկայանալ ԱԱԾ և հրաժարվել ցուցմունք տալուց:
Այդ դեպքում ի՞նչ պետք է անի ԱԱԾ-ն, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը: Բնականաբար, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահանջով դատարան դիմելը: Այդ դեպքում Օսկանյանն ու նրա պաշտպանները, ըստ էության, զրկվելու են նաև հակադարձելու հնարավորությունից և չեն կարողանալու հայտարարել, թե նախկին արտգործնախարարը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը, ուստի կալանավորումն արդարացված չէ: Օսկանյանը, փաստորեն, մինչ այս պահը խոչընդոտում է` լռելով: Իսկ ինչո՞ւ է Օսկանյանը ձգտում, որ իրեն կալանավորեն: Հավանաբար, այն հաշվարկով, որ այդ դեպքում գործին ավելի մեծ հնչեղություն կհաղորդվի:
Ասենք` պատգամավորները ստորագրահավաք կկազմակերպեն նրան ազատ արձակելու պահանջով, Գագիկ Ծառուկյանը կհայտարարի, որ պատրաստ է սահմանված գրավի տասնապատիկը վճարել Օսկանյանին ազատ արձակելու համար: Այդ միջնորդությունների մերժման դեպքում ևս մեկ անգամ կհայտարարվի, որ սա քաղաքական հետապնդում է: Իհարկե, ցուցմունք չտալը գուցե Վ. Օսկանյանի պաշտպանների կողմից ընտրված մարտավարություն է: Սակայն, հաշվի առնելով այս գործի հնչեղությունը, քաղաքական երանգավորումը, այդ մարտավարությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ:
Եթե, իհարկե, ինչպես նշեցինք, կալանավորումը ևս չի մտնում մարտավարության մեջ: Խոսքն այդ դեպքում, սակայն, ոչ թե իրավական, այլ քաղաքական մարտավարության մասին է: Անկախ ամեն ինչից` Վարդան Օսկանյանի գործը հազիվ թե երկար ժամանա մնա «կախակայված» վիճակում: Այն թե իշխանության, թե Օսկանյանի կողմից վերածվում է քաղաքական գործընթացների «դետոնատորի», որը պայթելու է հարմար պահի: