Բաժիններ՝

Կենսաթոշակային բարեփոխումներ` արժանավայել ծերության համար

Պարտադիր կուտակային համակարգը վերաբերելու է 16-ից 40 տարեկան աշխատող քաղաքացիներին:

«Կենսաթոշակային բարեփոխումների հիմնական նպատակը մեր հայրենակիցների և հատկապես աշխատող քաղաքացիների համար արժանավայել ծերության ապահովումն է»,- ըատ «Փաստինֆոյի»` ասել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը` հավելելով, որ կան նաև այլ խնդիրներ, որոնք բարեփոխումների արդյունքում իրենց լուծումն են ստանում:

Պետական բյուջեից հիմնական բեռը տեղափոխվում է անձնական պատասխանատվության դաշտ, և աշխատանքային տարիների ընթացքում քաղաքացիներն իրենք են կուտակելու իրենց ապագա կենսաթոշակը, որը ստանալու է պետական կենսաթոշակին ի լրումն: Այսինքն` պետական կենսաթոշակից բացի քաղաքացիները կստանան նաև լրացուցիչ այն կենսաթոշակը, որը կկուտակեն իրենց աշխատած տարիների ընթացքում:

Պարտադիր կուտակային համակարգը, որը կներդրվի 2014 թվականից, վերաբերելու է 16-ից 40 տարեկան աշխատող քաղաքացիներին, այսինքն` կոնկրետ պարտադիր համակարգին միանալու են մինչև 40 տարեկան անձինք:

«Յուրաքանչյուր ամիս պետք է կատարվեն կուտակումներ քաղաքացու անձնական հաշվին իրենց իսկ աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը կվճարեն քաղաքացիները, իսկ մյուս 5 տոկոսը կվճարի կառավարությունը»,- նշել է Արտակ Ղազարյանը:

Այն հարցին, թե քաղաքացիները կարող են հետևել իրենց հաշվին կուտակված գումարի չափին, Արտակ Ղազարյանը պատասխանել է. «Միանշանակ: Ամբողջ համակարգը մշակվել է թափանցիկության սկզբունքի հիման վրա, աշխատող քաղաքացիները կունենան իրենց կենսաթոշակային հաշիվը, որը մատչելի կլինի ամբողջ տեղեկատվության առումով:

Բացի այդ, շատ կարևոր է, որ քաղաքացիները տիրապետեն որոշակի ֆինանսական գիտելիքների, որպեսզի կայացնեն տեղեկացված որոշումներ` հատկապես իրենց հաշիվը կառավարելիս, ֆոնդերի և ակտիվների կառավարիչների ընտրությունը կատարելիս և այլն: Տեղեկացված որոշումներ կայացնելը կարևոր է նոր կենսաթոշակային համակարգը առավելագույնս իրենց բարեկեցությանը ծառայեցնելու և առաջարկվող բազմաբնույթ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս