Ձեռնմխելի ու անտեր մանդատ
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը քննարկվեց ու քննարկվում է առավելապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների տիրույթում, առաջիկա ընտրություններում այս երկու ուժերի համագործակցության կամ հակադրության տեսանկյունից: Դա բնական է այնքանով, որ նշված ուժերից մեկը՝ իշխանական, մյուսը` նախկին իշխանական, ներկայումս ԱԺ-ում թվով երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցություն է: Բայց այս քննարկումներին կողքից հետևողը կարող է տպավորություն ստանալ, թե Հայաստանի քաղաքական դաշտի կառուցվածքը նշված երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի առանցքների շուրջ է, և այլ քաղաքական միավորներ Հայաստանում չկան:
Խնդիրն այն է, սակայն, որ այդ տպավորությունն աստիճանաբար վերածվում է իրողության: Այլ քաղաքական ուժեր Հայաստանում, իհարկե, կան, բայց այսօր կատարվող գործընթացների համապատկերում այդ ուժերը վերածվել են նշված երկու բևեռներից` ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից որևէ մեկին սպասարկող միավորների: Տվյալ դեպքում, խոսքը ոչ այնքան իշխանական և ընդդիմադիր համարվող ուժերի միջև «դավադրությունների», «ստվերային գործարքների» (որոնց մասին գնալով ավելի հաճախ են խոսում, ու որոնք, իհարկե, տեղ ունեն մեր քաղաքական կյանքում), այլ օբյեկտիվ իրականություն դարձած քաղաքական իրողության մասին է: Իշխանությունները` միայնակ կամ ԲՀԿ-ի հետ, կարողացան այնպես անել, որ մինչև վերջերս Հայաստանի քաղաքական կյանքում գործոն համարվող ընդդիմությունը` առանձին-առանձին կուսակցությունները կամ բոլորը միասին, դադարեն այդպիսին համարվելուց:
Անկախ նրանից՝ իրակա՞ն են ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, թե՞ թատերականացված ներկայացում` երկու դեպքում էլ մնացած ուժերը ոչ թե սեփական քաղաքականություն են իրականացնում, այլ իրենց գործողությունները պայմանավորում են նախկին կոալիցիոն գործընկերների քայլերով:
Ասենք, ՀԱԿ-ն ու Դաշնակցությունն ուղղակի կամ անուղղակի սպասարկում են ԲՀԿ-ին, «Ժառանգությունը», եթե ոչ ուղղակի, ապա նշված դասավորության մեջ ԲՀԿ-ին չսպասարկելու իմաստով՝ սպասարկում է ՀՀԿ-ին: Նշված ուժերից յուրաքանչյուրն իր հիմնավորումներն ունի, յուրաքանչյուրի անդամները կարող են ժամերով խոսել այն մասին, որ ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ի հետ «տակից խաղալով»՝ իրենք իրականացնում են իրենց նպատակները` այն է, Հայաստանի Հանրապետության բարգավաճումն ու զարգացումը, ժողովրդավարության կայացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը:
Բայց դրանից իրավիճակն ամենևին չի փոխվում: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` պայմանավորված կամ իրար հակադրվելով, գնում են դեպի նախագահական ընտրություններ, իսկ մյուսները սպասում են նրանց գործողություններին` իրենց անելիքները որոշելու համար:
Ու այս դեպքում երկրորդական է դառնում հարցը` վերջում ի՞նչ կպարզվի` ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները թատերականացվա՞ծ էին` քաղաքական դաշտն ընդդիմությունից մաքրելու համար, թե՞ իրական: Երկու դեպքում էլ արդյունքը գրեթե նույնն է: Եթե հակասություններն իրական էին, նախագահական ընտրություններում կհաղթի երկու ուժերից մեկը` ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն` սեփական կամ «փոխառնված» թեկնածուով: Եթե հակասությունները իշխանական սցենարի արդյունք են, կհաղթի Սերժ Սարգսյանը` ԲՀԿ-ի հետ կիսելով իշխանությունը: Կամ՝ առանց կիսելու:
Պետության, հասարակության շահի տեսանկյունից գրեթե տարբերություն չկա, թե այս տարբերակներից որ մեկը կգործի և ով կհաղթի ընտրություններում: Քանի որ, գլոբալ առումով, հաղթելու է այն իշխանությունը, այն մտածողությունն ու արժեքային համակարգը, որը Հայաստանը հասցրել է ներկայիս վիճակին:
Այս իմաստով, եթե Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու Գլխավոր դատախազի միջնորդությամբ վերջինս զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա նաև այդ գործընթացում ներգրավվածությամբ ընդդիմադիր ուժերը զրկվեցին իրենց մանդատից: Ոչ միայն տիտղոսային, այլև իրական ընդդիմադիր լինելու մանդատից: Այդ մանդատն այսօր նույն ընդդիմադիրներից շատերը` ՀԱԿ-ի գլխավորությամբ, սկուտեղի վրա մատուցում են ԲՀԿ-ին, որը դեռևս չի շտապում կամ չի համարձակվում վերցնել այն: Ի տարբերություն պատգամավորական մանդատի, ընդդիմության մանդատը ձեռնմխելի է և, փաստորեն, անտեր: